Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «պարգեւատրեցին» Նժդեհի օգնականին սպանողին

Մարտ 05,2013 12:12

Նոյեմբերյանցի գրող Աշխեն Աբազյանը երկար տարիներ աշխատել է  որպես Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթի պատասխանատու խմբագիր, Նոյեմբերյանի կինոցանցի տնօրեն: Նա վերջերս տպագրել է իր հերթական գիրքը՝««Ես տեսել եմ ու լսել», որտեղ  ականատեսի վկայությամբ  ներկայացնում է  հետաքրքիր պատմություներ: Դրանցից մեկը Գարեգին Նժդեհի օգնականին սպանած բոլշեւիկի մասին է: Ահավասիկ:

«Նշանավոր գործերով աչքի ընկած կուսակցության հնագույն անդամներին  որոշեցին անհատական թոշակ  նշանակել: Մեր շրջկոմը, որպես արժանի թեկնածու, ներկայացրեց շրջկոմի շենքի երկարամյա պահակին, որը Զանգեզուրի կռիվներին մասնակցել էր, Նժդեհի օգնականին սպանել եւ, իր ասելով, այդ խիզախության համար անմիջապես ընդունվել բոլշեւիկության շարքերը: Կոմունիստ պահակը հպարտ-հպարտ գնաց Երեւան, սակայն այնտեղից վերադարձավ պռոշը կախ՝ մերժել էին: Հիասթափված խմբագրություն եկավ՝ բողոքելու:

-Դե պատմիր, ինչո՞ւ գործդ գլուխ չեկավ:

-Մի շան որդու երեսից:

-Բա շան որդին ո՞վ էր, ի՞նչ ոխ ուներ քո դեմ:

-Հը՜մ…- մի լավ մզզացրեց:

-Ասա, ասա, մի քաշվիր,-ոգեւորեցինք:

-Չկարողացա հաշվել, թե քանի կաբինետ մտա, բայց ամեն տեղ քաղաքավարի, հարգանքով, ժպտադեմ ընդունում  ու ճամփու էին դնում: Վերջին կաբինետում նստողը, որ թղթերս պետք է ստորագրեր ու ավարտած համարեր գործը, մեկ թղթերին մտիկ արավ, մեկ՝ ինձ ու աչքի տակից հարցրեց.  «Կատարածդ  նշանավոր գործդ  ո՞րն է, որ անհատական թոշակի ես արժանանում»: Տրամադրությունս բարձր պատասխանեցի՝ «Նժդեհի օգնականին իմ ձեռքով եմ սպանել: Լավ սնայպեր էի»: Էս պատասխանս էր, որ տունս քանդեց: Էդ պաշտոնավոր մարդը, լուրջ ու բարի թվացող մարդը, միանգամից փոխվեց, աչքերը չռեց  վրաս, կարմրատակեց  ու  «Շուն-շան որդի, որբ եմ մեծացել քո պատճառով, ամբողջ կյանքում որոնել եմ հորս սպանողին, հիմա եկել ու քո ոտքով դեմս կանգնել ես: Կենտկոմում չլինեինք, սատկացնելու էի, հազիվ եմ ինձ զսպում: Կորիր աչքիցս.. եւ իմացած լինես, քանի ես կամ, դու չմտածես անհատական թոշակի եւ պարգեւի մասին»: Որ ասեմ՝ փախել եմ, հավատացեք: Ուզում եմ գրեք, թե ի՞նչ իրավունքով է դաշնակցականի տղեն պաշտոն գրավել:

Այստեղ չհամբերեցինք.

-Տարիքդ անցել ես, դեռ չգիտե՞ս  Նժդեհն ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, փոխանակ անհարմար զգաս, քեզ չներես, որ հայ ես սպանել, էն էլ Նժդեհի օգնականին:

-Հայ  չէին, դաշնակցական էին,-պատասխանեց հանգիստ ու անվրդով:

Եվ այդպես էլ չկարողացանք հասկացնել»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարցս թեմային չի վերաբերվում, բայց քանի որ խոսքը անհատական թոշակի մասին է, կուզեի
    իմանալ,՝ 2000թ.-ից սկսած ՀՀԿ-ի, ՕԵԿ-Ի, և ԲՀԿ-Ի կուսակցությունից պատգամավոր կոչվողներն
    էլ անհատական թոշակ պետք է ստանա՞ն, և եթե դախտնիք չէ,՝ ապա որքան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031