Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ նախաահ Սենիկ Ջուլհակյանը, որը տուժող է ճանաչվել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով: Սակայն տուժողի բացակայությունը չխանգարեց, որպեսզի շարունակվի դատական նիստը եւ հարցաքննվեն քրեական գործով դատարան ներկայացած վկաները:
«Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր մասնագետ, վկա Օֆելյա Գրիգորյանը դատարանում հայտնեց, որ անցյալ տարվա ապրիլի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում իրենք հավաքվել են ինստիտուտի մուտքի դիմաց (գտնվում է Մոսկովյան 33 հասցեում), որպեսզի գնան «Հենարան» ակումբ՝ մամուլի ասուլիսի: Ըստ այդ վկայի, ասուլիսի պատճառն այն էր, որ նախորդ օրը Հմայակ Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներով իրենց ընկերության ղեկավարին ժուլիկ, խաբեբա էր անվանել: Վկան հայտնեց, որ Հմայակ Հովհաննիսյանը միայնակ գալիս էր ինստիտուտի շենք (առաջին հարկում գտնվում է քաղաքագետների միության գրասենյակը) եւ երբ տեսավ իրենց հավաքված՝ «մտավ կողքի պադյեզդը, վախեցավ»: Ըստ այդ վկայի, անձամբ ինքը մոտեցել է Հմայակին, հրավիրել, որպեսզի իրենց հետ գնա մամուլի ասուլիսի: «Նա մեծ սիրով համաձայնեց, սակայն հետո սկսեց վիրավորել կանանց, ասելով՝ «Լֆիկի վարձու կանայք եք»: Ըստ վկայի, Սենիկ Ջուլհակյանը կանգնած էր Հմայակի աջ կողմում, փորձում էր նրան թղթեր ցույց տալ, իսկ այդ ընթացքում Հմայակը ձախ ձեռքով զանգում էր դռան զանգը: Ըստ այս վկայի, դուռը բացելը համընկավ Հմայակի աջ ձեռքով Ջուլհակյանին հրելու, նրա ընկնելու եւ մատերը վնասելու հետ:
Պատասխանելով մեղադրողի, դատավոր Գագիկ Պողոսյանի, Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Գեորգի Գուլքանյանի հարցերին, վկան ասաց, որ իրենք չեն խոչընդոտել Հմայակ Հովհաննիսյանի տեղաշարժը, նրա դուռը չէին կարող փակել եւ որ Սենիկ Ջուլհակյանն էլ Հմայակից պահանջել է, որպեսզի ներողություն խնդրի կանանցից:
Հաջորդ վկայի՝ Օֆելյա Ղարիբյանի ցուցմունքը էապես տարբերվեց նախորդից: Նա պնդում էր, որ Սենիկ Ջուլհակյանին հրել է Հմայակ Հովհաննիսյանը, ինչի հետեւանքով նա ընկել է, մատը կպել գետնին, վնասվել. «Նա ուժեղ քաղաքագետ է, գիտի ինչի համար է հրել»,- ասաց վկան, երբ մեղադրողը փորձեց իմանալ, թե ինչի համար է Հմայակը հրել տուժողին: Այս վկան էլ պնդում էր, որ դուռը բաց է եղել, եւ Հմայակը ձախ ձեռքով է հրել Սենիկ Ջուլհակյանին: Վկան այնքան խառնեց տուժողի եւ ամբաստանյալի դիրքերը, որ դատավոր Գագիկ Պողոսյանը «փորձարարություն» կազմակերպեց հենց նիստերի դահլիճում. դատական կարգադրիչը «դարձավ» Հմայակ Հովհաննիսյանը, իսկ կին վկան «դարձել» էր Սենիկ Ջուլհակյան: Վկան մինչեւ վերջ պնդեց, որ Հմայակ Հովհաննիսյանը գտնվել է ձախ կողմում: Դատարանում այս վկան հայտնեց, որ մեկ տարի է անցել իր ցուցմունք տալուց, եւ կապված տարիքի հետ, գուցե ինչ-որ բաներ չի հիշում: Դա պատճառ եղավ, որպեսզի դատարանը հրապարակի նրա նախաքննական ցուցմունքները: Ի դեպ, այս վկան քաշքշոցի ժամանակ նույնպես վայր էր ընկել եւ, իր ասելով՝ վնասել ոտքը:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ