Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ուսանողները Սերժ Սարգսյանից պահանջում են խոստացված ապահով Հայաստանը

Մարտ 05,2013 17:03

Մի շաբաթ է՝ գյումրեցի երիտասարդների բողոքական տրամադրությունները չեն հանդարտվում. վերջիններս տարբեր տեսակի ֆլեշ-մոբեր են կազմակերպում ընդդեմ ընտրակեղծիքների, քաղաքի խնդիրների ու նաև ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հնչեցրած մտքերի:

Օրերս էլ նրանք ստեղծեցին «Բարև Գյումրի» ֆեսբուքյան խումբը՝ արձագանքելով երկրում կատարվող ամեն մի իրադարձության: Մեզ հետ զրույցում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհիներից մեկը՝ Անուշ Հարությունյանը, իրենց դժգոհ լինելը պատճառաբանեց այսպես. «Քանի որ Շիրակի մարզը ամենավատ վիճակում գտնվող մարզն է՝ բոլոր իմաստներով, կենսակերպի, սկսենք առօրյա դարձած ճանապարհների ցեխոտ վիճակից ու ամեն տարի արվող ու թափվող ասֆալտներից և այլն, այդ պատճառով այստեղի բնակիչները մի քիչ զգայուն են փոփոխությունների հարցում: Այսինքն, երբ որ ինչ-որ նոր թեկնածու է գալիս, գյումրեցին ավելի շատ է նրա հետ կապում իր հույսերը: Պատահական չէ, որ գյումրեցին ավելի շատ նրան է տեղ տալիս: Բայց ասեմ, որ ես , որպես ուսանողուհի, իմ պայքարը ոչ թե նախագահական աթոռին այլ անձի տեսնելն է, ես չունեմ քաղաքական լիդերի կերպար, որ այսօր կա իրականության մեջ, որ ասեմ ՝ այո, թող այս մարդը լինի նախագահ: Պարզապես մեր պայքարը, երթի ելնելու նպատակը այն է, որ մեր ձայնը լսեն: Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր վատ փոփոխությունները, դա լինի գազի գնի բարձրացման սպառնալիքը , դա հոգեբանական ճնշում է մեր վրա, ամենօրյա գնաճը, պատիվ ենք ունենում ամեն օր մտնել խանութ ու անակնկալի գալ, գյումրեցին այլևս չի ուզում այս ամեն ինչին արձագանքել արտագաղթելով:

Ինչքա՞ ն կարող ենք մեր հույսը դնել խոպանից կուտակող ռեսուսների վրա , ինչքա՞ն կարող ենք ի պատասխան էս ամեն ինչի ձեռքերս թափ տալ ու լքել մեր քաղաքը: Ոչ մեկն էլ չի ուզում ուրիշ տեղ գնալ ու հաստատվել: Դրա համար, կարծում եմ, մեր մարզի երիտասարդության ակտիվությունը ավելի շատ ուղղված է մարզի խնդիրները բարձրաձայնելուն, պահանջում են՝ հիշեք, որ սա հանրապետության երկրորդ քաղաքն է:

Նայեք ուրիշ երկրների երկրորդ քաղաքներին, շատ եմ սիրում իմ Գյումրին, շատ ներողություն, բայց արդեն մեր քաղաքը մի քիչ գավառ է հիշեցնում: Մենք պայքարում ենք ոչ թե մի քաղաքական ուժի դեմ՝ հօգուտ մյուս ուժի, մենք պայքարում ենք մեր ձայնը լսելու համար, որ մեր կենսամակարդակը մի քիչ բարձրանա: Մենք չենք արձագանքում միայն տանը նստելով կամ պատերի տակ դժգոհելով, մենք ուզում ենք, որ մեր խնդիրներին լուծում տան:

Շիրակի մարզը ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, Սյունիքը ընտրեց Սերժ Սարգսյանին, ընտրությունները արդեն անցած փուլ են: Հիմա մենք պահանջում ենք էն ապահով Հայաստանը, որը ուզում ենք տեսնել, որը մեզ խոստացել են: Էստեղ խնդիրը էն չէ, թե մենք ուզում ենք հեղափոխություն անել, դեմ եմ հեղափոխության կոչերին, երբեմն նման կոչեր հնչում են Ֆեյսբուքում, շատերը չեն էլ պատկերացնում ինչից է սկսվում հեղափոխությունը, ես բարեփոխումների կողմնակից եմ»: Ուսանողուհին հիշեցնում է, որ բոլոր երկրների հյուսիսային շրջանում ապրող մարդկանց համար կան առավելություններ, օրինակ այդպես է Ռուսաստանում, մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակն է, գնաճը սկսվում է հենց այս մարզից, հացի գին է թանկանում՝ առաջինը Գյումրիից է սկսվում:

«Այն գյումրեցուն, որին մեղադրում եք ընտրակաշառք վերցնելու մեջ, հոկտեմբերից մինչև ապրիլի վերջ գազ է վառում, Լոռիում արդեն անձրևներն են, իսկ մեզ մոտ ձյունը նոր է նստել, գյումրեցին ինչ է ուտում, մակարոն ու վերմիշել, իհարկե չեմ արդարացնում ընտրակաշառքը, բայց էնպես չէ, որ գյումրեցին դա վերցրեց ռեստորան գնալու համար: Եթե դա աներ ապահով քաղաքում ապրող մարդը, կասեինք ամոթ չէ՞, բայց գյումրեցուն պարսավել պետք չէ, առավել ևս՝ եթե գյումրեցին վերցրեց թեկնածուներից մեկի 5 հազար դրամը ու ընտրեց մյուսին, նրան անազնիվ լինելու մեջ մեղադրելը ճիշտ չէ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Ապրես Անուշ ջան…խելացի ես խոսում…Երևում է, որ ժուռնալիստիկայի բաժնում ես սովորում: Եվ մեր շատ սիրելի Ն. Արևշատյանի ուսանողուհին ես:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031