Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի օդանավակայանի գործարկման հարցը կրկին օրակարգում է

Մարտ 05,2013 17:24

Մայրաքաղաքից հեռու գտնվող Կապան քաղաքում գրեթե միշտ օրակարգում է եղել մարզկենտրոնի օդանավակայանի վերագործարկման հարցը, եւ բազմիցս է բարձրաձայնվել տարիներ շարունակ չշահագործվող օդանավակայանի գործարկման անհրաժեշտության մասին: Բանն այն է, որ Կապանը Երեւանից մոտ 320 կմ հեռավորության վրա է գտնվում, եւ ամեն անգամ մարզկենտրոնից մայրաքաղաք հասնելու կամ Երեւանից Կապան ժամանելու համար, մոտ 5 ժամ եւ ավելի ժամանակ է պահանջվում` կախված եղանակային պայմաններից: Հեռավորության պատճառով բազմաթիվ դժվարությունների են բախվում տեղաբնակները: Լուրջ դժվարություններ են առաջ գալիս առողջական խնդիրներ ունեցող հիվանդին շտապ մայրաքաղաքի հիվանդանոցներ հասցնելու դեպքերում:

Օդանավակայանի գործարկումով պայմանավորում են նաեւ քաղաքի զարգացումը: Հեռավորության պատճառով շատ ծրագրեր Կապան չեն հասնում, որոշ դեպքերում մայրաքաղաքին ավելի մոտ գտնվող մարզի մյուս քաղաքներում են իրականացվում եւ այլն: Օդանավակայանի շահագործման պատճառները շատ են, հարցի կարգավորմամբ հետաքրքրվողները համոզված են, որ վերագործարկումը միանշանակ դրական կանդրադառնա եւ կխթանի քաղաքի զարգացմանը:

Դեռեւս նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի ղեկավարման տարիներին, խնդիրն օրակարգում է եղել եւ այդ ուղղությամբ մի շարք քայլեր են տարվել:

Ներկայումս էլ այդ հարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կապանի ներկայիս քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի խոսքով` քաղավիացիայի վարչության կողմից համապատասխան մասնագետներ են գործուղվել Կապան եւ տեղում ուսումնասիրություններ իրականացրել, որի արդյունքում կազմված հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ տարածքային նախարարին:

«Արդեն իսկ տեսանելի են անհրաժեշտ ֆինանսական միջոցների եւ կատարվելիք աշխատանքների ծավալները, բայց կարեւոր եմ համարում, որ քաղավիացիայի կողմից կա եզրակացություն, որի համաձայն, Կապանի օդանավակայանը հնարավոր է շահագործել: Բացի այդ, կան անհատ դոնորներ, որոնք ցանկություն են հայտնել օգնել. «ԶՊՄԿ»-ի տնօրենը, «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի տնօրենը, «Կապան Ավիա» ընկերության տնօրենը եւ եւս մարդիկ, ովքեր մտահոգված են առհասարակ Կապանի խնդիրներով: Սկզբնական փուլում նախատեսել ենք փոքր ծավալի աշխատանքներ իրականացնել, որովհետեւ մեզ համար այս պահին կարեւոր է օդանավակայանը գործարկել եւ թռիչքներ իրականացնել», – տեղեկացրեց պարոն Հայրապետյանը: Ըստ կատարված հաշվարկների` ամբողջ ծրագիրը գրեթե մեկ մլրդ դրամ է կազմում:

Թերեւս այս պահին կա միայն եզրակացություն, որ կարելի է գործարկել օդանավակայանը, բայց շահագործման թույլտվություն դեռեւս չկա, նաեւ վերջնական համաձայնեցված եւ տեսքի բերված ամբողջական փաթեթ գոյություն չունի, քանի որ անհրաժեշտություն կա հարցը քննարկման դնելու եւ համաձայնեցնելու համապատասխան բոլոր նախարարությունների հետ: «Այս պահին ուղղակի նախնական բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ իրականացված են: Մենք նույնիսկ գիտենք, թե ինչ ալեհավաքներ, ծխնելույզի խողովակներ են խանգարում, դրանք արդեն պետք է հանվեն: Մենք գիտենք նաեւ, որ ավելի քան 1500 բեռնատար մեքենա շինարարական աղբ է թափված այդ տարածքում եւ այդ ամենը հեռացնելը մեծ աշխատանք է արդեն: Տարածքը պետք է ցանկապատվի, վազքուղին վերանորոգվի, պետք է կառուցվի փոքր շինություն՝ ուղեւորների սպասարկման, անվտանգության ապահովման համար եւ այդ տիպի մի շարք այլ այլ աշխատանքներ»,- հավելեց Աշոտ Հայրապետյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մենակ թե ռուսական 2-րդ ձեռ էդ ինքնաթիռները չառնեն ու բերեն մարդկանց գլխին պատուհաս դարձնեն: Ես գտնում եմ նաև ոչ լավ ու ստրատեգիապես ՍԽԱԼ երևույթ,երբ օտար մասնավոր ձեռնարկությունները (տվյալ դեպքում «ԶՊՄԿ»-ը և «Դինո գոլդ մայնինգ քամփնին» ) ՀՀ-ում դառնում են ստրատեգիական կապի միջոցների/ուղիների մասնատեր/սեփականատեր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031