«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանի խոսքով` անցած որսաշրջանի ընթացքում որսահանդակներում մի քանի անգամ հանդիպել է տեսուչների, որոնց նախկինում երբեւէ չէր հանդիպել: Սակայն, ինչպես նշեց բանախոսը, անցած որսաշրջանը բավականին հետաքրքիր եւ արդյունավետ է եղել:
«Տարիներ շարունակ մենք որս ենք արել ու քիչ է եղել, որ տեսուչ հանդիպենք, համարյա թե չեմ հիշում այդպիսի դեպք»,- այսօր, «Տեսակետ» ակումբում, ամփոփելով անցած որսի շրջանն, ասաց Է. Սարիբեկյանը:
Ըստ «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության անդամի` որսահանդակներում տեսուչների առկայության փաստն ուրախալի է, բայց` ոչ բավարար:
Կարդացեք նաև
Անդրադառնալով որսագողության դեպքերին` պարոն Սարիբեկյանը նշեց, որ դրանց թիվը անցած տարում բավականին զգալի է եղել: Որպես ապացույց` օրինավոր որսի կողմնակիցը նշեց մի դեպք, երբ որսի շրջանից առաջ համացանցում էր հայտնվել վայրի լորի վաճառքի մասին հայտարարություն:
«Կան էնպիսի մարդիկ, որոնք, դեռ որսասեզոնը չսկսած, արդեն լոր էին վաճառում: Էդ սեզոնին ոչ միայն չպետք է կրակեին լորերին, այլեւ այնքան շատ էին կրակում, որ առաջարկում էին դրանց վաճառքը»,- ասաց Է. Սարիբեկյանը` ընդգծելով, որ որսագողերի հետ պատրաստ են նույնիսկ ձեռնամարտի բռնվել:
Կոնկրետ որսագողերի հանդիպե՞լ եք հարցին` «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամը կարճ պատասխանեց.
«Այո, հանդիպել եմ, կռիվ ենք արել»:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյո՞ք որսահանդակներում տեսուչների բավարար առկայությունը վերջ կդնի որսագողությանը, Էդուարդ Սարիբեկյանը պատասխանեց. «Ցանկացած երեւույթ, որպեսզի իրականություն դառնա, դրա համար անհրաժեշտ եւ բավարար պայմաններ են պետք: Անհարժեշտ է, որ էդ մարդիկ էնտեղ լինեն: Այլ բան է, որ տեսչություն կա, մի այլ բան է, որ այն սրտացավ է: Այստեղ համակարգային մոտեցում է պետք»:
Որպես հարցի լրացում` Է. Սարիբեկյանը նշեց որսով հարուստ Կանադայի օրինակը, որտեղ որսորդական տնտեսությունների եւ որսի կազմակերպման համար պատասխանատու են տեղական ինքնակառավարման մարմինները: Բանախոսի կարծիքով` տեղական ինքնակառավարման մարմինները, որպես կանոն, ավելի սրտացավ են իրենց հսկողության տակ գտնվող տարածքի համար:
Աշոտ ԱԹԱՅԱՆ