«Հայացք» ակումբում այսօր ճանաչված լրագրող, ռեժիսոր, սցենարիստ, «Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի» անդամ Ցվետանա Պասկալեւան հայտնեց, որ նախորդ տարի` նոյեմբերին, հայկական պատվիրակության հետ Ֆրանսիայում մասնակցել է սենատում կազմակերպված ցուցադրությանը. «Ինձ խնդրել էին Ղարաբաղի մասին այնպիսի ֆիլմ ցուցադրել, որ «չէր վիրավորի սենատորների հոգիները»: Ցուցադրեցի Будет ли утро над Карабахом ֆիլմս, որը ներկայացնում է 1992թ. ռմբակոծվող եւ կրակե պատնեշի մեջ հայտնված Ղարաբաղը: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչու պետք է ճեղքվեր այդ կրակե պատնեշը: Ֆիլմի դիտման ընթացքում սենատի կին ներկայացուցիչներից մեկը` Նատալի Գուլիեն, ոչ զուսպ մոտեցում ցուցաբերեց Ղարաբաղի հարցին` ասելով, թե նմանատիպ ֆիլմերը կարող են ցանկացած կոնֆլիկտի վերաբերել: Նրան նյարդայնացրեցին իմ կադրերը, որոնք անհերքելի փաստեր են: Նրա ցինիզմը ցնցեց ինձ, որովհետեւ նա չցանկացավ խնդրի բուն իմաստը հասկանալ: Հայ պատգամավորների ելույթից հետո ես կրկին ելույթ ունեցա եւ լավ պատասխան տվեցի նրան` այդ ընթացքում ՀՀ դեսպանի եւ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների աչքերին արցունքներ նշմարելով: Ես ասացի, որ ցնցված եմ նրա մարդկային եւ քաղաքական ցինիզմով: Նատալի Գուլիեն այլեւս ոչինչ չասաց»:
Պասկալեւայի խոսքով. «Անգամ ադրբեջանական նավթով չի կարելի գնել խիղճը»:
Ռեժիսորը նաեւ նշեց, որ վերջերս ելույթ է ունեցել Պրահայի սենատում, որտեղ ցուցադրվել է «Սովորական ցեղասպանությունը Սումգայիթում» ֆիլմը. «Ցուցադրությանը ներկա էին չորս ադրբեջանցի ուսանողներ: Ուզում եմ հավատալ, որ նրանք իրոք ուսանողներ էին: Սումգայիթի մասին կադրեր ցուցադրվելու ժամանակ նրանք կտրուկ արտահայտություններ ասացին եւ ռեպլիկներ բաց թողեցին: Եթե հայկական կողմի ներկայացուցիչները պատասխանեին նրանց, ուսանողները կխափանեին ցուցադրությունը»: Ավարտից հետո ես մոտեցա ուսանողներին, քաղաքակիրթ կերպով եւ ժպիտով ասացի, որ ներկայացվածն անհերքելի փաստեր են: Բացատրեցի, որ նրանք ադրբեջանական հասարակության ապագա կերտողներն եւ եւ պարտավոր են ծանոթանալ այն փաստերին, որոնք արգելված են իրենց հայրենիքում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ