Լրահոս
Օրվա լրահոսը

Դե էպոսը հիմա դու տես

Մարտ 06,2013 11:04

Երեկ իրադարձությունները հայաստանյան ներքաղաքական կյանքում զարգացան բավական անսպասելի ընթացքով: Ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը նախագահական ընտրություններում առաջադրված էր որպես թեկնածու: Վարդան Սեդրակյանը երեկ կալանավորվել է՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործի շրջանակներում: 

Վարդան Սեդրակյանի մասին այս գործի շրջանակներում սկսել էին խոսել այն բանից հետո, երբ կալանավորվեցին Հայրիկյանի վրա կրակողները կամ այսպես ասած` նրանք, ում կասկածում էին նման բանի համար: Ձերբակալվածները խոստովանել էին, որից հետո էլ պարզվեց, որ նրանք եղել են Վարդան Սեդրակյանի տունը վերանորոգողները: Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ մի օր իրեն էլ կձերբակալեն, ընտրություններից հետո: Եվ ահա էպոսագետ նախկին նախագահի թեկնածուն ձերբակալված է: Սակայն ակնհայտ է, որ Պարույր Հայրիկյանի գործը այսքանով ոչ թե մոտենում է ավարտին, այլ երևի թե նոր միայն մտնում է ամենաթեժ և հետաքրքրական զարգացումների փուլ: Խնդիրն այն է, որ այս փուլում զարգացումները կարող են և հրապարակային չլինել, այսինքն` սկսվեն կուլիսային գործընթացներ Հայրիկյանի մահափորձի պատմության վրա:

Բոլոր դեպքերում, հետընտրական զարգացումներում տեղի են ունենում իսկապես հետաքրքրական իրադարձություններ: Նախընտրական շրջանում Պարույր Հայրիկյանի անսպասելի մահափորձը որոշակի շեղումներ առաջացրեց նախընտրական ընթացքից, ինչը թեկնածուներից մեկին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, ոը հետագայում պետք է երկրորդ տեղը զբաղեցներ, հիմք տվեց հայտարարելու, որ մահափորձը հարված էր իրեն, քանի որ իր ժողովրդականությունն աճում էր, իսկ մահափորձի արդյունքում հասարակական ուշադրությունը շեղվեց այդ ուղղությամբ:

Հետընտրական զարգացումներում էլ շատ հետաքրքրական վիճակ է ստացվում, և Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է բոլոր հիմքերն ունենալ հայտարարելու, որ այս անգամ էլ մահափորձի գործով ձերբակալությունը նպատակ ունի շեղել հասարակական ուշադրությունը իր հետընտրական պայքարից: Ինքնին էպոսագետի ձերբակալությունն, իհարկե, չի կարող երկար ժամանակով շեղել ուշադրությունը, սակայն հենց այդ կուլիսային զարգացումները, որ անկասկած կլինեն, որ չեն կարող չլինել, ամենայն հավանականությամբ կբերեն հետաքրքրական շարունակության: Իսկ դրանք չեն կարող չլինել, որովհետև միամիտ կլինի կարծել, որ Վարդան Սեդրակյանն է Հայրիկյանի մահափորձի հետևում, և եթե անգամ իրավապահների կասկածները հիմնավոր լինեն նրա առնչության մասով, ակնհայտ է, որ այդ ամենի հետևում, անշուշտ, կան այլ ուժեր, ինչի մասին արդեն իսկ հասցրել է հայտարարել նաև Պարույր Հայրիկյանը` մեկնաբանելով Սեդրակյանի ձերբակալությունը:

Ինչպես հայտնի է, Պարույր Հայրիկյանը մահափորձից անմիջապես հետո հայտարարել էր, որ իր դեմ կրակել է ԿԳԲ-ն: Դժվար է պատկերացնել, որ Վարդան Սեդրակյանն է ԿԳԲ-ն: Ընդհանրապես այս ամբողջ պատմության մեջ շատ բաներ է պատկերացնելը դժվար, և երևի թե Հայրիկյանի գործը բավական երկար ժամանակով դառնալու է հայաստանյան ներքաղաքական զարգացումների Պանդորայի արկղը:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031