Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ողջունում են Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծումը: Նախադեպը չունեցող լիտվացի խորհրդարանականների պատմական այս քայլը մարդասիրության, բարեկամության, ժողովրդավարության եւ ազատության վեհ արժեքներին Լիտվայի ժողովրդի անվեհեր նվիրվածության, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երկխոսության մեջ ներգրավելու նոր կարեւոր հանգրվանի սկզբնավորման վկայությունն է:
25 տարի առաջ Լիտվայի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը, զորակցությունն ու միասնականությունը ճանապարհ հարթեցին մեր պետականությունների վերականգնման համար: Հայ ժողովրդի պատմության մեջ Լիտվան հավերժական տեղ է զբաղեցրել որպես մեր նորանկախ հանրապետությունը ճանաչած առաջին երկիր: Հատկանշական է եւ միեւնույն ժամանակ բնական, որ այսօր էլ նույնպես, ինչպես մեր անկախության ձեռքբերման ճակատագրական օրերին, հենց Լիտվայի ներկայացուցիչները առաջինը կատարեցին նման արժանապատիվ եւ խիզախ քայլը:
Մենք մեր երախտագիտությունը, գնահատանքն ու զորակցությունն ենք հայտնում մեր լիտվացի գործընկերներին, վստահ լինելով, որ Լիտվան` որպես կայացած ժողովրդավարական պետություն, չի ընկրկի բարեկամության եւ խաղաղ գոյակցության դեմ այս օրերին ծավալված եւ տարակուսանք առաջացնող անբնական ճնշումներին եւ Ադրբեջանից եկող հիստերիկ արձագանքներին: Լիահույս ենք, որ Սեյմասի անդամների նախաձեռնությանը կմիանան համամարդկային սկզբունքներին, մարդու հիմնարար ազատություններին, համերաշխության եւ խաղաղության հաստատման հավատարիմ լիտվացի այլ խորհրդարանականներ, իսկ ժողովրդավար այլ երկրների օրենսդիր մարմիններում այս նախաձեռնությունը կստանա նոր դրսեւորումներ:
Կարդացեք նաև
Արցախը սկսում է դիտվել միջազգային ասպարեզում որպես քաղաքականության ինքնուրույն գործոն. այդ մասին են վկայում ԱՄՆ եւ Ավստրալիայի որոշ նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչման փաստերը, Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը ԼՂՀ եւ այլն: Լիտվացի պատգամավորների կողմից Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը եւս մեկ քայլ է այդ ճանապարհին»:
ՀՀ ԱԺ