Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պայմանով, որ…

Մարտ 04,2013 19:27

«Եթե մենք ընդունում ենք, որ երկրում կան լրջագույն խնդիրներ, որոնք օր առաջ համակարգային լուծումներ են պահանջում, իսկ դա այդպես է, ապա պետք է կարողանանք փոխզիջում գտնել, որպեսզի կարողանանք քաղաքական օրակարգ ձեւավորել եւ շարժվել առաջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ այսօր շարունակված քննարկմանը՝ միտված ԱԺ-ում հետընտրական գործընթացները քննարկելու ձեւաչափը որոշելուն:

Ըստ տիկին Զոհրաբյանի, ԲՀԿ-ի համար սկզբունքորեն ընդունելի են ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած համատեղ օրակարգը, մասնավորաբար, վերահսկողական կառույցների ղեկավար մարմիններում ընդդիմությանը լծակներ տալուն, «Ընտրական օրենսգրքում» ռադիկալ փոփոխություններ կատարելը՝ մեծամասնական ընտրակարգից անցում 100 տոկոսանոց համամասնական համակարգի, ընտրական հանձնաժողովների կազմավորման նոր սկզբունք, ընտրացուցակների հրապարակում, սահմանադրական հանրաքվե՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարելու օրակարգով եւ այլն:

Ի դեպ, սահմանադրական հանրաքվեի տարբերակում ԲՀԿ-ն սեփական առաջարկներն էլ ունի,մասնավորաբար, ՏԻՄ-երի հետ կապված:

Մինչդեռ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ԲՀԿ-ն կողմ է՝ հետեւյալ պայմանով. «Հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե ԲՀԿ-ն վախենում է արտահերթ որեւէ ընտրությունից: Բայց, եթե ԸՕ-ն չի փոխվելու, եթե 41 մեծամասնական մանդատն ի սկզբանէ մնալու է իշխանության գրպանում, արտահերթ որեւէէ ընտրություն որեւէ պատկեր չի փոխելու: Երբ կլինեն ԸՕ-ի փոփոխություններ, այդ ժամանակ մենք որեւէ արտահերթ ընտրության հետ կապված որեւէ խնդիր չունենք»:

Տիկին Զոհրաբյանի գնահատմամբ, այսօր քննարկումներն այն տոնայնությամբ են գնացել, որ կարելի է փաստել, որ դրանք, ըստ էության տապալվել են. «Այո, փոխհամաձայնություն ձեռք չբերվեց, բայց ես կարծում եմ, որ պետք է մեկ անգամ եւս փորձել շարունակել քննարկումները՝ համատեղ օրակարգ ձեւավորելու ուղղությամբ: Այլ ճանապարհ ԲՀԿ-ն չի տեսնում»:

Քննարկման ժամանակ «Ժառանգությունը» հայտարարել է, թե քանի որ ՀՀԿ-ն մերժում է իր օրակարգով արտահերթ նիստ հրավիրելը, ապա կփորձեն ստորագրահավաք կազմակերպելով արտահերթ նիստ հրավիրել: Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ն միանալո՞ւ է ստորագրահավաքին: «Առաջարկը նոր է արվել: ԲՀԿ-ն սկզբունքորեն որեւէ խնդիր չի տեսնում որեւէ հարթակում լրջագույն խնդիրներ քննարկելու, բայց ես ինքս չեմ կարող այս պահին ողջ կուսակցության անունից նման հայտարարություն անել: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստորագրությունների հիմնական մասը ԲՀԿ-ն պետք է ապահովի՝ 44 ստորագրություն: Վաղը կուսակցության քաղխորհրդի նիստում մենք կքննարկենք այդ հարցը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԱՆՊԱՅՄԱՆ նաև ընտրովի «Մարզային Ժողով» և ընտրովի մարզպետ: Այսօր Հայաստանում մարզային քաղաքական համակարգը ՍԽԱԼ է:

    Նաև կրճատել մարզերի թիվը մինչև 5-ի՝ Արարատ,Շիրակ,Լոռի,Գեղարքունիք,Սյունիք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031