Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ զարմանալ, եթե մի օր պարզվի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ բարեւելու

Մարտ 05,2013 11:40

Ի տարբերություն մինչ այս Հայաստանում եղած բոլոր ընդդիմադիր առաջնորդների՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ի սկզբանե որդեգրել է այնպիսի գերճկուն մարտավարություն, որը նրան հնարավորություն է տալիս, անգամ թվում է՝ ամենանահանջողական քայլը ներկայացնել որպես մարտավարական հնարք, որպես հայկական իրականության համար նոր՝ ամերիկյան մոդելի ամբոխավարության դրսեւորում։ Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե մեր երկրում բոլոր գրասենյակները՝ անկախ դրանց կուսակցական կամգերատեսչական պատկանելությունից, ժողովրդինն են, եւ ինքը որեւէ խնդիր չունի այս կամ այն կուսակցության կամ գերատեսչության ղեկավարի գրասենյակ այցելելու հարցում։ Հետեւաբար՝ պետք չէ զարմանալ, եթե մի օր, ասենք, պարզվի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ բարեւելու հերթական գիշերային նիստն անցկացնող ՀՀԿ ԳՄ անդամներին: Կամ թե՝ Րաֆֆիի եւ նրա ղեկավարած «Ժառանգության» տեսակետների անհամապատասխանությունն ամենատարբեր հարցերում, ինչպես օրինակ՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցում, երբ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե արտահերթ նիստ հրավիրելն իր ցանկությունն ու պահանջը չէ՝ այն ժամանակ, երբ «Ժառանգություն» խմբակցությունը հենց այդ հարցի շուրջ մի քանի օր շարունակ ԱԺ նախագահի մոտ ընթացող խորհրդակցություններում փորձում էր հասնել արտահերթ նիստի հրավիրմանը։ Բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանի այս գերճկուն մարտավարությունը մի կողմից նրա համար ապահովում է մանեւրելու գրեթե անսահմանափակ դաշտ, մյուս կողմից լղոզում է նրա քայլերի քաղաքական տրամաբանությունը՝ այդպիսով ինչ-որ տեղ անլրջացնելով ինքնին հակաիշխանական պայքարը։ Իհարկե, Րաֆֆին միշտ էլ աչքի է ընկել իր անկանխատեսելի գործելակերպով, նրա քայլերի քաղաքական տրամաբանությունը երբեք էլ մինչեւ վերջ հասկացված չի եղել ո՛չ իր քաղաքական մրցակիցների, ո՛չ էլ անգամ սեփական թիմակիցների կողմից։ Եվ դատելով վերջին օրերի քայլերից՝ «բարեւի հեղափոխության» առաջնորդը կարծես թե այս անգամ եւս մինչեւ վերջ ընկալելի չէ ոչ միայն իր հետ հարթակ բարձրացած «Հայ հեղափոխական դաշնակցության», ՀԱԿ-ի նախկին համակիրների մի ստվար զանգվածի, այլեւ սեփական թիմակիցների համար։ Եվ այս առումով բավականին հետաքրքիր է, թե ինչ է ասելու կամ գուցե՝ նաեւ անելու Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում, որին, ինչպես գիտենք, նա հրավիրել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին։ Արդյոք նա կբավարարվի իր հրավերները երկրորդելով, թե ինքը կգնա, օրինակ, Երեւանի քաղաքապետարան՝ բարեւելու Տարոն Մարգարյանին։ Այս վերջինն, ի դեպ, ձիով քայլ կլինի՝ ժողովրդին ցույց տալու համար, որ Րաֆֆիի առջեւ փակ դռներ չկան, միեւնույն ժամանակ՝ որոշակի ուղերձներ հաղորդելով կապված Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ։ Այլ հարց, եթե իշխանություններն այնքան խելամիտ գտնվեն, որ իրենք Տարոնին ուղարկեն հրապարակ՝ բարեւելու Րաֆֆիին եւ ժողովրդին:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031