Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական մարկետինգի զոհերը

Մարտ 05,2013 12:32

Սերժ Սարգսյանի համար փետրվարի 18-ը շատ լուրջ ձախողում էր։ Խոսքն ընտրությունների արդյունքների մասին չէ. այստեղ, հակառակը, ամեն ինչ կարգին է։ Ինքը քաղաքակիրթ տոկոսներ է ստացել, հակառակորդն էլ անշառ հանրահավաքներ է անում՝ Լեոպոլդ կատվի բարությամբ ու մրցակցի նկատմամբ խորին հարգանքով։ Ձախողում էր՝ այն իմաստով, որ «մեկ օլիգարխի պետություն» ծրագիրը հիմնավորապես տապալվեց: Ավելի ճիշտ՝ տապալվեց այն բիզնես-ծրագիրը, որով Սերժ Սարգսյանը պատրաստվում էր եւս հինգ տարի շահագործել Հայաստանը՝ այս անգամ արդեն մենաշնորհային հիմունքներով։

Բիզնես-ծրագիրը շատ պարզ էր։ Օրինակ, եթե ինչ-որ մեկն անորակ ապրանք է ներմուծում կամ արտադրում, նա այդ ապրանքից գերշահույթներ ստանալու երկու ձեւ ունի, կամ զոռով մարդկանց ստիպել, որ գնեն իր ապրանքր, կամ գովազդային հզոր արշավ սկսել, մարդկանց «ուղեղները լվանալ» եւ զուգահեռաբար տարբեր անազնիվ ճանապարհներով մրցակիցներին դուրս մղել շուկայից։ Այս երկրորդ տարբերակն ավելի շահութաբեր է, որովհետեւ ապրանքր զոռով վաճառելու դեպքում պիտի բազմաթիվ մարդկանց փայ տա (նրանց, ովքեր «տեղերում» իրացնում են այդ անորակ ապրանքը): Սերժ Սարգսյանն ի սկզբանե հենց այդպես էլ որոշել էր։ Ըստ այդ ծրագրի՝ ինքը պիտի հրաժարվեր անուղեղ, հաստավիզ ու «թանկաբազար» ընտրակեղծարարներից եւ «գրագետ մարկետինգի» միջոցով հասարակությանը ներկայանար որպես «որակյալ ապրանք»։ Դա նրան հնարավորություն կտար ընտրություններից հետո ոչնչացնել բոլոր «հարակից» օլիգարխներին (մարզպետներ, քաղաքապետներ, ռեգիոնալ մուլտի- միլիոնատերեր, գեներալ-ֆեոդալներ եւ այլն) եւ միայնակ տնօրինել Հայաստանում թալանվող տարեկան 2– 3 միլիարդ դոլարը՝ առանց վերջիններիս «ատկատ» տալու։ Նա, ի դեպ, Աշտարակում այդ մասին բաց տեքստով ասաց, եւ դա ըստ երեւույթին նրա մեծագույն սխալն էր։ Ընտրակեղծարարների հին գվարդիան անմիջապես հասկացավ, որ Սերժ Սարգսյանը փորձում է «իր վրից թռնել», եւ արեց ամեն ինչ, որ չստացվի։ Այդպես էլ եղավ, ու վերջին պահին Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հրաժարվել «գրագետ մարկետինգից» եւ դիմել հին ու փորձված մեթոդներին։ Սա հին գվարդիայի հաղթանակն էր, ու միաժամանակ՝ երիտասարդ «մարկետոլոգների» խայտառակ պարտությունը։

Լավ, իսկ ի՞նչն է պատճառը, որ պապական մեթոդներն ավելի արդյունավետ դուրս եկան, քան «ժամանակակից տեխնոլոգիաները», եւ ութամյա կրթությամբ կիսակրիմինալ չինովնիկները հաղթեցին ինտելեկտուալ «մարկետոլոգներին»։ Միանգամից ասենք՝ բարձր տեխնոլոգիաները կապ չունեն։ Պարզապես դրանք միշտ չէ, որ արդյունավետ են։ Տեսականորեն, իհարկե, կարելի է գովազդային փայլուն արշավի շնորհիվ ցանկացած անորակ ապրանք վաճառել, բայց եթե ուզում ես խոզի միս վաճառել Երուսաղեմում կամ Թեհրանում՝ հաստատ ոչ մի փայլուն քարոզարշավ չի օգնի։ Պարզ ասած՝ «վաճառվելիք ապրանքն» էր ի սկզբանե սխալ ընտրված։ Սերժ Սարգսյանի փոխարեն ցանկացած ուրիշ մեկը լիներ՝ հաստատ ավելի հաջողությամբ «կիրացվեր»։

Նույնը, ի դեպ, վերաբերում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ընդդիմադիր ոլորտում նա փաստորեն մենաշնորհ ուներ, ռեսուրսներ կային, տեխնոլոգիաներ կային, ու նրա փոխարեն ցանկացած ուրիշ մեկը լիներ՝ հաստատ ավելի լուրջ դիմադրություն կցուցաբերեր։ Խոսքը ստացած ձայների մասին չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը հսկայական թվով ձայներ է ստացել: Խոսքն այն մասին է, որ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը 350 հազար ձայն էր ստացել, եւ ըրնտրություններից մեկ շաբաթ անց այդ 350 հազարի կեսն Ազատության հրապարակում էր, իսկ Րաֆֆին 530 հազար է ստացել, բայց հրապարակում 5 հազար էլ չի հավաքվում։ «Տեխնոլոգիայի բերած-տեխնոլոգիայի տարած»։ Որովհետեւ ցանկացած գովազդ, իհարկե, ազդում է մարդկանց վրա, բայց՝ միայն մինչեւ փորձելը։ Փորձելուց հետո արդեն որակն է գնահատվում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ  

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031