Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ (Ռումինիա,Եգիպտոս, Ֆրանսիա, Լիբանան) Ռումինիա

Մարտ 04,2013 16:36

Մարտի 3-ին Բուխարեստի Միքայել եւ Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սումգայիթի ողբերգության նահատակների հիշատակին մատուցվեց պատարագ եւ հետպատարագի հոգեհանգստի արարողություն` Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի նախագահությամբ եւ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց միության ներկայացուցիչների, մեծ թվով ռումինահայերի մասնակցությամբ:

Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինահայոց միության եւ Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին:

Արարողությանը հաջորդեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ խոսքով ներկաներին դիմեցին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը եւ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը:

Դեսպան Գասպարյանը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի հանդեպ տարբեր ժամանակներում իրագործված ոճիրներին, ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի առջեւ ծառացած նորօրյա մարտահրավերներին, մասնավորապես` Ադրբեջանի կողմից լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը, որի մեջ, հսկայական ռեսուրսներ ներգրավելով, փորձ է արվում այլ երկրներում եւս խեղել դարերով ձեւավորված հայի դրական կերպարը, պատմահենությամբ եւ փաստերի խեղաթյուրմամբ հասնել տվյալ երկրներում սեփական ոճիրների քողարկմանն ու հասարակական կարծիքի փոփոխությանը` ի վնաս հայ ժողովրդի։ Այս առումով ՀՀ դեսպանը կոչ արեց ռումինահայերին համախմբվել եւ ակտիվ մասնակցություն ունենալ հայ ժողովրդի առջեւ ծառացած վերոնշյալ մարտահրավերների դիմագրավմանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին բաժանվեցին նաեւ սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցի խորհրդով Ռումինիայի Հայոց Միության կողմից պատրաստված «Սումգայիթ-25» վերտառությամբ տեղեկատվական գրքույկներ։

Անցյալ շաբաթ Բուխարեստի ռումինալեզու «Ararat» հանդեսը հանդես էր եկել պատմության կեղծարարների դեմ սուր արձագանքներով եւ հիմնավոր փաստարկումներով, ռումին լրատվամիջոցներին եւ վերլուծական շրջանակներին տրամադրել տեղեկատու նյութեր:

Եգիպտոս

Մարտի 3-ին Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն` նվիրված Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Պատարագի ավարտից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եգիպտահայ համայնքի հոգեւոր հայրերի, թեմական եւ քաղաքական ժողովների ղեկավարության, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ զետեղեց եկեղեցու բակում գտնվող հուշարձանի առջեւ` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:

Ֆրանսիա

Մարտի 2-ին Ֆրանսիայի Իզեր նահանգի ֆրանսահայ համայնքային կառույցների համատեղ նախաձեռնությամբ եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Գրենոբլ քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված երեկո։

Միջոցառման առաջին մասում ցուցադրվեց «Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմը` հեղինակ Մարինա Գրիգորյանի ներկայությամբ, որից հետո ներկաները հնարավորություն ունեցան նրան հարցեր ուղղելու։

Երեկոյի երկրորդ մասը նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին, որի ընթացքում բանախոսները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի արդի փուլը, Արցախի հերոսական ժողովրդի երեկն ու այսօրը, իղձերն ու ակնկալիքները։

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Լիբանան

Մարտի 3-ին Լիբանանի հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական բոլոր եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ եւ կազմակերպվեցին հոգեհանգստյան արարողություններ` նվիրված սումգայիթյան եղեռնագործության 25-րդ տարելիցին:

Լիբանանում ՀՀ դեսպանության եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի Կենտրոնական մարմնի համատեղ նախաձեռնությամբ Սբ. Նշան եկեղեցու սրահում կազմակերպվեց սումգայիթյան եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Հակոբ Գերգերյանը, Մերձավոր Արեւելքում ԼՂ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը եւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը: Բանախոսներն անդրադարձան սումգայիթյան ջարդերի մանրամասներին, շեշտեցին միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունների եւ ջարդերի համապատասխան գնահատականի ու դատապարտման անհրաժեշտությունը:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ «Արցախի ժողովրդի քաղաքակիրթ  եւ օրինական յուրաքանչյուր գործողությանը՝ սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին,  հետեւում  էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, տնտեսական շրջափակում: Սումգայիթում հայերի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված ջարդերը ամենադաժան էթնիկ զտումների եւ տեղահանման քաղաքականության դրսեւորում էր: Միջազգային հանրությանը վերջնականապես եւ մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Ադրբեջանում ապրող հայ ազգաբնակչության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: 25 տարի հետո մենք խոնարվում ենք սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջեւ եւ համոզմունք հայտնում, որ հայերի հանդեպ կատարված հանցագործությունները, աննկարագրելի դաժանություններն ու եղեռնագործությունը կարժանանան համապատասխան գնահատականի եւ կդատապարտվեն ողջ մարդկության կողմից»:

Միջոցառմանը ներկա էին հայկական կուսակցությունների եւ ազգային կառույցների ղեկավարները, լիբանանահայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031