«Այլեւս պետք է ընդունել, որ հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը 58% եւ ավել ձայներով, իսկ ընդդիմության կազմակերպած միտինգները պետք է հանդարտեցման գործընթաց ունենան եւ կարծես թե դրան էլ գնում է, որովհետեւ ամեն անգամ մասնակիցների թիվը նվազում է»,-այսօր «Ֆորում» ակումբում հետընտրական գործընթացների մասին նման կարծիք հայտնեց «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության համանախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը:
Հարցին, թե այսօրվա պայքարում որքանով են անկեղծ ընդդիմությունն ու իշխանությունը եւ հանուն ինչի է պայքարը, պարոն Վարդապետյանը նախ նշեց, որ անկեղծությունը քաղաքական կատերգորիա չէ, եւ եթե ինչ որ բան է քննարկվում, յուրաքանչյուրն ուզում է ավելի շահեկան դուրս գալ. «Այս դեպքում ավելի շատ կամակորություն է դրսեւորում ընդդիմությունը, կապված խորհրդարանը ցրելու հետ»: Իսկ խորհրդարանը ցրելը եւ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելը, ըստ Տաճատ Վարդապետյանի, փոխզիջում չէ, այլ` սահմանադրության խախտում:
Հարցին էլ, թե ի՞նչ կարծիք ունի պարոն Վարդապետյանը ՕԵԿ-ի պատգամավորներից մեկի այն հայտարարության մասին, որ
քաղաքացիները պետք է ձերբազատվեն հոգնած դեմքերից, որոնք լճացել են իրենց ոլորտում, ՀՀԿ-ի անդամը Տերյան արտասանեց. «Ես բոլոր դեմքերի մեջ ժպիտ եմ որոնում: Ինչպես Տերյանն էր ասում՝ հայացքը հառած լուսեղեն հեռուն, ուզում եմ, որ բոլորը վառեն իրենց երգերը որպես դրոշակ… Բոլորի մեջ լավատեսություն եմ տեսնում չեմ ուզում նկատել հոգնած դեմքերը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է վերջերս պետհամալսարանում դասադուլավորների դեմ ջավախքցիներին «դեմ տալուն» եւ ջավախքցի ուսանողներին ռեկտորի օգնականի` «Զորքը բերեք» արտահատությանը, «Վիրահայերի միասնության» համանախագահն ասաց, որ զրուցել է ռեկտորի օգնականի հետ, վերջինս զորք ասելով նկատի է ունեցել ոստիկաններին, իսկ առհասարակ դասադուլները պարոն Վարդապետյանը մերժում է. «Կարծես թե շահարկվում էր մի բան, փորձելով ջավախքցիներին ներքաշել ոչ ճիշտ գործընթացի մեջ, մարդիկ ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ, շահարկելով այն իրողությունը, որ ջավախքցին իր խառնվածքով տաքարյուն է եւ նամուսի ու թասիբի զգացողությունը բարձր է: Պարզապես փորձեցին ներքաշել՝ հաշվի առնելով նրանց տաքարյունությունն ու ասպետական խառնվածքը, բայց կարծես թե նպատակին չծառայեց»:
Հարցին, թե այսօր ԲՈՒՀ-երը քաղաքականացված են եւ կարիերիստ երիտասարդ ուսանողներ շատ կան, այս դեպքերը դրանց հետեւանքն են, պարոն Վարդապետյանն ասաց, որ որեւէ քաղաքական կուսակցությանը հարելը վատ բան չէ, եւ դա կարիերիզմ չէ:
Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ուսանողներին ստիպելով տարել են ՀՀԿ-ի հանրահավաքներին, իսկ դասադուլներին ու ընդդիմության հանրահավաքներին միանալու դեմ ԲՈՒՀ-երի ղեկավարներն ու օգնականները պայքարում են, պարոն Վարդապետյանն ասաց. «Հանրապետականի հանրահավաքները նպատակաուղղված չեն ընդդեմ որեւէ ուժի կամ պետական կառավարման համակարգի, եւ եթե անգամ ՀՀԿ հանրահավաքները միտված են դասադուլով կանխորոշվելու, ես դեմ եմ: Մնացած բոլոր հանրահավաքները, եթե դա նպատակ ունի հայրենիքին ծառայելու, միանշանակ անկախ քաղաքական ուժի պատկանելությունից, դրական եմ համարում: Ես չեմ տեսել, որ ստիպելով տանում են հավաքներին»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ