Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Միայն սոցիալական չէ

Մարտ 05,2013 13:34

Իշխանությունն ու ընդդիմությունը՝ իրենց համախոհներով հանդերձ, ընտրությունների արդյունքները մեկնաբանում են՝ ելնելով իրենց քարոզչական նպատակներից: Ընդդիմությունը կենտրոնանում է բազմաթիվ եւ բազմապիսի այլանդակությունների վրա, որոնք, անշուշտ, տեղի են ունեցել այս ընտրությունների ժամանակ՝ չնայած նույն ընդդիմությունը բավարար ջանքեր չի գործադրել այդ ապօրինություններին իրավաբանական ձեւակերպումներ տալու համար: Իսկ իշխանությունն էլ ասում է՝ դե, սոցիալական խնդիրները շատ են, դժգոհները՝ նույնպես, հենց այդպես էլ պետք է լիներ: Ընդ որում, երկու կողմերն էլ երբեմն «մարտի են նետում» իրենց անփորձ ներկայացուցիչներին, ինչի արդյունքում տեղի են ունենում որոշ թյուրիմացություններ: Բայց ներկա իրավիճակի լուրջ, խորքային վերլուծություն, այնուամենայնիվ, չկա, քանի որ այն, ինչ մեզանում կոչվում է «քաղաքագիտություն» կամ «սոցիոլոգիա», իրականում «կցված է» այս կամ այն քաղաքական ուժին: Ի դեպ, ինչպես եւ լրագրության մեծ մասը:

Ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, երեւի կան մասնագետներ, որոնք ոչ մեկին, կներեք արտահայտությանս, «բալետ չեն անում»: Նրանց բանական, էմոցիաներից (սիրուց եւ ատելությունից ) զուրկ բացատրությունները ինձ, օրինակ, հետաքրքիր կլիներ լսել: Եվ ամենակարեւոր հարցը, որն ինձ հետաքրքրում է՝ արդյոք խնդիրը միայն սոցիալակա՞ն է՝ սոցիալական նեղ իմաստով, մարդկանց եկամուտների, կենսամակարդակի հետ կապված: Վերցնենք, օրինակ, Քաջարան քաղաքը: Գործազրկության մակարդակն այնտեղ բարձր չէ՝ մարդիկ աշխատում են կոմբինատում, ստանում են աշխատավարձ, որի մասին Երեւանում էլ շատերը կերազեին: Ինչի՞ց են, ուրեմն, մարդիկ դժգոհ: Ահա այստեղ է պետք հասարակագիտական սթափ վերլուծություն եւ ոչ թե անեծքների կամ գովասանքների տարափ: Ես կարող եմ դատել միայն «աչքաչափով»՝ առանց գիտական ընդհանրացումների: Իմ տպավորությամբ՝ մարդիկ այլեւս չեն հանդուրժում եւ այսուհետ ավելի քիչ են հանդուրժելու, երբ ոտնահարվում է իրենց արժանապատվությունը: Երբ, ենթադրենք, նույն Սյունիքի մարզպետը տարիներ, կարելի է ասել՝ տասնամյակներ շարունակ իրեն ամբարտավան է պահում, իրեն թույլ է տալիս մարդկանց վախեցնել, ստորացնել, արհամարհել, քաղաքացիների մեջ զայրույթ է կուտակվում, որն իր լավագույն, զուսպ, քաղաքակիրթ արտահայտությունն է ստանում քվեատուփերի մոտ: Երբ նման պաշտոնյաներին տասնամյակներ շարունակ աշխատանքից չեն հանում, այդ զայրույթը, բնականաբար, տարածվում է նաեւ նրանց վրա, ովքեր տվյալ անձնավորությանը պահում են իր պաշտոնում: Կոնկրետ մի դեպք մեր պրակտիկայից: Բագրատյանի հանրահավաքին մասնակցած մի սիսիանցի «Առավոտի» խցիկի առաջ «իր սրտի խոսքն» ասաց նույն մարզպետի հասցեին: Հաջորդ օրն այդ քաղաքացուն ստիպել են «պաշտոնական ալիքով» ներողություն խնդրել «լեզվի սայթաքման» համար ու հայտարարել, թե լրագրողն իրեն խմեցրել է: Դուք կարծում եք՝ այդ մարդու, նրա ընտանիքի, նրա ընկերների համար նման ստորացումը հե՞շտ է տանել:

Խնդիրը, հետեւաբար, միայն սոցիալական չէ: Հուսով եմ՝ իմ այս համեստ դիտարկումը մասնագետները կհաստատեն, իսկ իշխանավորները հաշվի կառնեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. David says:

    Փոքր ազգերը ապրում են բարոյականության հաշվին, խառնվում դրա պակասից, կործանվում դրա կործանման հետ;Ես այսպես եմ մտածում;

  2. Maxim says:

    Ես կարծում եմ, որ սոցիալական խնդիրը ավելի շատ հետևանք է,՝ բարոյականից:

  3. Գրիգոր says:

    Միևնուն է, ամեն ինչը գալիս է սոցիալականից:Եթե սիսիանցի քաղաքացին չվախենար իր աշխատատեղը կորցնելուց և այլևս աշխատանք չգտնելուց, նա ստիպված չէր լինի մեղանչել իր արարքի համար: Շատերս շատ բաներ չլեսու ու չտեսնելու տեղ ենք դնում ընտանիքը սոված չթողնելու վախից: Պարզապես դեռ չի եկել հայտնի լոզունգի ժամանակը – нам нечего терять кроме своих цепей

    • տիկո says:

      Ամեն ինչի հիմքը անպատժելիությունն է, կոռուպցիա եվ կաշառքով. Միայն եվ միայն օրենքի առաջ ընտրովի պատասխանատվությունը. Բոլոր տիպի իշխանիկները կարգի կգան եթե իմանան ամեն մի ստորակետի համար պատասխան են տալու օրենքով. Մնացած խոսակցությունները անիմաստ են.

      • Գրիգոր says:

        իհարկե, համաձայն եմ…բայց անպատժելիությունն ել գալիս է մեկի մոտ շատ փող ունենալուց և մյուսի մոտ նրա պակասությունից: Իմ խորին համոզմամբ աշխարհում ամեն ինչի հիմքում փողն է, լինի դա պատեռազմ թե հեղափոխություն…

        • տիկո says:

          Բոլոր երկրներում էլ կան հարուստներ , միջին խավ եվ աղքատներ. Ու եթե ձեզ թվում է ամեն տեղ նույնն է ինչ Հայաստանում սխալվում եք.

          • Գրիգոր says:

            համոզված եմ, որ մենք իրար ճիշտ ենք հասկացել, պարզապես կարճ մեկնաբանություններում դժվար է արտահայտել այն ամենը ,ինչի մասին մտացում ես

  4. Մարգար Մախսուդյան says:

    ՛՛Երբ նման պաշտոնյաներին տասնամյակներ շարունակ աշխատանքից չեն հանում, այդ զայրույթը, բնականաբար, տարածվում է նաեւ նրանց վրա, ովքեր տվյալ անձնավորությանը պահում են իր պաշտոնում՛՛:
    Հարգելի պրն Աբրահամյան, իսկ առավել կարևոր չէ՞, թե որն է նման մարդկանց տասնամյակներ շարունակ նույն պաշտոնում թողնելու պատճառը: Այդ հարցին պատասխանելու համար ընդամենը պետք է համադրել տվյալ բդեշխության՝ հերթական արդար ու թափանցիկ ընտրություններում ցույց տված բացառիկ արդյունքները, որոնց վրա էլ հենվում է նրան սնող ու նրանից սնվող համակարգը: Ձեր բերած օրինակը իրոք շատ տիպական էր. մարդը, նախ ասում է, որ խորին զզվանք է ապրում իր մարզպետից, և դա ասում է այնպես, որ նրա սթափությունն ու անկեղծությունը կասկած չեն հարուցում, իսկ հաջորդ օրը պնդում՝ թե խմած եղել՝ ասել է: Բայց մյուս կողմից էլ, չէ՞ որ, խմած մարդիկ շատ ավելի անկեղծ են լինում:
    Կուզենայի ուշադրություն հրավիրել այդ դեպքի՝ ըստ էության նախադեպի հետ, որը տեղի ունեցավ արդեն հանրահայտ դարձած Մովսես գյուղում: Տարեց գյուղացին նախ բողոքեց թե աշխատատեղերի բացակայության պատճառով որդիները մեկնել են Ռուսաստան, իսկ երկու օր անց, երբ մամուլում լայնորեն քննարկվում էր Սերժ Սարգսյանի մեղավորության կամ անմեղության հարցը, նույն մարդը զանգահարել էր խմբագրություն և հայտնել, թե ինքը ճիշտ չի ասել, որ իր որդին իրականում գյուղում է, ուղղակի ՛՛գյուղացոց համար ա ասել՛՛: Ի՞նչ եք կարծում, նա իր սեփական նախաձեռնությա՞մբ էր զանգել, կամ եթե նույնիսկ ՛՛գյուղացոց համար ա ասել՛՛, դրանից ի՞նչ փոխվեց, ավելի վատ, ուրեմն դա ոչ թե անձնական՝ այլ հանրային և ավելի մասշտաբային խնդիր է: Ասելս այն է, որ բդեշխները, որոնց, ըստ վերջին լուրերի՝ տեղերում արդեն ցար են անվանում, կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ համակարգի գերնպատակը ինքնավերարտադրումն է մի բավականին բարեհունչ անվան տակ, որը կոչվում է ընտրություններ, իսկ ավելի ճիշտ՝ չընտրություններ:

  5. Արթուր says:

    Այո, միայն սոցիալական չէ, սակայն ծնող պատճառը մնում է սոցիալականը, բնակչության հիմնական մասի ցածր կենսամակարդակը որոշիչ է ինչպես արժեքային համակարգի ձևախեղման, այնպես էլ լուրջ բարեփոխումների առաջադրման անկարողության համար: Անձամբ չեմ հավատում, որ ադմինիստրատիվ ռեսուրսներով և կամ իշխանության <> կամքով հնարավոր է փոխել իրավիճակը և ձերբազատվել հոդվածում մատնանշված խնդիրներից, եթե երկրում տեղի չունենա եկամուտների որոշակի համահարթեցում.
    Վերջինս առնվազն անհրաժեշտ պայման է…

  6. Aram says:

    Սոցիալական վիճակը բոլոր ժամանակներում միշտ ածանցյալ է: Սոցիալական վիճակը կարող է ծանրանալ, երբ.
    1. երկիրը ենթարկվել է արտաքին ագրեսիայի և /կամ/ թշնամական գործողության
    2. բնական աղետներ /երկրաշարժ, երաշտ, ևն/
    Այս դեպքերում հասարակության ճնշող մեծամասնությունը համբերությամբ տանում է տառապանքները և սպասում հանգուցալուծմանը և հետևանքների վերացմանը:
    3. կառավարող ուժերի “անտաղանդություն”
    Այս դեպքում, կախված “անտաղանդության” աստիճանից հասարակությունը հերթական կամ արտահերթ ընտրություններով փոխում է իշխող “անտաղանդ” վերնախավը, ի դեպ երբեմն էլ ավելի “անտաղանդ” կառավարիչներով, բայց սոցիալական լարվածությունը չի հասնում “եռման կետի”, որովհետև հասարակությունը վստահ է, որ հաջորդ անգամ ճիշտ Ընտրություն կանի:
    Այլ է վիճակը Հայաստանի / և ոչ միայն / համար: Այստեղ “անտաղանդությունը” ուղեկցվում է ոչ միայն սարսափելի կոռուպցիայով, այլև ծայրահեղ ցինիզմով: Երբ մարզպետի եղբայրը բռնաբարության փորձի համար նույնիսկ բերման չի ենթարկվում, իսկ 60կգ կշռող երիտասարդը “սպեցնազին” “ԾԵԾԵԼՈՒ” համար դատապարտվում է 6 տարի ազատազրկման / ողբամ զքեզ հայոց սպեցնազ /, երբ 20 ամյա “չինովնիկզադեն” անպատիժ, բենթլիի պատուհանից կարող է թքել ավտոտեսուչի վրա, իսկ այդ նույն տեսուչը 10 րոպե հետո 5000 դրամի ռեկետ անել իր բերքը շուկայի “դալալներին” տանող գյուղացուն: Իսկ եթե սրան ավելացնենք իշխող խմբի բարոյականության իսպառ բացակայություը ու օրենքի շրջանակներում “անտաղանդներից” ազատվելու անհնարությունը / ինչքան ուզենք խփենք / ապա պարզ է դառնում, թե ինչու է Հայաստանում սոցիալական լարվածությունը եռման կետն անցել:
    Լավ կլիներ, որ Բաղրամյան 26-ում բացեին ֆիզիկայի դպրոցական դասագիրքը և վերհիշեին. եռմանը հաջորդում է գոլորշիացումը, իսկ գոլորշու ճանապարհը երբ փակում են, տեղի է ունենում պայթյուն, թերևս սխալվում եմ, “անտաղանդները” սա լավ էլ գիտեն, գոլորշին շատ սահուն բաց են թողնում, այսինքն հայաթափում են ՀԱՅԱՍՏԱՆԸ:

    • Anita Manukyan says:

      համաձայն եմ Արամի հետ։ սոցիալականը կապ չունի, այն միայն ածանցյալ է։ Եթե հասարակությունը ինքնակազմակերպվելու ջիղ չունի, սոցիալական ճգնաժամը կմնա հավերժ անլուծելի խնդիր։ Երկրի տնտեսական բլոկադան կամ բնական ռեսուրսների աղքատությունն էլ այստեղ որևէ դեր չունեն։ Արդյունավետ ինքնակազմակերպում ունեցող հասարակությունը ռեսուրսների արդյունավետ կառավարում է անում անկախ դրանց չափից։ Կոպիտ համեմատություն՝ Սաուդյան Արաբիան և Չվեյցարիան։ Իմ կարծիքով, ամեն ինչ սկսվում է հասարակության մտածելակերպից և վերաբերմունքից, ու չարաբաստիկ հանդուրժողականություն հասկացությունից։ Երբ հանդուրժողականությունը անցնում է ողջամտի սահմանը, այն բարենպաստ պայմաններ է ստեղծում անպատասխանատու, մեղմ ասած, համակարգի գոյության և զարգացման համար։

    • Արթուր says:

      Հարգելի Արամ, Ձեր կողմից նշված բացասական երևույթները առկա են, դրանք կան և ցավոք սրտի անձամբ չեմ տեսնում դրանց վերացման կամ գոնե որոշակի մեղմացման որևէ
      մեխանիզմ, առանց կենսամակարդակի աճի:
      Փորձեմ հիմնավորել իմ պնդումը.
      որպեսզի տեղի ունենա կամայական փոփոխություն առնվազն անհրաժեշտ է հասարակական լուրջ ճնշում իշխանության, կամ վերջինիս օրբիտայում գտնվող ուժերի վրա: Այդ ճնշումը ապահովելու համար նվազագույնը անհրաժեշտ է 5000 դրամին չսպասող մարդկանց կրիտիկական զանգված, որը, ցավոք, չկա: Կարծում եմ շատերը կհամաձայնեն այն մտքի հետ, որ դժվար է Վագներ լսել, երբ հաջորդ օրը էլեկտրոէներգիայի վճարման օրն է և անհրաժեշտ գումարը բացակայում է:
      Պետք է նշել նաև, որ վերջին ժամանակահատվածի հեղափոխությունները և կամ ոչ իմիտացիոն բարեփոխումները իրենց բացարձակ մեծամասնությամբ տեղի են ունենում երկրներում, որտեղ առկա է որոշակի կենսամակարդակ և քիչ թէ շատ եկամուտների հավասարաչափ բախշում:

  7. Maxim says:

    Եթե յուրաքանչյուր Հայաստանի բնակիչի վճարվի 5000 դրամի փոխարեն, 5000 դոլլար և ասվի,՝
    գնացեք հեղաշրջում կատարեք, կգնա՞ն արդյոք հեղաշրջում կատարելու: Կամ կլսե՞ն Վագներ:

  8. Aram says:

    Քննադատությունները պարտադիր և դիպուկ պետք են:Պետք չէ հուսահատվել հասկանալով որ ներկայիս(քյոխվա,ֆեոդալ) իշխանավորները չեն հանձնի իրենց աթոռները:Մարդը որպես կենսաբանական էակ տարբեր էվոլությոն դարաշրջաններ է ապրել զարգացում ապրելով:Հույս ունենանք որ իրենց ժառանգները գոնե ինքնաբերաբար ,որոշակիորեն այդ կանոններին կենթարկվեն:Հարգանքներիս հավաստիքը և համբերություն:

  9. Արթուր says:

    Ես առավել հակված եմ հավատալու, որ տևական ժամանակահատվածում մարդիկանց բավարար եկամուտների մակարդակը միայն կարող է հանգեցնել սեփական արժեքային համակարգի վերանայմանը: Վերոնշյալը ես տեսնում եմ որպես ընդհանուր օրինաչափություն և ոչ թէ, որևէ առանձին դեպք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031