«Վազգեն Սարգսյանն այն մարդն էր, որը եւ տեսախցիկի առաջ, եւ սրճարանում եւ տանը նույն բանն էր ասում»,- այսօր «Հենարան» ակումբում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ խոսելով, ասաց նրա մարտական ընկերը` Մուրադ Կիրակոսյանը:
Կիրակոսյանը բնութագրելով Վազգեն Սարգսյանին, հիշեց, որ ընկերները
98 թվականին Վազգեն Սարգսյանի առջեւ ամուսնության հարց էին դրել, նա էլ համաձայնվել էր, ասելով`«Այս տարի, անպայման…»:
«98 թվականին մի պահ եղավ, Վազգեն Սարգսյանի համար աղջիկ էինք ուզում փախցնել, բայց չստացվեց: Նշեմ, որ Վազգեն Սարգսյանը շատ ավանդապահ մարդ էր, եթե օրինակ փողոցում տեսներ վուլգար հագնված աղջիկ՝ ահավոր նյարդայնանում էր: Նա մասնագիտությամբ հայ էր: Նա միշտ ասում էր «այ բալամ էս երկրին տեր եղեք» ու կռվող տղաներին ասում էր երբեք չմտնեք քաղաքականության մեջ, քաղաքականությունը ձեզ կուլ կտա»,-ավելացրեց Կիրակոսյանը:
Կարդացեք նաև
Սպարապետի ընկերը համոզված է` Վազգենը երբեք սխալ չի գործել քաղաքականության մեջ. «Նա ինը տարիների ընթացքում ժողովրդի համար արեց իր ցանկությունների, իր մուրազի ընդամեը տասը տոկոսը, եթե նրան ոչինչ չպատահեր, ապա պատկերացրեք, թե ինչեր կաներ նա: Ես չգիտեմ, թե նա ինչ քաղաքական սխալ է գործել, բայց նա քաղաքական գործիչ չէր, կռվող տղան չի կարող քաղաքական գործիչ լինել»,- հավելեց Կիրակոսյանը, որը շարունակելով բնութագրել Վագեն Սարգսյանին, ասաց, որ Վազգենը շատ հումորով մարդ էր, նա մանկական սիրտ ուներ, չափազանց շուտ էր հուզվում, իսկ ամեն դիակ տեսնելուց` այդ գիշեր չէր քնում:
«Մի օր անպայման կբացահայտվի հոկտեմբերի 27-ը»,- վստահ է Վազգեն Սարգսյանի մարտականը ընկերը, իսկ թե երբ` պատասխան չունի:
«Սպարապետի մասին պետք է շատ խոսել, շատ գրել»,- վերջում հորդորեց Կիրակոսյանը, որպեսզի սերունդ դաստիարակվի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ