Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճի տեմպն արագանում է

Մարտ 05,2013 10:57

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) փետրվարի ամսական գնանկման պայմաններում արձանագրել է տարեկան գնաճի տեմպի արագացում։ Փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 3,1%, այն դեպքում, երբ հունվարին 2,6% էր։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին հունվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0,4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,2%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0,1% հավելաճ։

2013թ. փետրվարին, 2012թ. նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 3,1%, այդ թվում՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 2,8%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5,5%-ով, ծառայությունների սակագները՝ 2,3%-ով։

Փետրվարին 12-ամսյա գնաճի տեմպի արագացումը ուշագրավ է, քանի որ ամսական կտրվածքով (հունվարի համեմատ) տեղի է ունեցել ոչ թե գնաճ, այլ գնանկում։ Համեմատության համար՝ 2012թ. փետրվարին ամսական կտրվածքով գնանկման պայմաններում տեղի էր ունեցել նաև տարեկան գնաճի տեմպի նվազում։

ԱՎԾ հրապարակումից երևում է, որ պարենային ապրանքների շուկայում փետրվարին 12-ամսյա գնաճը պայմանավորված է եղել մսամթերքի (3,3%), ձվի (4,4%), ծխախոտի և ոգելից խմիչքի (5,1%) գների աճով։ Մյուս կողմից՝ կարտոֆիլի և բանջարեղենի ապրանքային խմբում գները նվազել են 5,8%-ով, մրգի գները՝ 3,1%-ով։

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031