Պարգևատրվեցին հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունեցողները
Այսօր «Էրեբունի Պլազա» համալիրում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում 2012թ. իրականացվել են «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց» անվանակարգերով, ինչպես նաև «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» շարադրությունների, ուսանողական հետազոտությունների մրցույթները: ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական բաժնի պետ Սիրվարդ Համբարյանի տեղեկացմամբ` 2010թ-ից անցկացվող մրցանակաբաշխության մրցանակային տեղերը այս անգամ կբաշխվեն 87 անհատի եւ կազմակերպության միջեւ, իսկ ընդհանուր առմամբ` ստացվել է մասնակցության 144 հայտ՝ 21 երկրից:
Մրցանակաբաշխության ընթացքում օրհնանքի խոսք ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ տնօրեն տեր Վարդան աբեղա Նավասարդյանը` մասնակիցներին մաղթելով բարի ընթացք: «Մեզ համար մեծագույն ուրախություն է, որ հայրենի երկիրը մշտապես իր հայացքի ներքո է պահում ոչ միայն Արցախի եւ Հայաստանի հայորդիներին, այլեւ նրանց երկրորդ հայրենիքները, որոնց հավատաբար Սփյուռք ենք կոչում: Որպես հայ մարդիկ եւ եկեղեցու սպասավորներ` մենք մշտապես ոգեւորվում ենք եւ ներշնչվում այսօրինակ նախաձեռնություններով, որոնք քաջալերում են հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունեցող անհատներին եւ կազմակերպություններին»,-ասաց հոգեւորականը:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով. «Բոլոր մասնակիցներն ինձ համար հաղթողներ են: Մեր հանձնախմբերը տքնաջան են աշխատել եւ տարբերակել մասնակիցներին»: Տիկին Հակոբյանի դիտարկմամբ` ծրագիրը կայացել է Սփյուռքի եւ հայրենիքի շնորհիվ:Նախարարը փաստեց, որ մասնակիցներն իրենց կյանքն են նվիրաբերել հայի որակի պահպանմանը աշխարհի տարբեր ծայրերում. «Տարբեր մշակույթների եւ ռեժիմների պայմաններում նրանք կարողանում են կառչած մնալ հայությանը եւ Հայաստանին` իրենց լեզվով, դպրոցով եւ մշակույթով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ