Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահա 830 հազարը

Մարտ 05,2013 13:40

ՀՀԿ-ական պատգամավորի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Վերջին խորհրդարանական քառօրյայում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հարց-մտահոգություն հնչեցրեց՝ առ այն, որ եթե իսկապես նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը՝ 800 հազարից ավելի ձայներով, ապա որտե՞ղ են այդ մարդիկ: «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համակարգող, ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ իսկապես՝ որտե՞ղ են այդ մարդիկ: Ի դեպ, այս կազմակերպությունը նախագահական ընտրություններում սատարել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Տաճատ Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «մեծամտելով»՝ պատասխանեց հարցին. «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունեցած իմ  ողջ հարգանքով հանդերձ՝ պետք է նկատեմ, որ դա մի տեսակ աբստրակտ հնչեղություն է: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ ո՞ւր են այդ ձայները: Այսինքն՝ պետք է մի հրապարակ հրավիրել այդ 830 հազարը գերազանցող ընտրազանգվածին, մեկ առ մեկ հաշվել եւ ասել՝ ահա 830 հազա՞րը: «Վիրահայերի միասնությունը» սատարել եւ սատարում է գործող նախագահին, այդ թվում նաեւ տասնյակ հասարակական, քաղաքական կառույցներ: ՀՀ-ում հարյուր հազարավոր ջավախահայեր եւ վիրահայեր են ապրում՝ թիֆլիսահայեր, համշենահայեր եւ այլն: Ես չեմ ասում, որ մեկ ընտրողի բացարձակ ճշտությամբ բոլորը Սերժ Սարգսյանին են ընտրել, բայց տեղյակ եմ, որ մեծամասամբ ընտրել են. դա լուրջ բեկոր է 830 հազարի մեջ»: Տ. Վարդապետյանն էլ իր հակընդդեմ հարցն է ուղղում Ն. Փաշինյանին՝ իրատեսական չէ՞ այն, որ 1988 տեղամասերից եւ ոչ մի բողոք կամ հատուկ կարծիք չի եղել «Ժառանգության» կողմից:

Տաճատ Վարդապետյանն այն կարծիքին չէ, որ ներքաղաքական կյանքում կրքերը թեժանում են: Հակառակը՝ վկայակոչելով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի մասնակիցների «օրեցօր նվազող» թվաքանակը՝ նա գտնում է, որ կրքերն ավելի շատ հանդարտվում են: Րաֆֆի Հովհաննիսյանին համարելով «բարձր ինտելեկտի տեր քաղաքական գործիչ»՝ մեր զրուցակիցը վստահ է, որ նա այնպիսի գործողություններ թույլ չի տա, որոնք նոր «մարտի 1»-ի կհանգեցնեն, քանի որ դրա պտուղները մեկ անգամ մեր պետությունը վայելել է: Վստահ է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ «կառուցողական եւ առանց ամբիցիաների ձեռքսեղմում կլինի»: Նրա գնահատմամբ՝ ընդհանրապես թե ընտրարշավը, թե բուն ընտրական գործընթացները «հետաքրքիր բովանդակություն» ունեին, եւ անկախ հակասական կարծիքներից՝ ինքը դրական է գնահատում ողջ ընթացքը, քանի որ «արդյունքում ունեցանք լավ ընտրություններ՝ առանց թշնամական մթնոլորտի»: «Քաղաքական երկխոսությունն ընթացքի մեջ է»,- վստահ է ՀՀԿ-ական պատգամավորը, քանի որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումն արդեն կայացել է, պարզապես «համաձայնությունը դեռ չի ուրվագծվում, որովհետեւ, կարծես, նախագահի նախկին թեկնածու, հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջներն իրատեսական չեն»: Մեր զրուցակիցը նկատի ունի, մասնավորաբար, խորհրդարանը ցրելու եւ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու «Ժառանգության» առաջարկը. «Ինչի՞ համար ենք խորհրդարանը ցրում, երբ ընդամենը վեց ամիս առաջ մենք նորից՝ նախադեպը չունեցող հաջողությամբ խորհրդարանական ընտրություններ անցկացրինք: Ամեն դեպքում անհասկանալի է, թե ի՞նչ պատճառով պետք է այսօր խորհրդարանը ցրենք: Եթե ինչ է՝ ինչ-որ մի թեկնածուի օգտին չի եղել ընտրությունների արդյունքը կամ ինչ-որ առարկություններ ունի, վերցնենք ու խորհրդարանը ցրենք՝ մենք Սահմանադրություն կխախտենք: Եվ վերջապես պետք է իրողության հետ հաշվի նստել: Ոչ մի ժամանակ էլ 36 տոկոսն ավելի մեծ չի եղել, քան 58 տոկոսը՝ թվաբանական որ օրենքն էլ կիրառենք: Գուցե «Ժառանգության» ակնկալվող արդյունքները գերազանցվել են, բազմապատկվել են ինչ-որ գործակցով, որովհետեւ ընդամենը կես տարի առաջ իմ կողմից անչափ հարգված Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած քաղաքական ուժը մի կերպ հաղթահարեց նվազագույն շեմը եւ մտավ խորհրդարան: Ներողությամբ, բայց պետք է նշեմ, որ այն էլ այն պարագայում, երբ դաշինք կազմեց «Ազատ դեմոկրատների» հետ: Ես կասկածում եմ՝ իրենց առանձին գնալու դեպքում այդ շեմը կհաղթահարվե՞ր, թե՞ ոչ»: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու «Ժառանգության» առաջարկի վերաբերյալ կարծիք էր հայտնել, թե այդպիսով «Ժառանգությունը» իր «տունը կքանդի», քանի որ մայիսին «մի կերպ» էր հաղթահարել նվազագույն շեմը: Հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է ՀՀԿ-ական պատգամավորը կուսակցական ղեկավարի այս մոտեցումը: «ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքն ինձ համար ընդունելի է, բայց ես իմ տեսակետն ունեմ. ես, գուցե, ձեռնպահ կմնամ այդ «մի կերպը» ասելուց, բայց գտնում եմ, որ դաշինքի արդյունքում հաղթահարվեց նվազագույն շեմը: Այո, կիսում եմ խմբակցության ղեկավարի կարծիքն այն առումով, որ եթե անգամ ցրվի խորհրդարանը, մենք չենք կարող կանխատեսել «Ժառանգություն» քաղաքական ուժի համար այնպիսի արդյունքներ, ինչպիսիք եղան նախագահական ընտրություններում՝ այն հաստատուն համոզմամբ, որ այդ 530 հազար մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» ուխտավորնեը չէին»: Մեծագույն հարգանք տածելով կես միլիոնը հատող այն ընտրազանգվածի նկատմամբ, որը ձայն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, մեր զրուցակիցը նկատում է, որ նրանք բոլորը չէ, որ հենց իր համակիրներն էին. «Նրանք օբյեկտիվ դժգոհություն ունեցող մարդիկ էին, որոնց պահանջների, խնդիրների հետ պետք է իսկապես հաշվի նստել, եւ հենց դրան են ուղղված առաջին հերթին նախագահի մոտեցումները, իշխանությունների նախաձեռնելիք քայլերը: Զուտ ցանկությամբ հնարավոր չէ Հայաստանը դարձնել մի օազիս՝ տարածաշրջանում: Սերժ Սարգսյանի նախագահական վերջին հնգամյակում իշխանությունը եւ նախագահը լուրջ քայլեր են նախատեսում, որոնք էապես լուրջ հաջողությունների կբերեն մեր պետության առաջընթացը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կ. says:

    քաղցր բան են էլի էդ պաշտոններն ու աթոռները…..տես, թե ոնց են ատամներով պաշտպանում ու պաշտպանվում……

  2. Ալեքսանդր says:

    Անառարկա վիճելու փոխարեն հրապարակեք ստորագրություններով քվեարկության ցուցակները: Հասարակ թվաբանությունը կլուծի ձեր վեճը: Ես էլ կնայեմ. թե արդյո՞ք Հայաստանում բացակա իմ հարևանի փոխարեն քվերարկել են: Երկրորդ կան երրորդ դասարանի խնդիր է:

  3. Տիգրան says:

    Ժամանակակից պետություններում Արդարությունն սկսվում է արդար ընտրություններով: Ինչպես կարող է մի կառավարություն նվիրված լինել պետականության գաղափարներին, եթե նա ի սկզբանե ոչնչացնում է պետության ձևավորման հիմքն ու բազան, որի վրա պետք է հենվի այն, ինչ անվանում ենք արդարություն: Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում հարևան պետությունները միշտ ձգտել են գահին նստեցնել անճարակ, տգետ, նյութամոլ թագավորների, որը նրանց միշտ հաջողվել է, և այդպիսով ոչնչացնել Հայկական պետականությունը… Այնպես որ, զարմանալի չէ օտար պետությունների դիրքորոշումը… Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր գրողներն էլ իրենց հերթին նպաստել են քաղաքական մտքի բթացմանը` մեր մի շարք թագավորների, որոնք իրականում կործանել են Հայքը իրենց ապաշնորհությամբ, ներկայացնելով որպես վեհամիտ ու ազնիվ մարդկանց: Օրինակ արշակ երկրորդը, որն իրականում պետականության ոչնչացման հիմքը դրեց իր ընրաքաղցութմաբ, նախարարական ամբողջվ տոհմեր դավադրաբար ոչնչացնելով միայն նրանց հարստությանը տիրանալու համար, մեր մի շարք գրողների կողմից ներկայացվել է որպես լուջ թագավոր և այլն… Իրականում, գրող կոչվածները շատ մեծ վնասներ են տվել ժողովրդին, նրանց ներկայացնելով մանր ղեկավարների, այդպիսով մանրացնելով ընթերցողներին… Անկախ նրանից, ով է ընտրվել, ժողովուրդը պարզապես բնազդաբար ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ հավաքական բնազդը միշտ ավելի իրական ու ճշմարիտ է ցանկացած վերլուծությունից, չէ որ մենք չենք տիրապետում բոլոր փաստերին ու տեղեկոյթւոյններին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031