Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ ԺՄԻԳ զեկույցում միայն փաստե՞ր են՝ առանց լուրջ վերլուծությունների ու դատողությունների

Մարտ 04,2013 20:25

ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն օրերս հրապարակեց հետընտրական հերթական միջանկյալ զեկույցը: Անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում որոշ տեղամասերում գրանցված մասնակցությունների թվին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստացած ձայների քանակի հարաբերակցությանը, զեկույցում մասնավորապես նշված է. «Փետրվարի 25-ին Հայաստանի ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքի վերլուծությունը՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի առաքելության կողմից, խիստ մեծ համեմատականություն է ցույց տալիս ընտրողների բարձր մասնակցության և գործող նախագահ թեկնածուի ստացած ձայների միջև: Սա մտահոգություն է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության նկատմամբ»:

Aravot.am-ը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանի հետ զրույցում հետաքրքրվեց հիմնավո՞ր է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի քննադատությունը: Նա այսպես պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ ոմանք կարող են մտահոգված լինել, սակայն  դա ամենևին չի նշանակում, որ առկա է  մտահոգության հիմք: Օրինակ՝ նույն զեկույցում նշված է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ շատ ցածր էր մասնակցության տոկոսը, որպես կանոն Սերժ Սարգսյանի համեմատ ավելի շատ ձայներ էր հավաքել Րաֆֆի Հովհաննիսյանը: Դա ունի իր բացատրությունը: Բանն այն է,  որ ընդդիմադիր տրամադրություն ունեցող ընտրողները միշտ ավելի ակտիվ են: Դա հայաստանյան օրինաչափություն չէ, դա գործում է ամենուր: Նրանք միշտ ակտիվ մասնակցում են ընտրություններին՝ ի տարբերություն ոչ ընդդիմադիր տրամադրություն ունեցող ընտրողների: Վերջիններս երբեմն վստահ լինելով հաղթանակի վրա՝ հաճախ անգամ չեն ներկայանում քվեարկության:

Այն ընտրատեղամասերում, որտեղ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կարողացել է ակտիվ աշխատել և թույլ չտալ, որ իշխանական ընտրազանգվածը պասիվ մնա, բնականաբար թե մասնակցությունը, թե Սերժ Սարգսյանի ստացած ձայները պետք է ավելի բարձր լինեին: Իհարկե կան այլ օբյեկտիվ պատճառներ ևս: Ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա դրանց հիմքն այն է, որ որոշ դատապարտելի երևույթներ ևս կարող էին նման պատկեր տալ: Բայց դա չի նշանակում, որ հակառակ հետևությունը ճիշտ է: Արդյունքների համադրումն այն տեղամասերում, որտեղ հանձնաժողովները ղեկավարում էին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ համահանրապետական արդյունքների հետ, ցույց են տալիս, որ նման մտահոգությունները անտեղի են»:

Մեր այն հարցին, թե ինչ գնահատական կտա զեկույցին, պարոն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Նման զեկույցները միշտ մեր ուշադրության կենտրոնում են լինում: Կարծում եմ, որ եթե ընտրությունների հանդեպ վստահության մթնոլորտը  Հայաստանում լիներ պատշաճ,  նման մտահոգություն չէր լինի: Ուրեմն  առաջնահերթ անելիքներ ունենք վստահության ոլորտի հետ կապված, բայց ոչ թե թվերի»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ նշեց, որ զեկույցում ընդամենը փաստել են որոշակի հանգամանքներ՝ առանց որևէ դատողության: Այնուհետև մանրամասնեց. «Զեկույցում ավելի շատ վկայակոչում են որոշակի հանգամանքներ և այդ հանգամանքների հետ կապված արվում դատողություններ: Եթե ֆիքսված է փաստ, ուրեմն  պետք է մանրակրկիտ դատողություններ արվեն: Օրինակ՝ բազմաթիվ տեղամասեր կան, որտեղ փոքր քանակով ընտրողներ են գրանցվել: Առկա են տեղամասեր ,որտեղ զինծառայողներն են քվեարկել, կամ դատապարտյալները: Ուստի յուրաքանչյուր պարագայում առկա են պարզաբանումներ: Իսկ այդ համատեքստում իրենք ընդամենը ֆիքսել են փաստը: Այդ դեպքում պետք էր լսել և պարզել հանգամանքները: Իսկ զեկույցում ընդամենը փաստել են զուտ այն մեխանիկական թերությունները, որոնք ամրագրված են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Մի հարց կա,տեղին թե անտեղի ազգովի սիրում եք կրկնել;Դու, Մուկուչյանը,Սերժիկը միասին կրկնեք.,,Ո*վ ենք մենք, որտեղից ենք գալիս և…Պատասխանը ձեզ շա~~~տ սիրող ազգը կտա;Չէ, որ քիչ եք, սակայն ձեզ …ի*նչ են ասում;

  2. Maxim says:

    ԵԱՀԿ/ԺՄԻԳ -ի փոխարեն, մի անգամ էլ լուրջ վերլուծություններ ու դատողություններ դուք արեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031