Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կինոյին հատկապես օրե՛նք է պետք

Մարտ 05,2013 13:56

Կինովավերագրող Արա Մնացականյանը՝ ոլորտի մասին

Անհրաժե՞շտ է, արդյոք, մշակույթին «օրենսգիրք»: Մշակույթի գործիչների մի մասը գտնում է, որ դա պարտադիր է, քանի որ մշակութային օջախները պետական-մշակութային քաղաքականություն «վարող» պետական կառույցներ են եւ ցանկացած աշխատանքում անհրաժեշտ են օրենքով սահմանված իրավահարաբերություններ: Մի մասը կարծում է, թե ընդհանրապես պետք է «ստեղծել» մեկ ընդհանուր օրենք՝ ներառելով մշակույթի բոլոր ոլորտները: Քիչ չեն այն կարծիքները, որոնց «հեղինակները» վստահեցնում են, որ անհրաժեշտ է օրենք՝ արվեստի առանձին ճյուղերի համար: Իսկ մշակութաբանների մի մասն էլ հղում անելով Կտակարանին, թե օրենքները հայտնվում են այն ժամանակ, երբ բացակայում է սերը, հավաստիացնում են, որ սիրո պտուղը կարիք չունի օրենքի: Նշենք, որ «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, որն ավելի քան 5 տարի ԱԺ-ում է, այդպես էլ մինչ օրս պատշաճ վերաբերմունքի չի արժանացել նախկին եւ ներկայիս խորհրդարանի կողմից:

Մշակույթը օրենքով վավերացնելու հարցում «Առավոտի» զրուցակիցը՝ կինովավերագրող Արա Մնացականյանը, բացառություն չկազմեց: Շուրջ 30 տարվա փորձառություն ունեցող արվեստագետը համոզված է, թե կինոարվեստին, որն իսկապես արտադրություն է, անհրաժեշտ է օրենք: «Մեր ոլորտը՝ համեմատած մյուսներին, իրոք յուրահատուկ է, ինչի համար էլ օրենսդրական դաշտում պետք է ապահովվեն կինոյի ստեղծման ու զարգացման համար նպաստավոր պայմաններ: Նախ՝ Հայաստանում օդ ու ջրի նման անհրաժեշտ է ունենալ կինոսպառման շուկա (նկատի ունի կինոթատրոնների ստեղծումը): Մենք՝ կինոռեժիսորներս, ՀՀ օրենսդրության համաձայն, անմիջապես կինոժապավեն գնելուց հետո վճարում ենք ԱԱՀ, ինչից չենք խուսափում: Պետք է հասկանալ, որ կինոժապավենը մինչեւ ֆիլմ դառնալը ընդամենը նյութ է, հետեւաբար ԱԱՀ-ն պետք է մուծել ֆիլմն ավարտելուց հետո…»,- հայտնեց Արա Մնացականյանը:

Անկախ պրոդյուսերական կենտրոն ղեկավարող կինոգործիչը, խոսելով իրենց արտադրած «Չնչիկ» գեղարվեստական ֆիլմից, հավելեց. «Ֆիլմն անվանել ենք «Չնչիկ» (ոչ մի բան): Ես այդ նկարի սցենարի համահեղինակն եմ եւ պրոդյուսերը, իսկ ռեժիսորը Արամ Շահբազյանն է, գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Լիլի Էլբակյանը: Ավարտվել են ֆիլմի նկարահանման ու մոնտաժման աշխատանքները, այս պահին ընթանում է ֆիլմի հնչունավորումը»: Նա հավելեց, որ «Չնչիկի» ստեղծման մասնակիցն են Հայաստանի կինոկենտրոնը, Բեռլինի եւ Ռոտերդամի փառատոները: Հետաքրքրությանը, թե ինչով բացատրել նման հեղինակավոր կինոփառատոների մասնակցությունը հայկական ֆիլմին, մեր զրուցակիցն ասաց. «Գերմանական փառատոները արտերկրից մշտապես ընդունում են հայտեր եւ որոշում կայացնում՝ աջակցել այս կամ այն ֆիլմին, թե ոչ: Աշխատել ենք, որ ասելիքը լինի ոչ թե զուտ հայկական, այլ համամարդկային»: Իսկ թե որն է այն համամարդկայինը, որ գրավել է գերմանացիներին, կինոռեժիսորը պատասխանեց. «Հաճախ փոքր միջավայրը (գյուղ, շրջան, բակ, դպրոց եւ այլն) իր վրա է վերցնում անհատին դատելու այնքան պատասխանատու իրավունքը, ինչը, եթե չասեմ մշտապես, ապա տոկոսային բարձր հարաբերությամբ բերում է ողբերգության: Մեր ֆիլմում գյուղացի աղջիկը սիրահարվում է «երկնքից իջած» տղային: Արդյունքում՝ հղիանում է: Այստեղ սկսվում է գյուղացիների հորդորը, թե կամ պետք է աբորտ անի, կամ էլ, ուղիղ ասած՝ վերջ տա կյանքին…»: Տարակուսանքին, թե՝ այս թեման արդիակա՞ն է Եվրոպայում, Արա Մնացականյանը ընդամենը օրինակ բերեց. նախանցյալ տարի ազգությամբ շվեդ մի մարդ իր դստերը սպանել է նույն «մեղքի» համար:

Կինովավերագրողին հարցրինք, թե այժմ ի՞նչ նկարի վրա է աշխատում: Արա Մնացականյանը հայտնեց, թե ավարտում է մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին նվիրված ֆիլմը, նշելով, որ այնտեղ շեշտադրվում է ոչ միայն դերասանուհու՝ մեծ արվեստագետ լինելը: Ֆիլմում Վարդերեսյանը ներկայացված է Սփյուռքից ներգաղթած, ծանր մանկություն ապրած հայ աղջնակից մինչեւ ընտանիքին ու զավակներին նվիրված հասուն հայ կին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031