Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը Լոռու աղբահանության ոլորտում թերություններ է հայտնաբերել

Մարտ 05,2013 20:57

Մարզի գրեթե բոլոր բնակավայրերում աղբահանությունն իրականացվում է սանիտարական նորմերի խախտումներով:

Լոռու մարզի աղբահանության ոլորտում թերություններ կան ոչ միայն  սանիտարական նորմերի պահպանության առումով, այլ նաեւ փաստաթղթային: Փաստն արձանագրվել է վերջերս ՀՀ վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների արդյունքներով:

«Շատ դեպքերում պարզ է դարձել, որ համայնքների ֆինանսական միջոցներն իսկապես չեն բավարարում պատշաճ աղբահանություն իրականացնելու համար:Եթե խնդիրը դժվարություն է առաջացնում մեծ քաղաքներում, ինչ խոսք կարող է լինել գյուղական համայնքների մասին: Սակայն պետք է հստակորեն գիտակցենք, որ աղբահանությունը համայնքների  ղեկավարների լիազորությունների շարքին  է դասվում: Լոռու մարզը, լինելով արդյունաբերական մարզ, բնապահպանական խնդիրներ ունի ոչ միայն արդյունաբերության հետ կապված, այլեւ աղբահանության: Ունենք միջհամայնքային ճանապարհներ, որոնք ամբողջությամբ պատված են աղբով: Սա խնդիր է, որի նկատմամբ պետք է լուրջ ուշադրություն ցուցաբերենք, ծրագրեր մշակենք, այլապես  ինչ խոսք կրող է լինել տուրիզմի` որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղի զարգացման մասին»,- խնդրի շուրջ այսօր ՀՀ Լոռու մարզպետարանում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրության համաձայն` խախտվել են ոչ միայն բնապահպանական նորմեր, այլեւ հաշվառման տվյալները չեն արտացոլում առկա աղբավայրերի իրական պատկերը: Ավելին` Լոռու մարզի 83 գյուղական համայնքներ ընդգրկված չեն թափոնների հավաքման ծառայությունում: Բնակչության շուրջ  36 տոկոսը չի օգտվում աղբահավաքման ծառայությունից: Քաղաքային բնակավայրերում իրականացվող սանիտարական եւ աղբահավաքման ծառայությունը ընդգրկում է 89  տոկոսը:

«Լոռու մարզի գրեթե բոլոր բնակավայրերում աղբահանությունն իրականացվում է սանիտարական նորմերի խախտումներով»,-տեղեկացրեց նաեւ Լոռու մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության պետական տեսչության պետ Կարինե Միրզոյանը:

Առկա խնդրին լուծում տալու համար Արթուր Նալբանդյանն առաջարկեց համագործակցել բնապահպանական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ համայնքի ղեկավարներին հորդորեց ուղիներ փնտրել` խնդիրներին լուծում տալու համար` նշելով, որ այս հարցում պետական աջակցություն եւս կլինի: «Աղբահանություն իրականացնելը մեծ ֆինանսական միջոցներ չի պահանջում, մինչդեռ աղբավայր, տեխնիկա ձեռք բերելը իսկապես հնարավոր չէ առանց ֆինանսական աջակցության: Պետական աջակցություն անպայման կլինի, ներկայումս քննարկման  փուլում են աղբահանության հետ կապված բոլոր խնդիրները եւ հանրապետության մասշտաբով լուրջ ռազմավարական ծրագրեր են մշակվում»,- եզրափակեց մարզպետը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ա դե ասա ձեր գործով զբաղվեք էլի: 83 համայնքներում բա ինչ է կատարվում? Իսկ ամռանը? Հո մենք Աֆրիկայի ինչ-որ երկիր չենք? Պիտի անպայման Երևանից գան, տեսնեն, կարգադրեն: Փաստորեն եթե միջազգային կազմակերպությունները չօգնեն կորած ենք էլի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031