Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց Եղեռնն առաջին անգամ ճանաչել ու դատապարտել են թուրքերը

Մարտ 05,2013 13:23

Գերտերությունների հատուկ ծառայությունները հոգացել են, որպեսզի վերջիններս հնարավորինս պաշտպանված լինեն, անգամ ապահովել են կեղծ անձնագրերով ու անուններով:

 «Հայերի զանգվածային բնաջնջման առնչությամբ ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ցավոք, բացառապես բավարարվել են դատապարտող հռչակագրերով: Մասնավորապես, 1915թ. մայիսի 24-ին երեք պետություններ՝ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունել են Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտող հռչակագիր»,- «Առավոտի» հարցին՝ «Եղե՞լ են դատավարություններ, կա՞ն դատական ակտեր» ի պատասխան՝ ասել է Սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

«Որքանով են հետևողական եղել գերտերությունները՝ հիշյալ դատավարությունն իրականացնելու հարցում, եղե՞լ են, արդյոք, միջամտություններ» հարցին էլ նա պատասխանել է. «Հետևողականություն իրականում եղել է, սակայն այն ունեցել է բոլորովին այլ ուղղվածություն: Նախ, մինչև դատավարությունն սկսելը, ավելին՝ մինչև մինչդատական վարույթ նախաձեռնելը, նույն այդ գերտերությունների անմիջական աջակցությամբ Թուրքիան անարգել լքել են բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց նկատմամբ եղել է մահապատիժ սահմանելու հնարավոր վտանգ: Պատահական չէ, որ հենց գերմանական սուզանավով հապճեպ փախուստի են դիմել Եղեռնի գաղափարախոսներն ու անմիջական կատարողները՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և Նազիմը: Դրանից հետո այս անձանց սիրահոժար իրենց հետ համագործակցելու տարաբնույթ առաջարկություններ են անում արդեն խորհրդային Ռուսաստանն ու մյուսները: Ուրիշ բան, որ այդ գործիչները հետագայում խորհրդային Ռուսաստանի իշխանություններին ևս խաբում են և փորձում վստահությունը չարաշահելու միջոցով իրականացնել պանթյուրքիզմի գաղափարները:

«Այդ դեպքում գերտերությունների կողմից ի՞նչ թելադրանքի մասին կարող է խոսք լինել, երբ հիմնական ոճրագորճներին պատժից զերծ պահելու և համագործակցելու նախաձեռնությունը հենց իրենց է պատկանում» հարցին էլ Գեւորգ Դանիելյանը պատասխանել է. «Հանրահայտ է, որ մահապատժի դատապարտված բոլոր թուրք պաշտոնյաները հետախուզման մեջ գտնված վիճակում հետագայում, այնուամենայնիվ, հայտնաբերվել ու սպանվել են, սակայն դա արդեն բոլորովին այլ նյութ է և որևէ առնչություն չունի «թուրքական արդարադատության» հետ: Իսկ «ի՞նչ նկատառումներով ու չափանիշներով են որոշ հետազոտողների կողմից Թուրքիայի ռազմական տրիբունալի կողմից 1919-1920թթ. իրականացված դատավարությունները գնահատվում իբրև «Մարդու եվրոպական չափանիշներին հակասող» հարցին էլ պատասխանել է. « Այդ գնահատականի, թերևս, ամենահետևողական հեղինակը թուրքական գաղափարախոսության ուղղորդված պաշտպան Լևի Գյունտերն է, սակայն վերջինիս աշխատությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք պարզապես թուրքական պաշտոնական գաղափարախոսության ու դրա «Տեսաբանների» բառացի կրկնություններն են, որոնք համակարգված իրենց արտացոլումն են ստացել թուրք պատմաբաններ Սինասի Օրելի և Սուրեյ Յուկայի աշխատություններում, չունեն որևէ փաստական հիմք և համոզիչ չեն նաև հեղինակի մասնագիտական ունակությունների տեսանկյունից:

Այդ ակնհայտ ուղղորդված հեղինակին «մտահոգել» է այն, որ նախաքննության ընթացքում կասկածյալները զրկված են եղել պաշտպանների օգնությունից: Մինչդեռ, դատավարության արձանագրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ կասկածյալներն ամեն օր ազատ շփումներ են ունեցել միմյանց հետ (հատկապես, զբոսանքի ժամերին) և ունեցել են պաշտպանական միասնական տակտիկա մշակելու լավագույն հնարավորությունը, բացի այդ, պարբերաբար օգտվել են կարճատև արձակուրդներից, լքելով մեկուսարանները, ինչն ազատ հնարավորություն է տվել տևական ժամանակով շփվելու իրենց պաշտպանների հետ:

Ի դեպ, տեսնելով ակնհայտ հովանավորչության դրսևորումները, անգլիական հրամանատարությունը, հարկադրված, երիտթուրքերի առաջնորդների և նախարարների գործով 1919թ. ապրիլի 27-ին սկսված դատավարությամբ անցնող թվով 77 կալանավորվածների տեղափոխում է Մալթա, որտեղ դատավարությունը շարունակվում է մինչև 1919թ. հունիսի 26-ը (այս առանցքային գործով դատավճիռն արձակվել է 1919թ. հուլիսի 5-ին):

Հավելենք, որ առ այսօր այդ դատավարությունների արձանագրություններն ու մեղադրական ակտերն ամբողջությամբ հասանալի չեն լայն հետազոտողներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031