Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. Ամենակարեւոր սեռական օրգանը միտքն է

Մարտ 05,2013 16:34

Ըստ նրա՝ գիտելիքը նույնպիսի գրավչական էլեմենտ է, ինչպես գեղեցիկ կուրծքը

 «Անտարես» մեդիա հոլդինգի՝ Facebook-ում ընթերցանության յուրատեսակ քարոզչության կոչերը, թե «Գիրք կարդալը սեքսուալ է» կամ «Կարդալը սեքսուալ է դարձնում ձեզ», ոչ միայն բազմաթիվ «like»-եր է վաստակել, այլեւ ոմանց մոտ դժգոհությունների է տեղիք է տվել: Aravot.am-ը «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ընթերցանության մասին իրենց ակցիայի քննադատություններին եւ ինչու են հենց նման ձեւ ընտրել:

Պարոն Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ ամենակարեւոր սեռական օրգանը հենց միտքն է, եւ իսկապես ինտելեկտուալ մարդիկ սեքսուալ են. «Ցանկացած աղջիկ ո՞ր տղային է ընտրում, նրան, ով դատա՞րկ է, թե՞ կարդացածին: Բնականաբար՝ կարդացածին եւ ինտելեկտուալին, որովհետեւ կինը բնազդաբար եւ ենթագիտակցաբար այդ տղամարդու մեջ տեսնում է ընտանիք կերակրողին, իսկ այսօր առաջին հերթին ինտելեկտն է կերակրում, «բիթի» լինելը, ինչն առանց գիտելիքի հնարավոր չէ»:

Անդրադառնալով Սեքսոլոգների ասոցիացիայի արած մի վերլուծության, մեր զրուցակիցը նշեց, որ այն երիտասարդներն ու աղջիկները, ովքեր սեքսոլոգի մոտ այցելել են ծնողների հետ, նրանց մայրերը հիմնականում եղել են ուսուցիչներ, այն էլ հայոց լեզվի եւ գրականության: «Երբ հարցրի պատճառը, սեքսոլոգներից մեկը ժպտալով ասաց՝ հիշո՞ւմ ես Արմեն, որ ժամանակին հենց ուզում էինք մեզ մի քիչ լավ զգալ, գնում էինք Բրյուսով: Նա նկատի չուներ, որ Բրյուսովի աղջիկներն ավելի թեթեւ վարքի տեր էին, քան մյուս բուհերինը, պարզապես բրյուսովցի աղջիկների հետ ավելի հետաքրքիր էր: Իսկ ինչո՞ւ, որովհետեւ եւս մեկ լեզու իմանալը բերում է նոր բնագավառի ճանաչման՝ այդ լեզվի միջոցով: Լեզուն գործիք է: Մի քանի լեզվի տիրապետող աղջիկներն ի վիճակի են ավելի շատ գրականություն կարդալ, մի բան, որից զուրկ են միայն մեկ լեզվի՝ հայերենին տիրապետողները: Խոսքս, բնականաբար, հայկական բանասիրական կրթությամբ բոլոր կանանց կամ տղամարդկանց չի վերաբերվում, իհարկե կան վառ անհատականություններ, ինչպես, օրինակ, մեր Զավեն Բոյաջյանը, որ 17 լեզվի է տիրապետում:

Գուցե համարձակ բան եմ ասում, բայց ամուսնությունները դիտարկելիս էլ տեսնում ենք, որ Բյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները հիմնականում շուտ են ամուսնանում: Ու պատճառն այն չէ, որ իրենց տեսքն ավելի լավն է, խնդիրը ուղեղն է, ինտելեկտը:

Ցանկացած տղամարդու համար ինտելեկտուալ կինը ավելի գրավիչ է: Ես համոզված եմ, որ ամենակարեւոր սեքսուալ օրգանը միտքն է, շարմն է, որը գալիս է գիտելիքը օգտագործելուց եւ ճանաչելուց:

Զարմացած եմ, որ sexy, սեքսուալություն բառը, չգիտես ինչու, վատ է ընկալվում, մինչդեռ եթե հայերեն թարգմանենք, սեքսուալությունը կստացվի գրավչություն: Այսինքն ՝ գիրք կարդալը բերում է գրավչության, դա վա՞տ է, հարգելի ընդդիմախոսներ: Չէ՞ որ sexy բառը սեռ բառն է, այսինքն՝ մի սեռը մյուսին գնահատում է գիտելիքով, գիտելիքը նույնպիսի գրավչական էլեմենտ է, ինչպես գեղեցիկ կուրծքը, մարմինը, աչքերը… Ինչու աչքերը կարող են լինել սեքսուա՞լ, իսկ գիրք կարդալը կամ համեղ ճաշ եփելը՝ ո՞չ: Նույնն էլ տղամարդու պարագայում է՝ ատլետիկ մարմնի պես ատլետիկ ուղեղն էլ կարող է սեքսուալ ընկալվել: Հումորով եւ կարդացած տղամարդիկ ու կանայք, բնականաբար, ավելի գրավիչ են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արշակ says:

    Հարգելի հեղինակ:
    Հոդվածում ամեն ինչ իրար է խառնած: Էդ որ կինն է, սիրահարվելուց կամ ինքնամոռաց տրվելուց առաջ, նախօրոք տղամարդուն հարցնում ռադիոֆիզիկայից կամ կենսաքիմիայից ունեցած գիտելիքների մասին: Այ մտածված, հաշվարկված, ես կասեի՝ <> ամուսնանալուց առաջ ,ամեն ինչ՝ նկատի ունեմ- գիտելիքներն ու կարողությունը մի լավ տնտղվում է: Իսկ իսկական հարաբերությունների մեջ սեքսից առավել, կարևորը սերն է, որը գալիս է ավելի շատ սրտից, քան գլխուղեղիցկամ այլ օրգանից: Գիտելիքը, կրթվածությունը միայն օգնում են գտնել ճիշտ ուղին, չտրվել անասնականին, պահպանել մարդկայինը: Չգիտեմ ինչու սեքս բառը օգտագործողները իրենց համարում են <>, իսկ սեքսուալությունը համարում են արժեք ու գերնպատակ:

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Արշակ, հոդվածում արտահայտված տեսակետը չի բացառում Ձեր տեսակետը: Իմ զրուցակից Արմեն Մարտիրոսյանն իրավացիորեն այն կարծիքն է հայտնում, որ խելացի ու զարգացած մարդիկ ավելի հետաքրքիր են, գրավիչ` օտար լեզվով sexy: Համամիտ եմ, ինչպես Արմեն Մարտիրոսյանի, այնպես էլ Ձեր այն մտքի հետ, որ գիտելիքը, կրթվածությունը միայն օգնում են գտնել ճիշտ ուղին, չտրվել զուտ անասնականին եւ պահպանել մարդկային դիմագիծը:
      Հարգանքով` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

  2. Փիրուզ says:

    Հոդվածից դատելով պարոն Արմեն Մարտիրոսյանի գլխում ամեն ինչ խառնվել է:))) Համառորեն ուզում է “սեքս” և “կարդացվածությունը” կապել իրար, բայց ավելի շատ խղճուկ զավեշտ է, քան հիմնավորում: Ավանդապաշտ երկրներից շատերի համար, այդ թվում նաև Հայաստանի, ուր սեռական գրավչության թեման յուրահատուկ տաբուի տակ էր, նոր ժամանակներում մի այլ ծայրահեղություն է ի հայտ եկել: Մարդկանց մի խումբ տառապում է մի մտայնությամբ, ըստ որի ամեն տեղ, առիթ անառիթ սեքս, սեքսուալություն բառերը օգտագործելը նրանց դարձնում է առաջադիմական, համարձակ, ի տարբերություն պահպանողական, հետադիմական հայացքների տեր մարդկանց: Ծիծաղելի է…Համոզված եմ, որ այդ մարդկանց մեծ մասը մասնագիտական ոչ մի լուրջ գրականություն չի կարդացել սեռականության , սեքսի մասին: Որպես կանոն տեղյակ է դրա մասին ընկեր-ընկերուհիների “պատումներից”,նաև ցածրորակ ֆիլմերից: Պարզապես գիրք կարդացեք, այդ թվում նաև սեքսի և սեռականության մասին:

  3. Արմեն says:

    Կարդալը սեքսուալ է, Գրանիշ խուժանական, Անտարեսի տպագրած բոլոր գրքերի անոտացիաներում սեռականության թեման։ Մենք պարզապես հետևում ենք ափ նետած ձկան պես թպրտացող, ապրելու վերջին ճիգերն անող հրատարակչի, ով կարծում է, թե գիրք վաճառելը դեռ կարող է բիզնես դառնալ և համոզվում է հակառակում։

    Հ․Գ․ անգլերեն լեզվում sexy բառը վաղուց արդեն միայն սեքսուալություն չի նշանակում։ Այդ բառը կիրառում են նաև ուտելիքի կամ կենդանիների մասին խոսելիս։ Հայերենի ժարգոնում դրա համարժեքը կարող է լինել “դզող” բառը, որը նախ նշանակում էր “գրգռող”, սակայն հետագայում կորցրեց իր այդ իմաստը, հավասարվելով “դուրեկան” բառին։ Եթե ակցիայի հեղինակները չվերցնեին ու բառացի թարգմանեին անգլերեն կարգախոսը (այն արդեն օգտագործվել է այլ նախաձեռնության կողմից), նման անհեթեթ իրավիճակում չէին հայտնվի։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031