Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերտերությունների ղեկավարների հղումները առ միջնորդների դրական գնահատականները ֆորմալ բնույթ ունեն

Մարտ 06,2013 11:56

Երեկ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։ Ինչպես եւ մնացած գերտերությունների ղեկավարները, Քեմերոնը եւս իր շնորհավորական ուղերձում հիշատակում է միջազգային դիտորդների դրական գնահատականները՝ ընդգծելով. «Այս գնահատականը հատկապես ողջունելի է, քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները»։

Նկատենք, որ այս ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին ուղղված գրեթե բոլոր շնորհավորական ուղերձներում աչքի է զարնում ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդների գնահատականները որպես «վերին ատյանի ճշմարտություն» ներկայացնելու միտումը։ Սա բավականին տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդները դեռեւս չեն հրապարակել իրենց վերջնական զեկույցն ու չեն հնչեցրել իրենց լիարժեք գնահատականը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ասել է թե՝գերտերությունների ղեկավարների հղումները առ միջնորդների դրական գնահատականները իրականում ֆորմալ բնույթ ունեն, եւ Սերժ Սարգսյանին շնորհավորել-չշնորհավորելու որոշումը կայացվում է բոլորովին այլ քաղաքական հաշվարկների արդյունքում։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդներին, նկատենք, որ այդ ինստիտուտը բավականին անհասկանալի եւ երկիմաստ դերակատարություն է ունենում Հայաստանի վերջին առնվազն երեք համապետական ընտրություններում։ Որպես առավել թարմ օրինակ հիշենք մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, երբ նշված դիտորդական առաքելության հրապարակած նախնական եւ վերջնական զեկույցներում տրված գնահատականները գրեթե հակասում էին միմյանց։ Եթե նախնական զեկույցում գերակշռում էին ընտրական գործընթացի բարելավման եւ առաջընթացի մասին ձեւակերպումները, ապա արդեն վերջնական զեկույցն այն աստիճան չոր էր եւ ոչ բարենպաստ, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ստիպված եղավ միջնորդական առաքելության ղեկավարին հրապարակավ մեղադրել անձնական կանխակալ վերաբերմունքի մեջ։ Դրանից, սակայն, ոչինչ չփոխվեց, եւ որեւէ պետության ղեկավար հետ չվերցրեց ՀՀԿ առաջնորդին ուղղված շնորհավորանքը։ Ըստ ամենայնի, նույնը կլինի նաեւ այս անգամ։ Ու թեեւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ միջնաժամկետ զեկույցում միջնորդներն արդեն իսկ մտահոգություն են հայտնել «ընտրական գործընթացի վստահելիության կապակցությամբ», իսկ վերջնական զեկույցում նրանց այդ մտահոգությունները, ըստ ամենայնի, էլ ավելի ընդգծված կլինեն, կասկածից դուրս է, որ դրանից ոչինչ չի փոխվի։ Ոչ Բ. Օբաման, ոչ Ֆ. Օլանդը եւ ոչ էլ, առավել եւս՝ Վ. Պուտինը, իրենց շնորհավորանքները չեղյալ չեն անի, ինչքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց կոչ անի «դադարեցնել ամոթալի ճանաչումները»։

Միեւնույն ժամանակ, եվրոպական դիտորդների վերջնական զեկույցում առկա քննադատությունը ԵՄ-ն կօգտագործի Հայաստանի իշխանություններին խոստացված 1,5 դոլարի աջակցությունը չտրամադրելու համար։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031