Տեղի ունեցավ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Կանանց լիդերության դպրոցների շրջանավարտների երրորդ հանրապետական հանդիպում-համաժողովը:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Կանանց լիդերության դպրոցների շրջանավարտների այսօր տեղի ունեցած երրորդ հանրապետական հանդիպում-համաժողովին մասնակցում էին Ասոցիացիայի մասնաճյուղերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների կին լիդերներ և ակտիվիստներ, որոնք 2000-2013 թթ. ընթացքում սովորել և ավարտել են Երևանի Կանանց լիդերության դպրոցի «Բարձրագույն քաղաքական դասընթացը» և մարզերում գործող Կանանց լիդերության դպրոցների «Հասարակական գործունեության կազմակերպիչ» դասընթացները:
Հանդիպման-համաժողովի ընթացքում դպրոցի շրջանավարտները հնարավորություն ունեցան ներկայացնել, թե ինչպես են դպրոցում ձեռք բերած գիտելիքները նպաստել հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպմանը և հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Կանանց քաղաքական մասնակցությանը և պատասխանատվության բարձրացմանը զգալիորեն նպաստում է ոչ ֆորմալ և շարունակական կրթության համակարգը:
Ազգային ժողովի պատգամավոր Ռուզան Մուրադյանը նշեց, որ կանանց ակտիվ մասնակցությունը կարևոր է բոլոր ոլորտների համար: Կանանց լիդերության դպրոցները նպաստում են կանանց ինքնարժեքի բարձրացմանը և այժմ այդ դպրոցի ներկայացուցիչները բարձր դիրքեր են գրավում, օրինակ, նրանցից մեկն է Սպիտակի փոխքաղաքապետը:
Կարդացեք նաև
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ կանայք իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին նախաձեռնողներին՝ ընձեռած հնարավորությունների համար և հանդես եկան առաջարկությամբ. Կանանց լիդերության դպրոցներ բացել նաև բարձրագույն կրթություն չունեցող կանանց համար: Նրանց կարծիքով՝ շատերն ունեն այդ դասընթացների կարիքը անկախ կրթական մակարդակից:
Երրորդ հանրապետական հանդիպման-համաժողովի ժամանակ վկայականներ ստացան եւս 36 մասնակից, եւ նրանց թիվը գնալով մեծանում է:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ