Ի պատասխան 04.03.2013թ հրապարակված «Ամեն ինչ արվել է, որ «Էթնա» ռեստորանի սպանության գործը չբացահայտվի» հոդվածի
Ուշադրությամբ ծանոթացա իմ հարգելի գործընկեր, փաստաբան Վարդուհի Էլբակյանի կողմից տպագրված հոդվածին և ստիպված եմ փաստել, որ նրա ներկայացրած փաստարկները և եզրահանգումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, և նպատակը նույնն է՝ արհեստական հասարակական հնչեղություն հաղորդել գործին և թյուր կարծիք ստեղծել ընթերցողների մոտ:
Տիկին Էլբակյանի նախորդ հոդվածի վերաբերյալ իմ պատասխանում մանրամասն անդրադարձել եմ քր. գործի հանգամանքներին, այդ իսկ պատճառով հիմա ցանկանում եմ անդրադառնալ քր. գործով ՀՀ քր. օր-ի 258հ. 3-րդ մասի 1-ին կետով անձանց անհիմն մեղադրանք առաջադրելու և կալանավորելու հանգամանքներին: Իմ պաշտպանյալ Սերգեյ Հարությունյանը նշված 4 անձանցից մեկն է: Վիճաբանությունը սկսվել է հենց Ս. Հարությունյանի և հանգուցյալ Արսեն Շահբազյանի և Սերգեյ Աբովյանի միջև ավտոմեքենաների բախման հետևանքով: Ս. Աբովյանը և Ա. Շահբազյանը եղել են հարբած վիճակում, իսկ Ա. Շահբազյանը նաև թմրանյութի ազդեցության տակ, և դժվար չէ պատկերացնել, թե նրանք ինչպիսի վարքագիծ են դրսևորել դեպքի ընթացքում:
Վ. Էլբակյանի կողմից մատնանշված առաջին 3 անձինք վիճաբանությանը ընդհանրապես ներկա չեն գտնվել և որևէ մասնակցություն չեն ունեցել, հետևաբար և պատահական չէ, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քր. գործն ամբողջությամբ և մանրամասն ուսումնասիրությունից հետո, ցուցում է տրվել փոխել այդ անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները և կալանքից ազատ արձակել:
Ինչ վերաբերվում է իմ պաշտպանյալին, ապա նրա արարքում ևս բացակայում է խուլիգանության հանցակազմը՝ հիմք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային 2 որոշումները, և նրան ևս անհիմն մեղադրանք է առաջադրվել, և սակայն 4 ամիս անհիմն պահել են կալանքի տակ, և միայն վերջերս է կալանքը փոխարինվել գրավով և ազատ արձակվել կալանքից: Թե ովքեր են պատասխանատու անհիմն մեղադրանք առաջարկելու և կալանավորելու համար, դեռ պարզ չէ: Իմ խորին համոզմամբ միայն անհիմն բողոքներով, գանգատներով հնարավոր չէ ապահովել քր. գործի օբյեկտիվ լուծումը, կոծկել միջադեպի յուրաքանչյուր անձի գործողությունները, հանցավորությանը ռեալ գնահատական տալը և տուժողներին միայն անմեղ զոհ ներկայացնելը: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի եզրահանգումներ կատարել միայն քննությամբ ձեռք բերված օբյեկտիվ փաստարկների հիման վրա, այդ թվում և դեպքի վայրից հայտնաբերված հաշիշի վերաբերյալ:
Ս. Հարությունյանի պաշտպան Հովհաննես Հարությունյան