Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի երկու ձին

Մարտ 05,2013 11:31

Այլևս ակնհայտ է, որ քաղաքացիական կամ ժողովրդական գործընթացին զուգահեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական զարգացումները փորձում է առաջ մղել նաև քաղաքական գործընթացով, ինչի ակնառու վկայություն էր «Բարգավաճ Հայաստանի» հետ հանդիպումը: Ընդ որում, դատելով հանդիպման ձևից` այդ գործընթացը նա տանում է հայաստանյան քաղաքական կանոններին և արժեքներին միանգամայն հավատարիմ կերպով՝ լիակատար խորհրդավորություն, արարողակարգային տեղեկություններ և տեսանյութ, իսկ բուն բովանդակության մասին՝ առայժմ ոչինչ, իսկ վաղը գուցե կցկտուր կամ համառոտ տեղեկություններ:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի կողմից փորձում է առաջ տանել քաղաքացիական, հորիզոնական ժողովրդական շարժում, որն օժտված է հրապարակում որոշումներ կայացնելու իրավասությամբ և կատարում է քվեարկություններ՝ իհարկե առայժմ խիստ խորհրդանշական և Րաֆֆի Հովհաննիսյանի իրական գործողությունների հետ քիչ կապ ունեցող, իսկ մյուս կողմից` տեղի է ունենում ուղղահայաց քաղաքականության դասական ակտ՝ նախ Սերժ Սարգսյանի հետ փակ հանդիպում, հետո ՀՅԴ-ի հետ փակ հանդիպում, հետո ԲՀԿ-ի հետ փակ հանդիպում, և այդ ամենը միանգամայն անակնկալ, առանց նույն հրապարակում քվեարկության դնելու: Րաֆֆի Հովհաննիսյանը միգուցե փորձում է այդ երկու գործընթացները փոխլրացնել միմյանցով: Նա միգուցե համարում է, որ քանի դեռ հրապարակում դրության տերն ինքն է, քանի դեռ կա նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ խանդավառ վերաբերմունք, քանի հանրահավաքները մարդաշատ են և սպասումները մեծ, ինքը կարող է իրավիճակ թելադրել մյուս քաղաքական ուժերին, որոնց հետ ստրատեգիական իմաստով իրականում հանդիսանում է մրցակից:

«Ժառանգության» առաջնորդը կարծես թե համարում է, որ ներկայումս իր դիրքերն առավելագույն ամրությունն ունեն մյուս ուժերի հետ երկխոսելու և պայման թելադրելու համար: Միևնույն ժամանակ, այդ երկխոսությունը նա կիրառում է հրապարակում բազմություն պահելու համար, ինչին կարող է նպաստել ինտրիգը, որ առաջացնում են այդպիսի հանդիպումները, օրինակ` Հովհաննիսյան-Ծառուկյան: Անշուշտ, մի կողմից սա առաջ է բերում միանգամայն արդարացված, եթե ոչ դժգոհություն, ապա առնվազն մտահոգություն համակիրների զգալի մասի շրջանում, բայց մյուս կողմից էլ այն կարող է որոշակի ինտրիգայնության պայմաններում հրապարակ բերել շատերին, որպես նոր զարգացումների գրավական: Եկողնե՞րն են շատ լինելու, թե՞ հիասթափվողերը` այստեղ արդեն այլ հարց է, որն ամբողջական պատասխանի համար ունի իսկապես լուրջ դիտարկման անհրաժեշտություն, հանրահավաքային բազմության կառուցվածքի դիտարկման անհրաժեշտություն, թե սոցիալական որ շերտն է գերակշռում բազմության մեջ՝ Երևանում և մարզերում, որ գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:

Վերջին հաշվով, ինչպես արդեն շատ է խոսվել այդ մասին, Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված էլեկտորատի մի զգալի մասը ոչ թե նրա համախոհներն են, այլ մարդիկ, որ եթե լիներ Գագիկ Ծառուկյանը, ապա ձայն կտային նրան՝ փողով, թե նրա որոշակի խարիզմայի շնորհիվ, դա էլ լրացուցչ դիտարկման հարց է, որովհետև Ծառուկյանի էլեկտորատի մեջ էլ կա թե փողային զանգվածը, թե մարդիկ, որ ձայն կտան պարզապես էմոցիոնալ ֆոնի տպավորության տակ:

Այդպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանը բավական ռիսկային մարտավարության է դիմում՝ շարժումն առաջ տանել երկու զուգահեռ ճանապարհներով: Դժվար է պատկերացնել, որ այդ մարտավարությունը կարող է երկար կյանք ունենալ: Շարժման առանցքը կամ կկազմի քաղաքացիական պլատֆորմը և կառուցվածքը, որի մասին Ազատության հրապարակի հռետորները, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանն են հայտարարում, կամ այն կդառնա Հայաստանի առևտրային քաղաքականության բովում թրծված քաղաքական ուժերի շարժում, որոնք միգուցե կարգախոսների առումով տուրք տան քաղաքացիականությանը, բայց իրենց էությամբ, իրենց լիդերների էությամբ ու արժեհամակարգով բացարձակապես հեռու են այդ կարգախոսներից և հանդիսանում են ընդամենը Հայաստանի իշխող համակարգի հակառակ երեսը՝ մեդալի հակառակ կողմը: Դրանում համոզվելու առիթներ Հայաստանի հասարակությունն ունեցել է բազմիցս: Այդ համակարգի երկու երեսի համար էլ քաղաքացիական պլատֆորմը ավելորդ բեռ է, որը թույլ չի տալիս անարգել և միանձնյա որոշումներ կայացնել և պահանջում է հաշվետվողականություն: Իսկ դա նրանց պետք է, կամ նրանք դա ընդունում են միայն այն դեպքում, երբ կա ընդամենը արարողակարգային, ձևական, քարոզչական անհրաժեշտություն:

Քաղաքացիական կամ ավանդական-կուսակցական հարթությունները չեն կարող տեղավորվել մի շարժման մեջ: Քաղաքացիականի ու կուսակցականի միահուն, համատեղ և փոխլրացնող ընթացքը գրեթե իդեալական կամ իդիլիական պատկեր է, որը կարող է գրեթե աներևակայելի արդյունքներ արձանագրել անգամ Հայաստանի կարծր համակարգի դեմ պայքարում: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կուսակցությունները լինեն բոլորովին այլ որակի և մտածողության, քան նրանց ճնշող մեծամասնությունն է այժմ, կամ գրեթե բոլորն առանց բացառության: Բացառություն կարող են կազմել միայն կուսակցությունների տարբեր անհատներ, որոնք սակայն վճռորոշ ձայն չունեն իրենց քաղաքական կառույցներում:

Հետևաբար` քանի դեռ Հայաստանում ավտորիտար քաղաքական ուժեր են կամ քաղաքական ձևի մեջ բիզնես-կառույցներ, դրանց ու քաղաքացիական պլատֆորմով քաղաքական ոճի բախումը դառնում է անխուսափելի: Իսկ դա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձելով փոխլրացնել երկու զուգահեռները` շարժումն, ի վերջո, կամ փակուղի է տանելու կամ ճզմելու է այդ երկու զուգահեռների արանքում: Շարժման քաղաքական բովանդակության պահանջը ամենևին պարտադիր չէ, որ բավարարվի բոլորին հայտնի անուններով և ոճով: Ի վերջո, խնդիրն էլ հենց այն է, թե արդյոք Հայաստանում կարո՞ղ է ձևավորվել մի կենտրոն, որը կկարողանա քաղաքական բովանդակություն ձևավորել` արդեն իսկ եղած անուններից, պատկերացումներից, բառերից ու բառակապակցություններից, հանրային կարծրատիպերից ու կլիշեներից դուրս:

Արամ Ամատունի

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031