Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե ինչպես վանաձորցի կինը ստացավ կարճված գործի նյութերը

Մարտ 05,2013 13:53

IMG_7647-(1)Թեեւ գործը կարճվել է, սակայն վանաձորցի Փնջիկ Թերոյանը շարունակում է պնդել, որ համաքաղաքացին, իր վստահությունը չարաշահելով, տիրացել է իր գումարներին:

Վանաձորցի 50-ամյա Փնջիկ Թերոյանը 2012 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2011 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում ավտոմեքենաների գնելու, վերավաճառելու եւ ստացած հասույթի կեսն իրեն տրամադրելու նպատակով նույն քաղաքի բնակիչ Արեն Աղաջանյանին է տվել 22.000 ԱՄՆ դոլար, սակայն վերջինս հիշյալ գումարով գնված ավտոմեքենան առանց իր գիտության վաճառել եւ խաբեությամբ հափշտակել է նշված գումարը:

Մի քանի ամիս տեւած նախաքննությունը, սակայն, Փնջիկ Թերոյանի օգտին չի ավարտվել: Նախաքննական մարմինը հանցակազմի բացակայության հիմքով այս տարվա հունվարի 21-ին կարճել է Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի վարույթը: «Քննիչ Մհեր Հարությունյանը հանցակազմի բացակայության հիմքով որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդում չիրականացնել»,- «Առավոտի» հետ զրույցում բողոքում է 50-ամյա կինը: Նա նշում է, որ նախաքննական մարմինն անհիմն, առանց օբյեկտիվ քննություն կատարելու է կայացրել նման որոշում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հանցագործության արդյունքում ինքը զրկվել է բավականին խոշոր գումարից:

«Նույնիսկ առերես հարցաքննությունների պահանջներ եմ ներկայացրել, որ չի իրականացվել, ավելին՝ ինձ ճանաչել էին որպես վկա, այնինչ ես տուժող եմ: Օբյեկտիվ չի քննվել գործը, կիսատ է քննվել»,- ասում է տիկին Թերոյանը: Բացի այդ՝ կինը տեղեկացնում է, որ երկարատեւ սպասումներից հետո է միայն հաջողվել իրեն ստանալ կարճված քրեական գործի ողջ նյութերի լուսապատճենները՝ տեղեկացնելով, որ քրեական գործի կարճման մասին որոշումը ստանալուց հետո մինչեւ այս տարվա փետրվարի 26-ը նախաքննական մարմինը անընդհատ ձգձգել է քրեական գործի նյութերի լուսապատճենները տրամադրելը: «Քննիչ Մհեր Հարությունյանը, թեեւ չէր մերժում պահանջս, այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ դիմում էի գործի ողջ նյութերի լուսապատճենները ստանալու համար, որպեսզի կարողանամ բողոքարկել, ձգձգում էր, ասում էր՝ էսօր կտամ, վաղը կտամ, վերջերս էլ ասաց, որ գնամ լուսապատճենմամբ զբաղվող իր կողմից նշված տարածք, եւ այնտեղ վճարելուց հետո ստանամ այդ նյութերը: Սակայն, երբ հասկացա, որ ինձ վճարման համար ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, խուսափեցի վճարել եւ նորից մնացի առանց քրեական գործի ողջ նյութերի»,- հիշում է տիկին Փնջիկը:

Նա տեղեկացնում է, որ օրերս, սակայն, իրեն է զանգահարել քննիչ Հարությունյանը եւ պայմանավորվել քրեական գործի ողջ նյութերի պատճենները տրամադրելու համար:

«Մինչ այդ, առավոտյան խոսել էի քննիչ Նարեկ Օսյանի հետ: Երբ պահանջեցի, որ հաշվեհամար տրամադրեն, որպեսզի լուսապատճենները ստանալու համար վճարեմ բանկում, ասացին, որ նման բան չկա, մենք չենք կարող հաշվեհամար կամ ՀԴՄ տրամադրել, առանց հաշվեհամար պետք է վճարես, որ տրամադրենք լուսապատճենները: Ասացի, որ այդպես՝ առանց կտրոնի չեմ վճարի, եւ այս ամենի մասին կտեղեկացնեմ համապատասխան մարմիններին: Այդ խոսակցությունից հետո, սակայն, քննիչ Մհեր Հարությունյանը զանգահարեց եւ ասաց, որ կարող եմ գնալ, վերցնել լուսապատճենները՝ թե նվեր եմ տալիս, փող չեմ ուզում»,- պատմում է վանաձորցի կինը: Սակայն լուսապատճենները ստանալուց հետո էլ Փնջիկ Թերոյանի անհանգստությունները չեն ավարտվել: Նա ասում է, որ թեեւ այժմ կարող է ծանոթանալ նյութերին եւ բողոքարկել կարճման որոշման դեմ, այնուամենայնիվ, ստացված գործի նյութերը անկանոն են, պակաս էջերով, էջեր էլ կան, որ մի քանի օրինակից են:

«Գործիս նյութերը տրամադրել են աղավաղված, անկանոն են, պակաս են, կիսատ, կեղծ, մի էջից մի քանի օրինակ, ներկայացվել է ոչ պատշած վիճակում, առկա է չկնիքված լիազորագիր եւ այլն»,- լուսապատճեններն է ցույց տալիս 50-ամյա կինը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031