21-ամյա Դավիթ Շահվերդյանը սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում: Արվեստագետի ընտանիքում ծնված Դավիթը երկու տարեկանից արդեն տարված էր նկարչությամբ: 4 տարեկանում ընդունվել է Հ. Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոն: Մանկության տարիներին նա այնպես էր նկարում, որ իր աշխատանքները զարդարում էին մի շարք հայտնի գրքերի էջերը. «Իմ աշխատանքները կոմպոզիցիոն, թեմատիկ են: Դրանց մեջ կան գրաֆիկական, բատիկ, գեղանկարչական աշխատանքներ»:
Դավիթի աշխատանքները 200-ից ավելի են, եւ բոլորն էլ ստեղծագործական են, այսինքն` կոմպոզիցիա, որում արտացոլվում է իր մտքերը, իր ստեղծած կերպարները, սյուժեն: Ասում է. «Նկարում եմ այն ժամանակ, երբ հասկանում եմ, որ մտահղացումը վերջնական է»: Դրանից հետո գնում է իր իսկ արվեստանոցը, անում նկարի էսքիզները, որից հետո էլ իր աշխատանքը բերում է վերջնական տեսքի: Դավիթը միշտ չէ, որ վաճառում է իր նկարները: Ասում է` դա կախված է նրանից, թե նա որքան է կապված տվյալ նկարի հետ:
Մինչ 15 տարեկանը երիտասարդ նկարիչը մասնակցել է իր իսկ նկարներով մոտ 10 տեղական եւ 7 միջազգային ցուցահանդեսների: Արժանացել է Ստեփան Նազարյանի մրցանակին. «2011թ. հոկտեմբերի անհատական ցուցահանդեսին ներկայացված նկարները սիմվոլիստական թեմայով էին: Այդ նույն ոճի մեջ էին նաեւ 2012թ. խմբակային-անհատական ցուցահանդեսի նկարները»:
Դավիթի կյանքի երազանքն է լինել լավ հայր եւ ունենալ շատ երեխաներ. «Այդ մասին առաջին անգամ մտածել ու արտահայտվել եմ 5-րդ դասարանում, երբ «Երազանք» թեմայով շարադրություն էր հանձնարարված»:
Արամ Արարատյան