Պատասխան Միքայել Հայրապետյանի «Առավոտ» օրաթերթի «Շրջահայեցություն՝ փոթորկից առաջ» հրապարակմանը
Դուք լացի սովոր եւ հանուն լացի
Պատրաստ եք ողջ-ողջ ինձ հրին հանձնել,
Կարդացեք նաև
Կենդանի այրել,իսկ հետո ողբալ,
Հերոսի պատւին կենացներ ասել:
Պարոյր Հայրիկեան, 11.03.88
Միքայել, մեր բարեկամությունը բավարար է, որպիսի «դու»-ով դիմեմ: Այսպես ավելի դյուրին և անկեղծ կլինի մեր հրապարակային խոսակցությունը` մեր անփոփոխ իրավիճակի հարցերի հարցը հասկանալու համար: Կամ ինչպես դու ես ասում` «երկու տասնամյակ մեզ վտիտ լեգիտիմությամբ պետականություն պարտադրողների» հարցում` գոնե մեր իսկ շների թաղված գլուխների գերեզմանատունը բացահայտելու համար: Հուսով եմ:
Ասում ես. «արդարադատ լինելու դեպքում պետք է արձանագրենք, որ այս անգամ, թեկուզ չնայած մրցակցային ոգու բացակայությանը՝ ծեծ, ջարդ, սպանություն, առեւանգումներ կարծես թե չեղան, այս անգամ լրատվամիջոցները որոշակի պարիտետ պահպանեցին»:
Ուզում ես ասել, թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին Երևանի կենտրոնում իմ և քո աչքի առաջ չգնդակահարեցի՞ն:
Ուզում ես ասել, թե պուտինյան (այսուհետ` օկուպանտի) արտոնագրով ներկայացված կոլաբորացիոնիստների հայրենասիրական կենացների և խոստումների ստոր խաբեության համեմատ մրցակցային չէ՞ր Պարույր Հայրիկյանի` Հայաստանի դեօկուպացիայի ծրագիրը և առաջարկվող կատարյալ ժողովրդավարության մոդելը:
Ուզում ես ասել, թե մեր լրատվամիջոցները պարիտետի պահպանման գործո՞վ էին զբաղված նույնիսկ այն ժամանակ, երբ օկուպանտի երկրորդական նշանակության խոսնակ Նիկոլայ Բորդյուժան հրահանգեց` թե «տեղի ունեցածը մահափորձ չէ»:
Ուզում ես ասել, թե մահափորձի փաստը հայաստանյան կայծակնային կողմնորոշմամբ չփոխարինվե՞ց քստմնելի կասկածների հրապարակային հերյուրանքներով: Չփոխարինվե՞ց ինքնամահափորձի տիրաժավորված բամբասանքներով: Չփոխարինվե՞ց կոլաբորացիոնիստների ռեժիմին ծախվելու զրպարտչության հիստերիայով:
Ուզում ես ասել, թե «պարիտետ պահպանող մեր լրատվամիջոցները» մաս չկազմեցի՞ն տապալված մահափորձը չեկիստական շանտաժով փոխարինելու ահաբեկչությանը, որն անգամ Պարույր Հայրիկյանի քաղաքական մեկուսացումով հանդերձ, շարունակվեց և շարունակվում է հրապարակային վարկաբեկման հաշվեհարդարով:
Ուզում ես ասել, թե գործողության մեջ դրված այս քստմնելի ահաբեկչության մաս չէ՞` հանրային օրակարգը բռնազավթած հարյուրակային խունտան, մաս չե՞ն այս խունտայի ստորաբաժանումներն ու անհատ դերակատարները.
Գործող ու նախկին նախագահները, գործող ու նախկին խորհրդարանականները, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները, իրավապաշտպանական և մնացյալ քաղաքացիական կազմակերպությունները, շարժումներն ու նախաձեռնությունները, իրար դեմ ելած ու շնակռիվ տվող պալատական մտավորականները:
Գնահատում եմ «մեզ վտիտ լեգիտիմությամբ պետականություն պարտադրողների» դեմ ընդվզումդ և մտահոգությունդ եմ ընկալում, որ «իշխանության լեգիտիմությունը մեր տարածաշրջանի պարագայում նշանակում է պետության լեգիտիմություն»: Այուամենայնիվ ցանկանում եմ հարցնել. այսինքն մենք ոչ թե գաղութ, այլ զարգացող ժողովրդավարությո՞ւն ենք և մեր հարցերի հարցը պետության լեգիտիմությամբ պայմանավորված Սերժ Սարգսյանին լեգիտիմությամբ օժտե՞լն է:
Ասում ես «պարտ ենք շնորհավորել նախագահական մրցավազքի առաջատարներից պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին, որ մեր բարբարոս եւ վայրի ընտրական միջավայրում, որպես լավ որմնադիր, անշրջելիորեն դրեց քաղաքակիրթ պայքարի անկյունաքարեր, պարտ ենք շնորհավորել պարոն Պարույր Հայրիկյանին, որ ամենածայրահեղ իրավիճակում անգամ թույլ չտվեց, որ իրեն օգտագործեն Հայաստանի ժամացույցի ընթացքը ոչ Հայաստանից տնօրինելու նպատակով: Եվ լավ կլիներ, որ բոլորը միասին, հետեւելով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների oրինակին, շնորհավորեին նաեւ պարոն Սերժ Սարգսյանին, որ կարողացավ եզակի անգամ առանց ատելության մթնոլորտի ընտրություն կազմակերպել»:
Ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, այլև մյուս թեկնածուներից յուրաքանչյուրն, այո, որպես լավ որմնադիր, անշրջելիորեն դրեց անկյունաքարեր, բայց ահաբեկչության մասնակցության և ահաբեկչությունը խրախուսելու անկյունաքարեր դրեց: Այս շարունակվող ահաբեկչության թիրախում, Պարույր Հայրիկյանի հետ միասին, շարունակում են մնալ նրան ընտրած քաղաքացիները, պաշտոնապես արձանագրված 18096 հոգին և արձանագրման պատվին չարժանացած տասնյակ հազարները:
Հունվարի 31-ի տապալված մահափորձով` գործողության դրված ահաբեկչությունը ուժի մեջ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Պարույր Հայրիկյանը չի «միացել» Րաֆֆի Հովհաննիսյանի ֆիդայապետական ու նորին կրեմլասիրության արշավին կամ չի «շնորհավորել» Սերժ Սարգսյանին, որոնց անհաջող և մերկապարանոց փորձերն են արվում կոլաբորացիոնիստների թե պալատական և թե փողոցային իշխանությունների ճամբարներից, որպես հետընտրական թնջուկի թավշյա լուծում և ահաբեկչության քողարկում:
Փաստորեն ի՞նչ է ստացվում, Սերժին շնորհավորելու կամ Րաֆֆիին միանալու ծուղակով Պարույր Հայրիկյանն ընդհանրապես ընդունո՞ւմ է օկուպանտի և մասնավորապես ահաբեկիչների կողմից թելադրված խաղի կանոնները: Նաև ընդունում է քառասունամյա վաղեմությամբ պարտադրված մեղայականը և իրականացնո՞ւմ է ԿԳԲ-ի չստացված ծրագիրն ու բաղձալի երազանքը:
Ի տարբերություն պալատական և փողոցային իշխանությունների գլադիատորական համակեցությամբ մեզ պարտադրված ֆիդայապետության, Պարույր Հայրիկյանի ճանապարհն այս էլ քառասուն տարի, անկախ և ինքնիշխան Հայաստանն է: Սա միթե՞ ակնհայտ չէ գոնե քեզ համար, Միքայել:
Խոսքիդ մխիթարականն այն է, որ ի դեմս քեզ, վերջապես գոնե մեկը, հրապարակավ ծաղրելու փոխարեն, արձանագրեց, որ Պարույր Հայրիկյանն «ամենածայրահեղ իրավիճակում անգամ թույլ չտվեց, որ իրեն օգտագործեն Հայաստանի ժամացույցի ընթացքը ոչ Հայաստանից տնօրինելու նպատակով»: Իսկ Սերժ Սարգսյանի լեգիտիմությամբ օժտելու հոգսդ զուր է և ջանքերդ` ավելորդ. եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրան ուղեկցող դաշնակցությունն ու մյուս դաշնակցականացվածները շնորհավորանքներ հղեն ծնկի գալու արարողությամբ, ինչպես ընդունված է համբյուրն առ պետական դրոշ, միևնույն է, Սերժ Սարգսյանի ընտրությունը կատարված է մրցակցի գնդակահարության հետևանքով և այս հանգամանքը, որքան էլ ջայլամություն անենք ու կոծկելու լինենք, այնուամենայնիվ արձանագրված փաստ է:
Միթե՞ չենք նկատում, որ արդեն մոռացության տալու ահաբեկչությամբ` Պարույր Հայրիկյանի խնդիրը միայն իր և մերձավորների խնդիրն է դարձել: Միթե՞ չենք նկատում, որ բուժման պատրվակով հերթական անգամ մեկուսացվել է Պարույր Հայրիկյանը: Միթե՞ չենք նկատում բուժումն իրականացնող գերատեսչության խայտառակ լռությունը բուժման ընթացքի և արդյունքների մասին: Միթե՞ չենք նկատում քրեական գործը վարող մարմնի քար լռությունը հետաքնության ընթացքի վերաբերյալ: Այս պայմաններում, միթե՞ չենք նկատում, որ անվտանգության նկատառումների աչքակապությամբ` հերթական անգամ փաստացի կալանքի մեջ է Պարույր Հայրիկյանը: Արդյոք որևէ մեկը, օրինակ, ես կամ դու, Միքայել, հարց տվե՞լ ենք, բարձրաձայնե՞լ ենք երբևէ.
ո՞վ է հոգում մահափորձի բացահայտումը, ո՞վ է հոգում հիմա նրա բուժման և անվտանգության գործը:
Արդարադատ լինելու դեպքում պետք է արձանագրենք, որ եթե այս հարցերի հանրային օրակարգը ստեղծելու խիզախումն ունեցանք, համահայկական չեկիստության հիստերիայի փոթորիկներից անկախ, ափի մեջ տեսանելի կլինեն քսանից ավելի տարիներ ձգվող մեր անփոփոխ իրավիճակի հարցերի հարցի թե պատասխանը և թե մեր շների թաղված գլուխներով գերեզմանատունը:
Գեորգի ՎԱՆՅԱՆ