Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանում ժողովրդավարությունը հաջողություններ է գրանցում»

Մարտ 04,2013 23:15

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. «Խորհրդային Միությունից անկախություն ձեռք բերելուց քսանմեկ տարի անց Հայաստանը կարող է հասունանալ: Երկրում զարգանում է առավել բաց հասարակություն և նույնիսկ «խառնաշփոթ առաջացնող» ժողովրդավարություն: Սա է պարզ դառնում փետրվարի 18-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններից, որտեղ հաղթանակ է գրանցվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը»:

Այս մասին «Հայաստանում ժողովրդավարությունը հաջողություններ է գրանցում» վերնագիրը կրող իր հոդվածում գրում է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից, Ռուսաստանի և ԱՊՀ-ի բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուքը՝ հաղորդելով Երևանից:

Հոդվածում Բրուքը հիշեցնում է, որ Հայաստանի ընդդիմադիր թեկնածուներից մեկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած ընտրություններում պարտվելու, պնդում է, թե հաղթողն ինքն է:

«Առաջին անգամ 20 տարվա ընթացքում քաղաքացիներն «այո» ասեցին մեր սահմանադրությանը, այո՝ օրենքի գերակայության սկզբունքին, այո՝ մեր ապագայի ժողովրդավարությանը», – Բրուքի փոխանցմամբ՝ ասել է Հովհաննիսյանը:

«Ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործում Հովհաննիսյանին միացել է Անդրիաս Ղուկասյանը՝ թեկնածու, որն ընտրարշավի ընթացքում հացադուլ է անցկացրել: Նրա համաձայն, հացադուլը հայտարարվել էր որպես բողոք Հայաստանում անցկացված կեղծված ընտրությունների», – գրում է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը՝ հիշեցնելով, որ հինգ տարի առաջ հետընտրական շրջանում Երևանում անցկացված բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած խռովությունների հետևանքով զոհվել է տասը մարդ:

«Այս անգամ ոստիկանությունը և ցուցարարները խաղաղ ուղի են ընտրել, ինչը, որոշ կարծիքների համաձայն, ժողովրդավարությունը խթանող հրապարակայնության նոր ոգու մասին է վկայում» – գրում է Բրուքսը՝ վկայակոչելով Երևանից գործող «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերը, որը լավատեսորեն է տրամադրված Հայաստանում ներկայում գրանցվող միտումներին:

«Ընդհանուր առմամբ, լավատեսորեն եմ տրամադրված Հայաստանում այժմ առկա միտումներին՝ ժողովրդավարացման, դեպի Արևմուտք ավելի մեծ կողմնորոշման առումով», – ասել է Կիրակոսյանը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ նախագահական այս ընտրությունների ընթացքին հետևել է հայաստանցի և օտարերկրյա մոտ 7 հազար դիտորդ, և որ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Քարին Վոլդսեթը ընտրություններից հետո ասել է, թե քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:

Բրուքսը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը սակայն ընդհատել էին սրահում գտնվող ցուցարարները, որոնք պնդում էին, որ «եվրոպական դիտորդները քաղաքական զբոսաշրջիկ են, որոնք ցուցադրական բնույթ են հաղորդում կեղծված ընտրություններին»:

«Նրանք հայտարարել են, թե մեր երկրում մեկ քայլ առաջ է կատարվել, և թե ընտրությունները թափանցիկ էին, սակայն դա սուտ է, քանի որ մեր դիտորդներն ամբողջ օրն էին գտնվում ընտրատարածքներում, նրանց դեմ խախտումներ և չարաշահումներ են գործել: Նրանց դիտորդներն ընդամենը 15 րոպեով էին մտնում այնտեղ», – ասել էր ցուցարարներից մեկը՝ Մամիկոն Հովսեփյանը:

«Ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում է երկրով, բողոքի ցույցեր կազմակերպում և փորձում է միավորել քաղաքական ընդդիմությունը», – ասված է հոդվածում:

«Պարտավորվում եմ, Հայաստանի ժողովրդի հետ միասին, երկրում անարյուն, ժողովրդավարական իշխանության փոխանցում իրականացնել: Համոզված եմ՝ հինգ տարի անց Հայաստանում կանցկացվեն առաջին ազատ և արդար ընտրությունները», – Բրուքի փոխանցմամբ՝ ասել է Հովհաննիսյանը:

«Հետխորհրդային Հայաստանում կարծես թե հասունանում է ժողովրդավարությունը՝ խառնաշփոթ առաջացնող, անկանխատեսելի, քաղաքացիների մասնակցությամբ», – եզրափակում է Հայաստանում հետընտրական շրջանին նվիրված իր հոդվածում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից, Ռուսաստանի և ԱՊՀ-ի բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031