«Անցած տարվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն արձանագրել է լուրջ առաջընթաց թե պատրաստվածության, թե տեխնիկական հագեցվածության, թե բնակչության կողմից ձեռքբերված վստահության առումով»,-այսօր նախարարության նիստերի դահլիճում ասաց գեներալ-մայոր Ս. Ազարյանը:
Նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվեց 2012 թ.-ի գործունեությունը: Անցյալ տարի նախարարությունը գործարկել է մարդուն հրատապ օգնության հասնող «911» ծառայությունը, որը անցած տարվա տվյալներով ստացել է ավելի քան 1.3 մլն ահազանգ: 2012-ին նաեւ շահագործման է հանձնվել ԱԻՆ պոլիկլինիկան: Ձեռք է բերվել 9 շարժական եւ 15 ստացիոնար հակակարկտային կայան եւ դրանց գազալցավորման 2 բեռնատար ավտոմեքենա:
Ըստ նախարարության տվյալների, 2012 -ին մեր հանրապետությունում հրդեհների քանակն ավելի քիչ է եղել, քան 2011 թ-ին. Անցյալ տարի 33 հազար հրդեհ է արձանագրվել, իսկ 2011-ին՝ 43 հազար 55:
Անցյալ տարի ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 311 մարդ, 2011-ին՝ 327 մարդ:
Բնածին աղետներից ամենաշատը Հայաստանում 2012-ին տուժել են երկրաշարժերից, ձնաբքերից, իսկ 2011-ին՝ ուժեղ քամիներից եւ անձրեւներից, ջրհեղեղներից:
Սոցիալ-կենցաղային միջադեպերին 2012-ին զոհ է դարձել 210, վիրավորվել 40 հազար 85 մարդ, իսկ 2011-ին զոհերի թիվը կազմել է 138, վիրավորներինը՝ 40 հազար 9 մարդ:
Աննա ԹԱՄԱՄՅԱՆ