Հատված դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Ստեփանյան, մինչ զրույցը սկսելն ասացիք, որ վերջին տասը տարիներին հանգել եք այն մտքին, որ անիմաստ է խոսել, ո՞րն է պատճառը նման եզրահանգման։
– Ես խոսում եմ բեմից եւ իմ ասելիքը ասում եմ գործով։ Իմ վերջին՝ «Հացի խնդիրը» ներկայացումը մեծ բողոք է կաշառակերության դեմ, այն ահավոր երեւույթի դեմ, որ կարող է ոչ միայն մարդ սպանել, այլեւ երկիր քանդել։ Այնտեղ մի տեքստ կա, որ ինձ համար շատ կարեւոր է՝ իշխանությունը դա մի մսաղաց է, որ կարող է իրեն հակառակ գնացողին ճզմել։ Դա այն է, ինչի մասին խոսում եմ բեմից, ոչ Թատերական հրապարակում եւ ոչ էլ խորհրդարանի դահլիճում։ Դա է իմ հրապարակը, իմ սկզբունքը։ Երբեք ոչ մի
շքախմբում չեմ եղել եւ չեմ էլ պատրաստվում լինել, ես ունեմ հայ մարդու, երեւանցու ըմբռնումները, որով եւ առաջնորդվում եմ։ Իսկ բարձր քաղաքականությունն արվում է բարձր ոլորտներում, որոնք ինձ հետաքրքիր չեն։ Բայց այն, ինչ որ կատարվում է Հայաստանում, ինձ վրա շատ տխուր տպավորություն է թողնում, որովհետեւ ես սկսում եմ չհավատալ։ Մարդն առանց հավատի չի կարող ապրել, բայց մեզ հիմա ստիպում են չհավատալ, այ, դա է ամենասարսափելին։ Դա է ինձ այսօր մտահոգում։ Ցավոք սրտի այն, ինչ մեզ խոստանում են, եւ այն, ինչ տեսնում ենք, իրար հետ ոչ մի կապ չունեն։
Կարդացեք նաև
– Նախագահական վերջին ընտրություններից հետո այդ հավատը նորի՞ց Ձեզ մոտ անկում ապրեց։
– Ցավոք սրտի, ի սկզբանե արդեն հավատ չկար, որ անկում էլ ապրեր։ Հազար ու մի հարց է առաջանում, եթե մեզ խոստանում են լավ կյանք, ո՞ւր է այն, եթե կան ընտրակեղծիքներ եւ ընտրակաշ֊առքներ, որոնք փաստում են բոլորը, ինչպե՞ս են ընտրությունները համարվում օրինական։ Տրամաբանությունը բացակայում է։ Հանկարծ նախարարներ են հանում, վարչական մարդիկ են փոփոխվում, ինչո՞ւ, մարդն աշխատում էր, ի՞նչ պատահեց հանկարծ, որ
սկսեց չաշխատել, հեռացրին։ Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ ես դա չգիտեմ, թե՞ պատճառներն էլ պետական գաղտնիք են։ Մարզպետը հրաժարական է տալիս, ի՞նչ է նշանակում՝ ձայները չի ապահովել։ Ես ուզում եմ տրամաբանությունը գտնել այդ ամենի, որովհետեւ եթե կա տրամաբանություն, ծնվում է նաեւ հավատ։ Ուրեմն ընտրությունն ազատ չէ՞, եթե պարտադիր ինչ-որ բան պետք է ապահովել, ես դրան սկսում եմ չհավատալ։ Լսում ես այսինչ առաջնորդին, ուզում ես հավատալ խոսքերին, հետո լսում ես նրա համակուսակցական ընկերոջը եւ սարսափում ես։ Այդ հակադրությունը շատ ճնշող է։ Իսկ ես ուզում եմ այն երկրում ապրել, որով հպարտանամ եւ չամաչեմ այն ամենի համար, որ կատարվում է ներսում։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»
Ձեր մտորումները շատերն են կիսում:Անազնվությունն ու կեղծիքը սոսնձի նման կպցրել են մեզ: