2009 թվականին նկարված «Վահե» փաստավավերագրական ֆիլմը, ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի անդամ Սեւակ Տիգրանյանի, ցուցադրման առաջին իսկ օրվանից լայն արձագանք ստացավ հասարակության մեջ, ինչպես նաեւ՝ համացանցում:
«Էական փոփոխություններ, էական տարբերություններ թե Ջավախքի, թե այնտեղի բնակչության հետ կապված չեն եղել: Չնայած այս տարիների ընթացքում ֆիլմը բավականին մոռացվել է»,- ասում է Ս. Տիգրանյանը՝ պարզաբանելով, թե ինչու են որոշել եւս մեկ անգամ ցուցադրել ֆիլմը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ միակ էական փոփոխությունը ջավախքահայերի կյանքում, թերեւս, կարելի է համարել Վահագն Չախալյանի՝ բանտից ազատվելը:
Սեւակը կարծում է, որ վրացական իշխանությունների պաշտոնական հայտարարությունները, թե իրենք լավ են տրամադրված ջավախքահայերի նկատմամբ, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:
Կարդացեք նաև
«Քաղաքականությամբ առումով ճնշումը մի քիչ թուլացել է, բայց եկեղեցական եւ կրթական հարցերում ամեն ինչ մնացել է նույնը»,- նշում է մեր զրուցակիցը:
Aravot.am-ի սյն հարցին, թե Ջավախքի հետ կապված ինչ այլ ծրագրեր են նախատեսել իրականացնել, «Միտք» վերլուծական կենտրոնի անդամը պատասխանեց. «Մենք փորձում ենք հասարակությանը հասանելի դարձնել թե ֆիլմը, թե ջավախքահայերի խնդիրները, Ջավախքի պատմությունը: Տպագրելու ենք նոր գրքեր եւ փորձելու ենք հնարավորինս շատ քանակով տանել Ջավախք»:
Նկատենք, որ ֆիլմի նկարահանումը նախաձեռնողները պատրաստվում են այն ցուցադրել Հայաստանի տարբեր մարզերում ու հանրակրթական դպրոցներում, ինչպես նաեւ երիտասարդական մի շարք կազմակերպություններում:
Զրույցի ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ ֆիլմի «Վահե» վերնագիրը որեւէ կապ չունի այն նախաձեռնողներից Վահե Սարգսյանի անվան հետ:
«Հին հայերենում արեւին «վահե» էին ասում: Դրա համար ֆիլմում հենց արձագանքում է վահե, ցույց էր տալիս արեւը»,- պարզաբանեց Սեւակ Տիգրանյանը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկաները հայտնեցին իրենց կարծիքը ֆիլմի մասին:
Աշոտ ԱԹԱՅԱՆ