Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 54 տարեկան
«Ամենակարեւորը եւ ամենահիմնականը, մարդկային առումով, կարոտն է Վազգենի հանդեպ: Այստեղ գալով, այսքան մարդ տեսնելով՝ Վազգենի՝ ոչ միայն իմը այլեւ բոլորինը լինելու զգացողությունն է, որ հպարտություն է պարգեւում միանշանակ: Այսօր հպարտ եմ, որ Վազգենի նման եղբայր ունեմ: Ու ինքն էլ էր էդպիսին: Այն ժամանակ այսպես չէր ընկալվում. կուզենայի, որ ինքը տեսներ, որ ինքն այսքան ընկալված է: Շատ քչերն էին ընկալում: Շատ շողոքորթում էին, բայց ընկալում չկար»,- Aravot.am-ի հետ զրույցում, այսօր Եռաբլուրում իր խոհերը կիսեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Այսօր, սպարապետի ծննդյան օրը, ԵԿՄ վարչության անդամները, ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարները, ձեւավորված ավանդույթի համաձայն, առավոտյան այցելել էին Վազգեն Սարգսյանի հայրական տուն՝ Արարատ, այնուհետեւ՝ սպարապետի տուն-թանգարան, ապա Եռաբլուրում ծաղիկներ դրեցին նրա գերեզմանին:
Այսօր Եռաբլուրում էին նաեւ Վազգենի զինակից ընկերները: Վազգեն Սարգսյանի գերեզմանին ծաղկեպսակ կար նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի անունից: Այն դրված էր մեջտեղում. մարդիկ մոտենում եւ նախագահի ծաղկեպսակի աջ ու ձախ կողմերից իրենց ծաղիկներն էին դնում Վազգեն Սարգսյանի գերեզմանին: Արամ Սարգսյանը մոտեցավ եղբոր գերեզմանին, վերցրեց Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակը եւ մի կողմ դրեց, որպեսզի մոտեցողները ստիպված չլինեին «հարմարեցնել» իրենց ծաղիկներն այդ ծաղկեպսակի կողքերին:
Կարդացեք նաև
Եռաբլուրում էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սեյրան Օհանյանն ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Վազգեն Սարգսյանի դերն ու նշանակությունը ոչ միայն Հայաստանի բանակաշինության, այլ նաեւ պետականաշինության գործում:
Եռաբլուրում տեղի ունեցավ նաեւ պատանի երկրապահների երդմնակալության արարողություն, ինչից հետո, պատանիները հադես եկան նաեւ ցուցադրական ելույթներով: Այդ ամբողջ արարողության ընթացքում Արամ Սարգսյանն իր կուսակիցների հետ հեռվից էր հետեւում: Իսկ Սարգսյանների փոքր եղբայրը՝ Արմենը, կանգնած էր ԵԿՄ-ի եւ կառավարության ներկայացուցիչների հետ:
«Փառք ու պատիվ նաեւ ԵԿՄ-ի տղաներին, բանակին, որ կազմակերպում են այսպիսի միջոցառումներ, գործընթացներ, որոնք միտված են ապագային: Հավատացեք, այսքան երիտասարդ երեխայի՝ Վազգենի ծննդյան օրը երդում տալու արարողությունը, թե իրենց հիշողության մեջ, թե պետության ապագայի համար ազդեցություն է ունենալու»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ այն մարդկանց, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, ովքեր որ կանգնած են ոճրագործների թիկունքում, պատասխանելու լավագույն ձեւն այսպիսի միջոցառումներն են ու Վազգենի մասին հիշողությունը՝ «Զոհված մարդու կիսատ թողած գործը շարունակելը»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ ԵԿՄ-ն եւ բանակն այսօր կանգնած են մի քաղաքական թիմի կողքին, որն ընդունված չէ հասարակության մի ստվար հատվածի, այդ թվում նաեւ Ձեր ու Ձեր ղեկավարած կուսակցության կողմից. վստահ եմ, որ Վազգենն առավել շիտակ քաղաքական ուժի կողքին կուզեր տեսնել ԵԿՄ-ն ու բանակը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես էլ եմ ձեր տեսակետը կիսում: Ես էլ եմ վստահ, որ Վազգենն այլ մոտեցում ուներ, այլ տեսակետների մարդ էր: Գիտեք, Վազգենը մարդկային այն տեսակն էր, որ մարդկանց մեջ տեսնում էր լավը: Լավը խրախուսելով՝ այդ մարդուն դարձնում ավելի լավը: Վազգենից հետո գործող նախագահը ցանկացած մարդու մեջ փորձեց տեսնել էդ մարդու թուլությունը, խրախուսելով էդ թուլությունը՝ դիվիդենտներ շահել: Մարդիկ կան, որոնց հոգեբանական ազդեցությունն այնքան է պղտորում միջավայրը եւ այդ պղտորված միջավայրը հետո փոխադարձ կասկածամտության, անվստահության, արտագաղթի, հուսալքության առիթ է տալիս: Վազգենը հույսով տեսակ էր, հույսի տեսակ էր: Վազգենը մարդու մեջ մարդն էր գնահատում՝ լավագույն արժանիքներով, լավագույն հատկանիշներով, վատը կողմ դնելով, նույնիսկ կրթելով, նույնիսկ թելադրություններ տալով: Բայց ձեւավորեց բանակ, որը Հայաստանի կայացած կառույցներից դարձավ ու այդ բանակում եղած սպաները, անկախ նրանից, թե որ շրջանում ի՞նչ գործունեություն են ծավալել, Վազգենի հետ, Վազգենի ժամանակ իրենք հիմնականում շատ ճիշտ գործընթացներ են ծավալել: Իմ շնորհակալությունն իրենց՝ այդ շրջանի համար էլ, Վազգենի հիշատակը պահելու, Վազգենին հոգում անկեղծ սիրելու համար էլ»:
Արամ Սարգսյանը չի կասկածում, որ այսօր Եռաբլուրում եղած յուրաքանչյուր մարդ էլ իր չափ սիրում է Վազգենին. «Ուրիշ խնդիր, որ ինքը, կյանքի հանդեպ իր ուրույն վերաբերմունքն ունի այնպես, ինչպես իմ կրտսեր եղբայրը: Դա իր ապրելակերպն է, իր կրեդոն է այս կյանքր: Էդ ուրիշ խնդիր է: Էդ լա՞վ է, թե՝ վատ է, բարդ է ասել: Գուցե ես եմ վատը… »:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ