«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց. «Բոլորին հուզում է այն, թե այսպես ինչպես ենք հասնելու հաղթանակի ամրագրմանը: Շահարկվում է ոմանց կողմից սա: Բոլոր նրանց, ովքեր շահարկում են ծրագիր չլինելու հանգամանքը, մեզ ուզում են շեղել այն քայլից, որը կատարվել է փետրվար 18-ին: Մենք բոլորս առանձին-առանձին սուսուփուս մտանք տեղամաս, կատարեցինք որոշում, մենք չգնացինք Բաղրամյան 26, հացադուլ չարեցինք, նստացույց չարեցինք, բայց հաղթեցինք: Փետրվարի 18-ն մենք բոլորս փոխեցինք վիճակ, խանգարեցինք իշխանության ստեղծած ճահճի անդորրը կամ քրեաօլիգարխիկ համակարգի անդորրը, իշխանությանը եւ նրա թեկնածուին դրեցինք փոքրամասնության մեջ: Մենք չպետք է անենք այն, ինչը արդեն փորձել են անկեղծորեն նախորդ բոլոր շարժումները, բայց դա այլ տեղ է տարել: Մենք պիտի կատարենք քայլեր, որոնք վիճակ են ստեղծում իշխանությունների համար: Իշխանությունը գործում է օրենքից դուրս եւ օրենքին անհնազանդ: Եթե թույլ տվեցինք, որ այս դիմակայության առանցքը փոխվի ժողովուրդ-իշխանություն առանցքից, ապա այդ դեպքում այո, մենք պարտվելու ենք: Եթե ժողովուրդը չկոտրվեց, այսպես պոզիտիվ բարի պայքարեց, որոշեց, որ մենք հաղթանակը չենք զիջելու, ապա հաղթելու ենք, որովհետեւ սա նյարդերի պայքար է: Կպարտվի նա, ում նյարդերը տեղի տվեց»:
Ստյոպա Սաֆարյանի ելույթից հետո բարձրախոսին անակնկալ մոտեցավ Ռուբեն Հախվերդյանը եւ ամենայն լրջությամբ հայտարարեց. «Եկեք մի րոպե լռությամբ հարգենք մեր քաղաքական դիակների հիշատակը: Նրանք իրոք քաղաքական դիակներ են: Եթե իրոք ամոթ ու աբուռ ունենային, վաղուց հրաժարական էին տվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև