«Ինտերնացիոնալիստ-մարտիկների կոմիտեն» ավելի քան 20 տարի է, ինչ անհետ կորած զինծառայողների որոնում է իրականացնում։
«Ինտերնացիոնալիստ-մարտիկների կոմիտեի»աշխատանքների շնորհիվ 2013թ.-ի փետրվարի 23–ին Գերատ աֆղանական գավառում հաջողվել է գտնել ողջ մնացած նախկին խորհրդային զինվորի, որը Աֆղանստանի պատերազմական գործողությունների ընթացքում (1979–1989 թթ.) անհետ կորած էր համարվում։
Այս իրադարձության մասին ավելի մանրամասն «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամրջի ձևաչափով մուլտիմեդիային ասուլիսի ժամանակ` Աստանայի, Կիևի, Քիշնևի միացմամբ պատմեցին «Ինտերնացիոնալիստ-մարտիկների կոմիտեի» նախագահ, Խորհրդային միության հերոս Ռուսլան Աուշևը եւ «Ինտերնացիոնալիստ-մարտիկների կոմիտեի» փոխնախագահ Ալեքսանդր Լավրենտևը։
Ռուսլան Աուշևն իր խոսքում նշեց, որ Աֆղանստանից խորհրդային զորքերի սահմանափակ համակազմի դուրս բերման պահին անհետ կորածների ցուցակում ընդգրկված էր ԱՊՀ երկրներից շուրջ 300 մարդ։ Այսօրվա դրությամբ նրանց թիվը կրճատվել է` դառնալով մինչև 263 մարդ, որի կեսը` Ռուսաստանից։ Սակայն որոնումը շարունակվում է, Աֆղանստանի տարածքում ամփոփված զոհված խորհրդային զինվորների էկսգումացիա է իրականացվում, նրանց աճյունները հայտնաբերվում և վերաթաղվում են Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։
«Որոնումների ընթացքում մենք գտել ենք 29-ը նախկին զինծառայողներ, որոնցից 20-ը ողջ և առողջ վերադարձել են տուն: Իսկ նախկին զինծառայողներից 7-ը ապրում են Աֆղանստանի տարածքում»,- ասաց Ռուսլան Աուշևը:
«Ինտերնացիոնալիստ-մարտիկների կոմիտեի» փոխնախագահ Ալեքսանդր Լավրենտևը, ով անձամբ եղել է Աֆղանստանում և մասնակցել որոնողական աշխատանքներին պատմեց, որ ուղղակի անհավատալի էր, թե այդքան մեծ դադարից հետո վերջապես կարողացան գտնել մի ողջ մնացած մարտիկի: Այդ մարտիկի որոնաղական աշխատանքները տևել են մեկ տարի: Գտնվողը ազգությամբ ուզբեկ Բախետիմ Հաքիմովն էր: Լավրենտևը նաև ասաց, որ Աֆղանստանի ժողովուրդը շատ բարեհամբյուր է եղել և օգնել է որոնման հարցում:
Ինչ վերաբերում է հայ մարտիկներին Ռուսլան Աուշևը ասաց, որ անհետ կորածների ցուցակում կա մեկ հայ, ով ցավոք դեռ չի գտնվել, բայց Մոսկվայում է նրա եղբայրը և կոմիտեն պետք է արյան անալիզներ վերցնի, որպեսզի օգտագործի հետագա որոնումների համար:
«Այս մարդկանցից շատերը մահացած են, ոմանք այրվել են ինքնաթիռներում, ոմանք խեղդվել են, սակայն չկան նրանց մարմինները: Մենք կշարունակենք որոնումները մինչև գտնենք մահացածների մասունքները, իհարկե շատ դեպքերում դա հնարավոր չի լինի, բայց մենք կփորձենք…»,- ասաց Ալեքսանդր Լավրենտևը:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ