Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործին հետեւում են միայն ամբաստանյալների հարազատները

Մարտ 05,2013 15:52

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով ապացույցների հետազոտումը: Մասնավորապես՝  հետազոտվեցին ռազմական բժիշկ, անցյալ տարվա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի ենթարկված Վահե Ավետյանի, տուժողներ Արտակ Բայաթյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի  դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները: Ըստ այդ արձանագրությունների, որոշվել էր, թե ինչ բնույթի, ինչ ծանրության վնասվածքներ կան  տուժողների մարմնի վրա, դրանք որ աստիճանին են պատկանում:

Վահե Ավետյանի վնասվածքը գնահատվել էր կյանքին վտանգ սպառնացող, Արտակ Բայաթյանինը եւ Գարիկ Սողոմոնյանինը՝ միջին ծանրության վնաս՝ ոչ առողջությանը տեւական քայքայումով, իսկ տուժողներ Էդգար Նիկոյանի եւ Արկադի Աղաջանյանի մարմնին վնասվածքներ չէին հայտնաբերվել:

Այսօր դատարանում հետազոտվեցին նաեւ ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի եւ Արթուր Բաբլոյանի հեռախոսային վերծանումների՝ մուտքային եւ ելքային զանգերի մասին արձանագրությունները:

Ի դեպ, այս կապակցությամբ պաշտպանական կողմից Մարինե Թովմասյանը հանդես եկավ առարկումով, մասնավորապես ասելով, թե վերծանումներից չի երեւում, թե իր պաշտպանյալը կատարել է ծանր հանցագործություն: Ըստ նրա՝ հեռախոսային վերծանումները վերաբերել են միայն, թե որտեղ են գտնվել օգտատերերը, այլ ոչ թե նրանք կատարել են ծանր հանցագործություն: Հրապարակվեց նաեւ դեպքի պահին տուժող Արտակ Բայաթյանի հագուստի զննության արձանագրությունը: Գործում որպես ապացույց կցվել էր սպիտակ վերնաշապիկ, մինչդեռ ըստ հանրային պաշտպան Արման Խաչատրյանի՝ իր մոտ եղած արձանագրության մեջ ֆիքսվել է սպիտակ «մայկա»: Դատավորը հարցրեց՝ կարիք կա՞ արդյոք շապիկը բերել դատարան, պաշտպանն ասաց, որ հետագայում գուցե անհրաժեշտություն առաջանա:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը պետք է մասնակցեր այլ քրեական գործով քննչական գործողությունների:

Նշենք, որ միայն ամբաստանյալների հարազատներն էին հետեւում նիստին, իսկ բացի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանից եւ Լուսինե Հակոբյանից, նիստից բացակայում էին նաեւ 4 տուժողները:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 13-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031