Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանական համակարգը ինքնաքանդման խնդիր ունի»

Մարտ 05,2013 13:46

Հետընտրական գործընթացների ու դրանց զարգացման մասին «Առավոտը» զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ, որի կարծիքով՝ ցանկացած համակարգ եթե չի կարող վերափոխվել, դատապարտված է ինքնաքանդման:

– Պարոն Մեսրոպյան, ի՞նչ եք կարծում՝ ներկայիս իշխանությունների դեպքում ընդդիմությունն ու ժողովրդի այս պայքարը կարո՞ղ են որեւէ խնդիր լուծել:

– Կառավարման մեջ մի բան կա. եթե ինչ-որ ռազմավարություն կամ մարտավարություն պարբերաբար չի տալիս որեւէ արդյունք, ուրեմն դա պետք է փոխել: Նույն ճանապարհով գնալը կլինի նույն արդյունքը: Նախ պետք չէ այս համակարգի ներսում գտնել որեւէ լուծումներ, 1991-ից ձեւավորված այս համակարգում: Պետք է ստեղծել սեփական համակարգ: Սա նշանակում է, որ ժողովրդի ընդվզումը պետք է ոչ թե ուղղել ստեղծված համակարգում ինչ-որ 2-3 քայլ առաջ գնալուն, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանին դիմելը, երեւի պարզ է բոլորիս, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին չի լինի որոշումը: Սա նշանակում է նորից նույն համակարգում փորձել գտնել լուծումներ, բայց սա չի նշանակում, որ պետք չէ դիմել ՍԴ: Հետեւապես ժողովրդի ընդվզումը պետք է տանել կառուցողական ուղղությամբ՝ ստեղծել այլընտրանքային կառույցներ, սկզբում՝ դրանց սաղմերը: Մասնավորապես՝ ստեղծել անցումային փուլի այլընտրանքային կառույց՝ արդարադատական, օրենսդիր եւ գործադիր կառույցներ: Օրինակ՝ Մաշտոցի պուրակում ստեղծվեց հասարակական դատարան, որոշվեց ապամոնտաժել կրպակները, որից հետո սկսեցին ստեղծվել ապամոնտաժող բրիգադներ, 1,5 ամիս գնում էր գործընթացը, վերջում իշխանությունները նահանջեցին:

– Մաշտոցի պուրակի լայնածավալ տարբերակը Ազատության հրապարակում է, սա «սառը ցնցուղ» կլինի՞ իշխանության համար եւ կտանի՞ լուրջ փոփոխությունների:

– Կառավարման մեջ կա մի բան՝ ցանկացած համակարգ եթե չի կարող վերափոխվել, այն դատապարտված է ինքնաքանդման: 1991-ից ժողովրդի ընդվզումը գնում է: Սա նշանակում է, որ համակարգը չի կարողանում վերափոխվել, սա նշանակում է՝ իշխանական համակարգը, բնական է, որ ինքնաքանդման խնդիր ունի, այդպիսի՞ համակարգեր են քանդվել: 1985 թվից փորձվեց ինչ-որ բան վերափոխել, համակարգը քանդվեց, ես չեմ բացառում նաեւ արտաքին ուժերին, խորհրդային համակարգը վերափոխվել չէր կարող, ինքնաքանդվեց:

– Այսինքն՝ այս իշխանությունների համակարգը կքանդվի՞, եթե որեւէ բարեփոխումներ չիրականացնի:

– Եթե հրաշք կատարվի, եւ այս համակարգը սկսի որակապես փոխվել, ես այստեղ մի սկզբունք ունեմ՝ աչքս տեսնի, ձեռքս՝ շոշափի:

– Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կգնա՞ բարեփոխումների եւ համակարգը կմաքրի՞ ժողովրդի կողմից մերժված օլիգարխ պատգամավորներից եւ պաշտոնյաներից, որպեսզի փրկի համակարգը:

– Կարծում եմ՝ չի կարող, պարզ օբյեկտիվ պատճառներ կան՝ 91-ից մարդկանց մի հատված պտտվում է իշխանական բուրգում, մեկ՝ ընդդիմություն, մեկ՝ իշխանություն, եւ քանի որ նրանք միեւնույն օլիմպոսում են եղել, արդեն տարբեր ձեւերով կախված են միմյանցից, ոչ մի մարդ այնտեղ ազատ չէ:

– Այս ամբողջ պայքարը ինչի՞ կհանգեցնի:

– Եթե ընդդիմությունը իր շարժումը տանի այնպես, ինչպես 96 թվականից, այն կավարտվի կամ բախումներով, կամ կմարի: Շարժումը պետք է գնա կազմակերպչական ճանապարհով, ստեղծվի անցումային փուլին բնորոշ 3 ուղղություններով, որն արդեն նշեցի:

– Ավելի լուրջ խնդիրներ լուծելու համար ժողովրդի ընդվզող հատվածը ի վիճակի՞ է ինչ-որ բան պարտադրել իշխանություններին Ձեր նշած՝ Մաշտոցի պուրակի օրինակով:

– Նախ՝ այս անգամվա ընդվզումը վերջնականապես պետք է թաղի այն խոսակցությունը, որ ժողովուրդը ծախվող է, թույլ է: 1996-ից հետո քանի՞ ընտրություն է եղել, ու ժողովուրդը շարունակում է ընդվզել, ես բարձրաձայն ասում եմ՝ հալալ ա մեր ժողովրդին:

– Իսկ եթե այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը չլիներ, այլ լիներ նախագահի մեկ այլ թեկնածու, մեր «հալալ» ժողովուրդն էլի կընդվզե՞ր, կհավաքվե՞ր Ազատության հրապարակում:

– 1996-ից թիրախն այդ ընդվզման այն է, որ չեն ընդունում այս համակարգն ու կադրային քաղաքականությունը, որը Հայաստանում ձեւավորվել է 91-ից: Ընդդիմադիր ազգանունները փոխվում են, բայց ժողովուրդն էլի ընդվզում է այս իշխանական համակարգի դեմ: Իսկ ընդդիմադիր ուժերի ցանկն ամեն անգամ փոխվում է: Ժողովուրդը դեմ է համակարգին, ամեն մեկն իր համար գնահատում է՝ որն է այն անձը, որը տանում է շարժումը, ինքը դեմ քվեարկելով՝ կողմ է անձին: 96-ին եղել է Վազգեն Մանուկյանը, եւ այդպես մինչեւ հիմա: Ժողովուրդը շատ պրագմատիկ դիրքորոշում է ցույց տալիս, պատճառահետեւանքային կապերով է մտածում, այս իմաստով էլի հալալ է: Ժողովուրդը հասկանում է՝ դեմ լինելը պետք է շարունակվի, այդ ցուցակից, ում համարում է ընդդիմադիր, ինքն իր պատկերացմամբ՝ գտնում է ծանրակշիռ անձին:

– Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը կարծես ժողովուրդը դրական չընդունեց, դա կթուլացնի՞ պայքարը:

– Բոլոր ժամանակների ընդվզումը, երբ սկսում էին առաջ տանել այս կամ այն ընդդիմադիր անձի կողմից, այս պահից փորձ է արվում բոլոր ուժերի հետ սկսել ինչ-որ բանակցություններ: Այստեղ պետք է զգույշ լինել եւ հասկանալ, որ այս ամբողջ ելեւէջներին հետեւում է ժողովուրդը եւ իր մեջ սեւ ու սպիտակի տրամաբանություն ունի: Այն պահից, երբ կոնսոլիդացնելու է իրոք առողջ ուժերին, իմացեք՝ այդ շարժումը կունենա ապագա: Եթե այդ շարժման մեջ են մարդիկ, իսկ ցանկացած ընդվզման մեջ փորձում են ներխուժել նախորդ իրադարձություններում տարբեր դիրքերում գտնվող անձինք, որ ժողովուրդը ունի տարբեր պատկերացում այդ մարդկանց մասին, եթե ուզում ենք, որ շարժումն արդյունք ունենա, պետք է զբաղվեն մարդիկ սպիտակ հետագծով: Մարդիկ, որոնք քչից-շատից գտնվել են այս համակարգում, որը ես բնութագրում եմ 91-ից անկում ապրող, հիմա ավելի լուրջ խնդիրներ ունի ինքնաքայքայման: Մարդիկ, որոնք այդ համակարգում են եղել, երբեք չպետք է, որ լինեն այս շարժման մեջ, որովհետեւ մարդը, որը մասնակցել եւ աշխատել է անկում ապրող համակարգում, ռուսի ասած՝ տՏ ՏտՐպՊպսպվՌþ չի կարող արդյունավետ լինել, կապ չունի՝ լավ, թե վատ մարդ է:

– Երբ ՀՅ Դաշնակցությունը, որը եւս եղել է իշխանություն, կանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ժողովուրդը ողջունեց, բայց երբ օրերս ԲՀԿ-ի հետ հանդիպում եղավ, քննադատվեց. սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Իմ կարծիքով՝ ժողովրդի մոտ զուգահեռներ գնացին, երբ ՀԱԿ-ն ու «Բարգավաճը» միասին ինչ-որ բաներ սկսեցին քննարկել: Բոլոր դեպքերում այդ համագործակցության, հանդիպումներից առաջ պետք է միշտ հաշվի առնել ժողովրդի՝ արդեն ձեւավորված պատկերացումները: Բոլոր ասպարեզներով ու իմաստներով միայն նորը կարող է փոխարինել հնին, կիսանորը կամ կիսահինը երբեք չի կարող փոխարինել՝ կստացվի նորից հինը: Բացի նշածս ինքնակազմակերպումից, պետք է ուշադրություն դարձնել շարժման կադրային բազայի վրա, պետք է թիմ ձեւավորվի, եթե ոււզում եք որոշում կայացնել, առաջին հերթին պետք է որոշեք՝ ինչ չի կարելի անել, եթե ուզում եք որոշել՝ ով պետք է լինի թիմում, նախ որոշեք՝ ով չպիտի լինի թիմում, եւ պարտադիր պետք է ներգրավված լինի երիտասարդությունը: Այս անգամ բոլոր հիմքերը կան, որ այս շարժումը չկրկնվի որպես նախորդ շարժում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Հալալ բառը չակերտի մեջ դնելը ինձ հետաքրքիր թվաց, չնայած եթե ,ինքնակալի անունը չակերտի մեջ դնես բան դժվար փոխվի;Նա իրեն և իր ազգին 4 տարի առաջ է չակերտների մեջ դրել;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031