Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան «բարեւի մեջ արեւ կա», այդքան հարթակի վրա ասելիք պետք է լինի

Մարտ 05,2013 13:37

Հարթակից «բարեւ»-ով երկար զբաղեցնել չի լինի

Մարտի 2-ին եւ 3-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ, իսկ երեկ Ր. Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը դիմել են ՍԴ, նրանք վիճարկում են «ՀՀ Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ ԿԸՀ-ի փետրվաի 25-ի որոշումը:

Ր. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ շաբաթ օրը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ր. Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճգնաժամի հետ առնչվող խնդիրներ: «Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում՝ ընտրական իրավունքի հարգում: …ԲՀԿ-ն եւս գտնում է, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը։ Գ. Ծառուկյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, համաձայն որի՝ ԲՀԿ-ն եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին»,- ասվում էր հաղորդագրությունում։ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը փոխանցել է որոշ մանրամասներ։ Նրա խոսքով՝ Ր. Հովհաննիսյանը ասել է, որ բոլոր կուսակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը, ինչպես նաեւ ՀՀԿ-ի մի մասը «կարող են միասին քաղաքացիական հասարակություն ձեւավորել եւ վերադարձնել իշխանությունը ժողովրդին»։ Իսկ Ծառուկյանը, ըստ Տոնոյանի, նշել է, որ կարող են հանդիպել «Ժառանգություն» եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները միմյանց հետ եւ քննարկել այն խնդիրների լուծումը, որոնք «կարող են օգուտ տալ ժողովրդին»։

Կիրակի օրը Ր. Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ, ապա՝ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչների հետ: Մամուլում տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ այս օրերին ՌԱՀՀԿ կենտրոնում անցկացվող քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ գործիչների հետ հանդիպման շրջանակներում Գ. Ծառուկյանի հետ հանդիպումից հետո կայացած քննարկումներից մեկի ժամանակ խոսակցություն է ծավալվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման հնարավորության շուրջ:

Թվում է, թե ամեն ինչ հետընտրական քաղաքական կյանքին բնորոշ քայլերով առաջ է ընթանում։ Սակայն օր օրի ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ հրապարակում գտնվող Ր. Հովհաննիսյանը «նոր մշակույթով» գնում է նախորդների՝ հին ճանապարհով։ Ավելին՝ եթե 2008-ից հետո ընդդիմության առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանին հաջողվեց չորս տարի ժողովրդին պահել փողոցում, դրա պատճառը թերեւս այն էր, որ նրա հանրահավաքային ելույթները լինելով թե՛ ծրագրային, թե՛ իրադարձային-թեմատիկ, այնուամենայնիվ՝ հասարակության մի հատվածին հետաքրքիր էին գոնե լսելու համար: Իսկ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Ազատության հրապարակում, սկսում է ավելի ու ավելի անհետաքրքիր դառնալ հասարակ միտինգավորի համար:

Առհասարակ, տպավորություն է ստեղծվում, որ բացի Ր. Հովհաննիսյանից՝ մնացած ուժերը կամ անհատները ավելի լավ են գնահատում իրավիճակը, համենայնդեպս՝ իրենց պատկերացրածը կարողանում են ներկայացնել հասարակությանը ավելի հստակ, քան Ր. Հովհաննիսյանը։ Իսկ նրանք, ովքեր չեն ներկայացնում, ակնհայտ է նրանց շահագրգռվածությունը, եւ դա չեն էլ թաքցնում:

Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումն, օրինակ, տարաբնույթ քննարկումների առիթ հանդիսացավ: Մարտի 1-ի խորհրդանշական այդ օրը, երբ պարզվեց, որ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի ողբերգության հինգերորդ տարելիցին որեւէ կերպ չեն անդրադառնում (Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից նման քայլը, իհարկե, անակնկալ չէր կարելի համարել), դրա հաջորդ օրը Ր. Հովհաննիսյանը հանդիպում է Ծառուկյանի հետ, ընդ որում՝ ինքն է այցելում Ծառուկյանին, այլ ոչ թե ԲՀԿ նախագահն է հրապարակ գալիս, թեեւ անվերջ հայտարարում են՝ «ԲՀԿ-ն եղել ու լինելու է ժողովրդի կողքին»:

Փորձենք հասկանալ, ի՞նչ է քննարկում Ր. Հովհաննիսյանը քաղաքական ուժերի, անհատների հետ: Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություններ են ընթացել՝ ՀՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց օրակարգում երեք հարց է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում, համամասնական ընտրակարգի անցում՝ երկու տարվա ընթացքում, ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։ Այս կետերի քաղաքական հիմնավորումները մինչ այժմ չեն հնչել՝ ո՛չ նշված պահանջների անցկացման հերթականության վերաբերյալ, ո՛չ էլ ընդհանրապես դրանց մեխանիզմների վերաբերյալ: Ավելին, Ր. Հովհաննիսյանի հայտարարություններում ազգի խնդիրները լուծելու պատրաստակամությունից բացի՝ որոշակիություն առայժմ չկա: Արտաքին քաղաքականության ոլորտում իշխանությանը հակադրվելու հիմքերի մասին խոսելն ավելորդ է, քանի որ այդ հիմքերն այնքան թույլ են (իսկ միջազգային հանրության համար՝ անընկալելի), որ ավելի լավ է հարթակից այդ ուղղությամբ ելույթներ չհնչեն:

Միակ հնարավոր քաղաքական օրակարգի ձեւավորման հիմքը առայժմ Ր. Հովհաննիսյանի ակնարկներն են՝ Սերժ Սարգսյանին լսելու ցանկության մասին: Արդեն մի քանի անգամ Ր. Հովհաննիսյանը նշել է, որ եթե Ս. Սարգսյանը ունի «համազգային տագնապը հաղթահարելու» լուծումներ՝ պատրաստ է լսել նրան, եւ որ իր միակ զրուցակիցը Ս. Սարգսյանին է համարում, իսկ օրերս էլ անդրադառնալով նրա հետ հանդիպմանը՝ ասաց. «Պարոն Սարգսյանը ինչ առաջարկի, ես երկխոսությունից վախեցողը չեմ»:

Ընդդիմության անելիքների շուրջ անորոշությունը՝ մի կողմից, քաղաքական այլ ուժերի՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» ձգտումները՝ մյուս կողմից հիմք են տալիս հուսալու, որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությունը գոնե կարող է ավելի ռացիոնալ լինել ու ընդդիմության պահանջների կատարման առումով՝ ավելի արդյունավետ։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031