Արդեն մի քանի օր է, ինչ խորհրդարանական «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների նախաձեռնությամբ քննարկումներ են տեղի ունենում երեք հիմնական կետերի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, համամասնական ընտրակարգի անցման և ընդդիմության վերահսկողական լծակների ավելացման հարցերի շուրջ: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ բանակցությունները փակուղի են մտել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին նշել էր, որ իշխանությունը դեմ է արտահայտվել արտահերթ նիստի օրակարգին:
Aravot.am- ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ի՞նչ են կարծում բանակցություններն ի՞նչ հանգուցալուծում կունենան և ընդդիմությունը կհասնի՞ հաջողության:
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը մեր զրույցում նշեց, որ այդ կետերը միանգամայն իրատեսական և օգտակար են, սակայն ընդդիմությունը տվյալ դեպքում սխալ ուղղությամբ է բանակցում: Այնուհետև հավելեց. «Բանակցող մյուս կողմը չպետք է լինի Հովիկ Աբրահամյանը կամ Հանրապետական կուսակցության օլիգարխիկ թևը: Բանակցող մյուս կողմը պիտի լինի Սերժ Սարգսյանը, քանի որ բանակցությունների արդյունքում պետք է քար գցվի հենց այդ օլիգարխիկ թևի վրա, որ դարձել է բարեփոխումների գլխավոր խոչընդոտ: Իրատեսական օրակարգ է, հուսով եմ, որ ի վերջո պետք է նախաձեռնությունը իշխանության կողմից գա: Բայց կներեք, եթե հայտնում ես, որ պայքարում ես օլիգարխիայի դեմ ու գնում շնորհակալություն ես հայտնում թիվ մեկ օլիգարխին իր վաստակի համար, բնականաբար նրանք էլ այդ բանակցությունը փակում են: Միակ բանական և քաղաքական ելքը քաղաքական բանակցություններն են ընդդիմության և իշխանության միջև, ընդ որում, բանակցող կողմերը պիտի լինեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, քանի որ ճանապարհը դեպի Հովիկ Աբրահամյանի կաբինետ, կամ ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ, դրանք ճանապարհ են դեպի ոչ մի տեղ, դեպի պատկերի լղոզում և ընդդիմության մարգինալացում և ճանապարհ դեպի ճահիճի շարունակություն»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանն էլ կարծում է, որ նման ձեւաչափում բանակցությունները հաջողության հասնել չեն կարող և մանրամասնում. «Սա միանշանակ է, և ոչ միայն նրա համար, որ Հանրապետական կուսակցությունը միանշանակ է իր դիրքորոշման մեջ, այլ այն պարզ պատճառով, որ ընդդիմությունն այսօր միատարր չէ և ընդդիմության մեջ ծանրություն ունեցող ԲՀԿ-ն նույնպես այս հարցում չի աջակցի Դաշնակցության ու «Ժառանգության» պահանջին: Խորհրդարանը ցրելու պահանջը չի ընդունվելու խորհրդարանի բացարձակ մեծամասնության կողմից, ինչը ի սկզբանե նման գործընթացը դարձնում է անիմաստ: Կարող են լինել որոշակի ձեռքբերումներ, խոսքը քաղաքական դաշտում գործելու, ակտիվություն ցուցաբերելու մասին է, որ փորձում են ցույց տալ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը: Այն ձայները, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է, այդտեղ կա ԲՀԿ-ի և ՀԱԿ –ի մասնաբաժինը: «Ժառանգությունը» փորձում է ստացած ձայներին համապատասխան քաղաքական ակտիվություն ցուցաբերել, ինչը ենթադրում է գործունեության տարբեր ոլորտներում ակտիվություն՝ խորհրդարանական ակտիվություն, հանրահավաքներ, դիմեցին ՍԴ: Սա լուրջ գործունեության իմիտացիա է ընդամենը, որևէ տեղ հաջողության հասնելու բավական ռեսուրս նրանք չունեն: Ընդամենը այս քայլերի դիմում են, որ ցույց տան, որ հետագայում կարող են հավակնել ավելի լուրջ դերակատարության քաղաքական կյանքում, քան դա կար մինչև ընտրությունները»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ոչ մի երկրում ընդդիմությունը միատարր չէ: Հայաստանում «ընդդիմության միասնական թեկնածու»-ն,չգիտես ինչու, սարքել են ‘սուրբ’ մանտրա: Ամենամեծ ռեսուրսը կողքիդ կանգնած ժողովուրդն է: