2012թվականին Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկություններում թողարկված արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 10,5 %-ով, որն ընթացիկ գներով կազմել է շուրջ 196 մլրդ դրամ: «Սյունիքի մարզում արտադրվել է մոտ 1353.5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, սպառվել է շուրջ 44.8 մլն խ.մ գազ, որը 11.2%-ով ավելի է, քան 2011 թվականին», – Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ 2012թ-ին ոլորտում կատարված աշխատանքներն ամփոփ ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2012թ.-ի գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ներկայացնող իր հաշվետվությունում:
Մարզպետարանի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն` նախնական արդյունքներով իրացվել է ավելի քան 185. մլրդ դրամի պատրաստի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 3.14 մլրդ դրամ, իսկ այլ երկրներում՝ 95.5 մլրդ դրամ:
Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծավալների շուրջ 10.5% աճը պայմանավորվում է հանքագործական արդյունաբերության վերելքով` մետաղական հանքաքարերի արդյունահանման ավելի քան 9.8% և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության` 13.4% աճով: «Արդյունաբերական արտադրանքի ծավալում գերակշիռ մաս է կազմում հանքագործական (լեռնահանքային) արդյունաբերական արտադրանքի ծավալը` նախնական տվյալներով շուրջ 167.0 մլրդ դրամ կամ 85.2%: Առկա հումքային, տեխնոլոգիական, կադրային ներուժի և իրացման կայուն շուկայի առկայության պայմաններում այս ճյուղը մարզի տնտեսության մեջ տևական ժամանակ կպահպանի իր առաջնային դերը»,-նշված է պաշտոնական տվյալներում:
Անցած տարվա ընթացքում մարզի արդյունաբերության համախառն արտադրանքի 9.9 %-ն էլ բաժին է ընկել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանը, իսկ մյուս ճյուղերի արտադրանքի ընդհանուր ծավալը չի գերազանցում 4.9%-ը:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, 2012 թվականին հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքի շուրջ 19.0%-ը բաժին է ընկել Սյունիքի մարզի արդյունաբերական կազմակերպություններին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ