Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահ Չավեսին քաղցկեղով վարակելու մեջ մեղադրել է «երկրի թշնամիներին»
Քաղցկեղի հետ երկարատև պայքարից հետո 58 տարեկան հասակում վախճանվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Այս մասին Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ երեքշաբթի օրը հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, որը հորդորել է Վենեսուելայի ժողովրդին ցուցաբերել ուժ ու միասնություն, լինել միավորված և ի կատար ածել «այս մեծ առաջնորդի սպասումները»:
Ուգո Չավեսը մինչև Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս մեկ ամիս առաջ վերադառնալը բուժում էր անցնում Կուբայում: Պաշտոնյաների համաձայն, Կարակասի ռազմական հիվանդանոցում ուժեղ քիմիաթերապիայի բուժում անցնելուց հետո նա վարակվել էր:
Չավեսը տառապում էր կոնքի քաղցկեղով, և անցյալ տարվա դեկտեմբեր ամսից ինքը հանդես չէր եկել հրապարակային ուղերձներով, ինչպես նաև բաց է թողել հունվար ամսվա վրա նշանակված երդմնակալության իր արարողությունը:
Վենեսուելայի փոխնախագահ Մադուրոն երեքշաբթի օրը նախագահ Չավեսին քաղցկեղով վարակելու մեջ մեղադրել է «երկրի թշնամիներին», սակայն հստակ չի նշել, թե ով կարող էր կատարել դա:
Վենեսուելայի իշխանությունները երեքշաբթի օրը երկրից վտարել են ԱՄՆ-ի երկու դիվանագետի՝ մեղադրելով վերջիններիս երկրի զինված ուժերի ծառայողների հետ հանդիպում անցկացնելու և կառավարությունն ապակայունացնելու դավադրություն նախապատրաստելու մեջ:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»