Իզաբելլա Աբգարյանը հանրահավաքին գուշակում է իշխանության մտքերը
«Իշխանությունները հիմա իրենց տաքուկ աշխատասենյակներում նստած վստահ եմ, հետեւում են հանրահավաքին եւ մտածում՝ այս ցրտին ու ձյանը այս ժողովուրդը եկել է այստեղ որ ի՞նչ անի: Պատասխանենք, մենք այստեղ ենք, որ պետություն ստեղծենք, որովհետեւ դուք չկարողացաք ստեղծել: Այս երկիրը մե՛րն է: Հայաստա՛ն»,- Ազատության հրապարակում հայտարարեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:
Ըստ նրա, հիմա իշխանություններն ուզում են իմանալ, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցներն ինչ ծրագրեր ունեն. «Կասենք՝ մենք պետականամետ նպատակ ունենք, այստեղ ենք կառուցելու երկիր, որտեղ կեղծարարները, օրինախախտները բանտերում են լինելու, իսկ անարդարացի դատապարտվածները բանտերում չեն լինելու: Մենք կառուցելու ենք երկիր, որտեղ բոլորը հավասար են ՀՀ օրենսդրության առջեւ: Մենք այստեղ ենք, որ ՀՀ քաղաքացին կարողանա քրտինք թափելով հոգա իր ընտանիքի հոգսերը եւ չթողնի հեռանա երկրից: Այստեղ ենք, որ մեր ճարտարապետական հուշարձանները աչքի լույսի պես փայփայենք: Ստեղծելու ենք երկիր, որտեղ մեծամասնությունը ոչ թե կոճակներ է սեղմելու՝ կատարելով ներքին եւ արտաքին պատվերներ, այլ ընդունի օրենքներ՝ ի բարօրություն Հայաստանի պետականության: Գործադիրն ու օրենսդիրը կլինեն անկախ իրարից եւ չեն ղեկավարվի մեկ կենտրոնից՝ Բաղամյան 26-ից: Մենք անպայման մաքրելու ենք ասպարեզը այս հեգնող պարոններից եւ տիկնանցից»:
Անդրադառնալով հանրահավաքին ներկա ոստիկաններին՝ նա շնորհակալություն հայտնեց նրանց՝ ասելով. «Մեզ կարգուկանոնի կոչ մի արեք, մենք կարգապահ ենք: Մենք այստեղ ենք նրա համար, որ հպարտորեն դուք կրեք ձեր ուսադիրները: Մենք ձեզ սիրում ենք եւ ձեզ բերելու ենք այդ Հայաստանը, որ դուք էլ հեշտությամբ կատարեք ձեր պարտականությունները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ