Լրահոս
Օրվա լրահոսը

Ով, որտեղ, երբ սպանեց երկու զինվորներին

Մարտ 04,2013 17:39

mataxis-ardaracvacner mataxis-dataxaznerՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, դատավորներ Գագիկ Ավետիսյանի եւ Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ այսօր սկսվեց ՊՆ Մատաղիսի զորամասի զինվորներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի արդարացման դատավճռի դեմ զինվորական դատախազության եւ սպանված զինվոր Ռոմա Եղիազարյանի մոր՝ տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Արդարացման դատավճիռը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Դատարան էր ներկայացել նաեւ 2003թ. դեկտեմբերի 24-ին սպանված մյուս զինվորի՝ Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը: Ի դեպ, վերջինն ընդհանրապես դեմ էր մեղադրանքի կողմի փաստարկներին: Իսկ մեղադրանքի կողմը պահանջում էր բեկանել Շիրակի մարզի դատարանի կայացրած դատավճիռն ամբողջությամբ, քանի որ ըստ դատախազներ Հարությունյանի եւ Շահինյանի, դատարանն ակնհայտ անհիմն դատավճիռ է կայացրել:

Փաստաբան Հայկ Ալումյանը, որը Ստեփան Ոսկանյանի հետ ներկայացնում էր արդարացվածների պաշտպանությունը, տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանին հորդորեց, որպեսզի օգտագործի ոչ թե «այս երեք մարդասպանները» բառակապակցությունը, այլ «արդարացվածներ»:

Հայկ Ալումյանը 16 էջից բաղկացած առարկություններ ներկայացրեց դատարանին, հայտնելով, որ նախաքննությունն իրականացրած մարմինը 2003թ-ից դեռ նոր ապացույց չի բերել, չի պարզել, թե դեպքի վայրը որտեղ է եղել՝ զորամասի՞ց դուրս, ջրամբարո՞ւմ, որտեղից գտնվել են սպանված զինվորների դիակները:Նա նաեւ տեղեկացրեց, որ նախաքննությունը ինքնախոստովանական ցուցմունքներ է կորզել Ռազմիկ Սարգսյանից, որի դեմքը տեսանկարահանված կադրում երեւում է, ոչ թե «չաղ է», այլ ծեծից ուռած:

Այս գործով փաստաբանն ուշադրություն դարձրեց եւս մի ինքնախոստովանական ցուցմունքի վրա՝ Արման Գրիգորյանի, որն ասել է, թե ինքն է մասնակցել զինվորների սպանությանը եւ տվել էր 4 զինվորների անուններ: Նախաքննության մարմինը ըստ փաստաբանի բավարվել է Ռազմական ոստիկանության պետի եւ ԱԱԾ գրություն ուղարկելով, մինչդեռ չեն կատարվել մի շարք կարեւոր գործողություններ.որոշել տուժողների հարբածության մասին, դեպքի վայրը, շարժառիթը, ժամանակը, վկաների հայտնած կարեւորագույն տեղեկությունները: Մեկ վկայի՝ Էդիկ Հարությունյանի անչափահաս աղջկա նկատմամբ ձերբակալություն է անգամ եղել:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ ապացուցված չէ երեք զինվորներին առաջադրված մեղադրանքը:

Այս գործը 2004թ-ից կտրուկ ընթացք է ունեցել.15 տարվա ազատազրկում, ցմահ ազատազրկում, ապա վճռաբեկ դատարանը այն ժամանակ զինվորական եւ քրեական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի նախագահությամբ գործը ետ ուղարկեց, կալանքը փոխվելով, եւ ազատ արձակվեցին երեք զինվորները:

Հրապարակվեցին վկաներից մի քանիսի ցուցունքները, որոնք ապացույց են ճանաչվել: Համաձայն վկաների, ջրամբարում, որը «Ջրաչափի շինություն» անվամբ էր հայտնի, երեք զինվորները տնից ստացած հացն են կերել: Այնտեղ, «գաղտնի» ուտելու եւ շարժառիթ դարձած վեճի մասին խոսել չէր կարելի, քանի որ ըստ վկաների, ամեն ինչ եղել է տեղում, պահածոն, մանդարինի կլեպները, գարեջրի շիշը, արյուն չի եղել, քաշքշոցի հետք, իսկ 5 հոգով վեճ հնարավոր չէր նշված տարածքում, քանի որ սպանվածների ձայները լսվել են զորամասի կողմից, ոչ թե կիսակառույցի, որը դարձրել են դեպքի վայր:

Գոհար Մելքոնյանն ասաց. «Որդուս սպանել եւ ջուրն են գցել: Իմ համար մարդասպանները իրենք են: Առաջարկում եմ արտաշիրիմում, քանի որ Ռազմիկ Սարգսյանի տված ցուցմունքները համապատասխանում են մեղադրանքին: Անցել են տարիներ, վկաների կեսը կաշառվեց, կեսը վախեցան: Ո՞վ խոշտանգեց որդուս»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 25-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031