Այսօր քո ծննդյան օրն է, ու մենք քո մասին գիտենք այնքան, որքան գիտեինք, երբ դու մեր կողքին էիր, ավելի ճիշտ՝ մենք էինք քո կողքին:
Դու չէիր կարող մեր կողքին լինել, որովհետեւ դու մեր առջեւում էիր, իսկ մենք չկարողացանք ինքներս մեզ հաղթահարել ու հասնել քեզ, լինել քո կողքին:
Դու առջեւում էիր, իսկ գնդակը միշտ կպչում է նրան, ով ինքն իրեն հաղթած, ընթանում է առջեւում, անհնարինը դարձնելով հնարավոր:
Այսօր քո ծննդյան օրն է, անհնարինը հնարավոր դարձրած Վազգեն:
Կարդացեք նաև
Այսօր ես դու աչքերդ բացել՝ տեսնելու աշխարհը, որ քո սրտի չափով պիտի ընկալեիր, եւ աշխարհը քոնն էր լինելու, որովհետեւ ունեիր աշխարհն ընկալող սիրտ:
Թե ինչ առաքելություն եւ որքան առաքինություն էր քեզ հետ աշխարհ եկել, դեռ կասի ժամանակը:
Այսօր ես դու սկսել քո երթը, որ ուղի էր դառնալու:
Եվ դարձավ:
Հիմա, ինչպես այսօր՝ ծննդյանդ օրը, Եռաբլուր գնալիս, մենք բոլորս քայլում ենք քո բացած արահետով, որ ուղի է դարձել ու դուրս գալով Եռաբլուրից ծավալվում է հայոց աշխարհում:
Մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով գալիս ենք դեպի քեզ, ու որքան գալիս ենք, այնքան դու հեռանում ես, որովհետեւ դու միշտ առջեւում ես: Առջեւում ես, որովհետեւ դու առաջնորդում ես մեզ, որովհետեւ դու առաջնորդ ես, առաջ տանող ուղի:
Այսօր քո ծննդյան օրն է, Սպարապետ, ու դու դարձար հիսունչորս տարեկան:
Հիսունչորսից քոնը քառասունն է, իսկ տասնչորսը՝ մերը: Քո քառասունը միշտ կմնա նույնը, իսկ մեր բաժին տասնչորսը տարեցտարի, ակնթարթ առ ակնթարթ կավելանա ու կդառնա հավերժություն:
Մենք ու մեզանից հետո եկողները կգանք դեպի քեզ ու չենք հասնի, որովհետեւ դու հավերժություն ես:
Այսօր քո ծննդյան օրն է, Սպարապետ, հավերժի ճամփորդ:
Այս նյութը ընտրված է Հակոբ Հակոբյանի հրատարակությանը պատրաստվող «Ինչո՞ւ եք ողջին որոնում մեռյալների մեջ» գրքից:
«Առավոտ» օրաթերթ