Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում թուրքագետ, «Նարեկավանք Տուր» ընկերության հիմնադիր Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ թուրքական կողմի հետ շփումների արդյունքում արձանագրվել է հայկական հուշարձանների հանդեպ ուշադրություն. «Մեր պատմական հայրենիքում լինելով` համոզվում ենք, որ հայկական հուշարձանները շատ են կարեւորվում Թուրքիայի կողմից: Հայ ուխտավորների հոսքի ավելացման արդյունքում վերանորոգվեցին որոշ հուշարձաններ: Այժմ վերականգնվում է Անիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը, նախագծեր կան նաեւ Անիի Մայր տաճարի վերականգնման շուրջ: Մենք Թուրքիայում հանդիպումներ են ունենում քաղաքապետերի եւ նահանգապետերի հետ, եւ վերջիններիս հետ շփման արդյունքում կարծրատիպեր են կոտրվում: Կողմերը ավելի շատ համագործակցել են ցանկանում, ոչ թե հակադրվել իրար»:
Հովհաննիսյանը հավելեց, որ ժամանակին Մուշի մարզպետը դիմեց հարցով` զբոսաշրջիկների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար. «Այդպես մեր առաջարկով դեպի Սուրբ Կարապետ տանող ճանապարհը ասֆալտապատվեց: Իրենք էլ գիտեին, որ Սուրբ Կարապետն աշխարհում երկրորդն է` Էջմիածնից հետո: Պետական մակարդակով ցանկություն կա, որ այն վերանորոգվի»:
«Նարեկավանք Տուր» ընկերության ներկայիս տնօրեն, թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը հայտնեց, որ Անիի տարածքում Սուրբ Փրկիչն է վերանորոգվում. «Դա արվում է ԱՄՆ կառավարության միջոցներով, որոնք տրամադրվել են Թուրքիայի կառավարությանը: ՀՀ-ում ԱՄՆ ի դեսպանին ենք դիմել, որ աշխատանքներին նաեւ հայ ճարտարապետներ մասնակցեն»:
Սողոմոնյանի խոսքով. «Թուրքիայի ցանկությունն է` տուրիզմը զարգացնել պատմական Հայաստանի շրջաններում»: Թուրքագետի դիտարկմամբ` Երևան-Վան չվերթները կնպաստեն երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը եւ մատչելի կդարձնեն հնարավորությունները` պատմական հայրենիք այցելել ցանկացողների համար. «Նրանց դժվար է Վրաստանի տարածքով հասնել այնտեղ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ