Նկարիչ, դերասան Վարդան Պետրոսյանն այսօր հանդիպել է դասադուլավոր երիտասարդների հետ: Նրանց խորհուրդ տվել պայքարել կազմակերպված:
«Իմ կարծիքով, ուսանողները բոլոր բուհերում կարող են կազմակերպել «բարեւ» խմբակներ: Դրանք պետք է իրար հետ կապված լինեն: Պոլիտեխնիկի «բարեւը» շատ լավ պետք է ճանաչի մանկավարժականի բարեւին, Կիրովականի մանկավարժականի «բարեւին»: Միմյանց տեղյակ պահեն իրենց աշխատանքների մասին: Եթե ուզում եք ինչ-որ բան անել, պետք է լինեք կազմակերպված»,- այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Պետրոսյանը:
Նա նաեւ պատմեց, թե ինչ հաջող ավարտ են ունեցել իր ուսանող տարիների կազմակերպված դասադուլները, որոնք ուսանողների կոնկրետ խնդիրներին լուծում տալու նպատակ են ունեցել, բայց չեն խանգարել ուսման գործընթացին. «Դասադուլի պարագայում պետք է հարց տալ՝ արժե՞ ուսման գործընթացը ջարդել, կոտրել ուսանող լինելու կարգավիճակը, թե՞ արժե, երեխեք ջան, շատ սովորել: Դասախոսը էսքան տվեց, երկու էդքան սովորեք, 2 գիրք էլ ավելի կարդացեք… դուք պետք է սովորեք, չարչարվեք, լեզուներ սովորեք ու մտնեք ուսման գործընթաց, որ վաղը երկիրը կառուցեք… Մտավորականներն ո՞ւր են, չեմ ուզում մտավորականներին անպատվեմ, բայց ոչ մեկը ելք չի առաջարկում, որովհետեւ չգիտի՝ ինչ անել, չունի ուսում, այդ կրթությունը, քչերը միայն, բայց դա քիչ է: Դրա համար դուք պետք է սովորեք… Քարուքանդ է եղել Հայաստանում ուսման գործընթացը: Եթե դուք էլ չսովորեցիք, նմանվեցիք նրանց, որոնք չեն գալիս ուսման եւ դիպլոմներ են ստանում եւ գալիս ղեկավարման, վայը մեզ տարավ: Ինչ խոսք, դասադուլավորների դեմ բերել դասադուլաբեկների՝ շատ անբարո է»:
Նա ուսանողներին խորհուրդ տվեց պայքարել օրինական դաշտում. «Հենց մտաք իրենց խաղի մեջ, դուք պարտվելու եք, երբեք իրենց խաղի մեջ չմտնեք, իրենց լեզվով չխոսեք»:
Կարդացեք նաև
Պարոն Պետրոսյանը թույլ չտվեց հանդիպումը տեսաձայնագրել, ասաց՝ «ինչպես Լեւոնը կասեր «կազմաքանդվում եմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ