Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ միջազգային հանրությանը՝ հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ ժողովրդին

Մարտ 04,2013 16:04

Հարգելի պարոնայք և տիկնայք՝ պետությունների ղեկավարներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք անառարկելիորեն արտահայտեցին իշխանությունների նկատմամբ քաղաքացիների անվստահությունը:

Ընտրություններն ուղեկցվել են կոպտագույն իրավախախտումներով` վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, այդ թվում` առցանց տեղադրված տեսանյութեր:

Լրագրողների, դիտորդների և այլ անձանց նկատմամբ բռնությունների փաստերով 2012 թ. փետրվարի 28-ին իր մտահոգությունն է հայտնել նաև Էմնեսթի Ինթերնեշնլը և պահանջել մարդու իրավունքների և ընտրական իրավունքի խախտման դեպքերի ամբողջական քննություն:

Լայնածավալ ընտրախախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որի մասին վկայում են ինչպես տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված վերլուծություններն, այնպես էլ 2013թ. մարտի 2-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից հրապարակված Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ 3-րդ միջանկյալ զեկույցում արտացոլված մտահոգությունները:

Նախագահական ընտրություններից հետո երկրով մեկ ծավալվող զանգվածային ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության դրսևորումներն իրենց հերթին ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները չեն հավատում կայացած ընտրությունների օրինավորությանն ու այլևս չեն ցանկանում հանդուրժել ընտրակեղծիքներով ձևավորվող որևէ մեկի իշխանությունը:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, ընտրություններն ավարտվում են Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման հրապարակմամբ, իսկ սահմանադրական դատարան չդիմելու դեպքում՝ սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետի լրանալով: Ընդ որում, ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությունների մեջ են մտնում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը, որևէ թեկնածուին ընտրված ճանաչելը, ընտրությունները չկայացած ճանաչելը կամ ընտրության երկրորդ փուլ նշանակելը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված ժամկետները չլրանալու պարագայում ընտրություններին մասնակցած որևէ թեկնածուի շնորհավորելը մեզ համար անհասկանալի է և չհիմնավորված, առավել ևս, երբ արվում է ընտրակեղծարարությամբ իշխանությունը վերազավթած թեկնածուի պարագայում, և երբ դրանում ներգրավվում են ժողովրդավարական համարվող պետությունների ղեկավարները կամ ժողովրդավարական արժեքներ խթանող կառույցների ներկայացուցիչները` ակնհայտորեն հետապնդելով քաղաքական նպատակներ և կիրառելով երկակի ստանդարտներ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ազգային շահերին հակասող նմանօրինակ գործելաոճը մենք դիտում ենք որպես հարված ժողովրդավարական պետություն կերտելուն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ջանքերին: Վիճելի ընտրությունների արդյունքում «հաղթած» բռնապետերին հապճեպ շնորհավորելու այս պրակտիկան անթույլատրելի է, քանզի այն կրկին կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, ինչպիսիք էին 2008 թվականի հայաստանյան նախագահական ընտրություններին հաջորդող աղետալի իրադարձությունները:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պահանջում ենք պահպանել միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ հարգանքը և մեր պետության հետ հարաբերություններում հետևել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին: Նաև հորդորում ենք 2013թ. նախագահական կեղծված ընտրությունները տարածաշրջանային ժամանակավոր շահերի սպասարկման նպատակով լեգիտիմացնելով` չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժողովրդավարական պետություն կերտելու իղձերի իրականացմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ

 Ներկայումս կոչին միացել են ավելի քան 470 քաղաքացի:

Կոչն առկա է առցանց և բաց է նոր ստորագրությունների համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Համոզված եմ, որ մինչև ամսվա վերջ 470 քաղաքացու ցուցակը կբազմապատկվի հազարով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031