«Ռուս–հայկական երկխոսություն. քաղաքական և հումանիտար ձևաչափեր» թեմայի շրջանակներում տեսակամուրջի մասնակիցները քննարկեցին ընտրությունների արդյունքները, գերակա երկկողմ նախագծեր, մեր երկրների համար կարևոր մարդասիրական ոլորտի համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի ինտեգրման հեռանկարները Եվրասիական տնտեսական տարածքում։
«Չորրորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը առաջին փուլով հավաքեց ձայների մեծամասնությունը, և այսօր էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնաց անփոփոխ: Ռուսաստանի հետ շարունակելու են զարգանալ ռազմավարական հարաբերությունները, որի մասին ասել է նաև Սերժ Սարգսյանը»,-այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, հավելելով, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք կշարունակի զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, ինչպես նաև կշարունակի խորացնել հարաբերությունները հարևան երկրների հետ:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը քննարկման ընթացքում ասաց, որ ով էլ ընտրվեր ՀՀ նախագահ, միևնույն է, շարունակելու էր պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը կախված չէ անձերից, և այդ հարաբերությունները պայմանավորված են Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով: Ռուսաստանի դերն անփոփոխ է Հայաստանի համար, ինչպես նաև Հայաստանն ունի իր կարևորությունը Ռուսաստանի համար Հարավային Կովկասում»,-ասաց Իսկանդարյանը:
Մոսկվայի հյուրերից ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը (լուսանկարում), խոսելով ներկայիս ՀՀ ներքաղաքական և հետընտրական զարգացումներից, ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց ձայներն է տվել ընդդիմադիր էլեկտորատը, և որ թեկնածուն ինքն անգամ նման արդյունքների չէր սպասում. «Մենք չենք ցանկանում հեղափոխություն Հայաստանում և ցանկություն ունենք, որպեսզի այս իրավիճակը, որը կա Հայաստանում, շուտափույթ լուծվի: Նախագահ Ս. Սարգսյանը մարտի 12-ին կժամանի Մոսկվա, և որքանով, որ ես եմ տեղյակ, հանդիպումը բավականին հագեցած է լինելու»,-ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Պատմաբան, գրող, Կովկասի փորձագետ Անդրեյ Եպիֆանցևն իր խոսքում նշեց, որ Մոսկվան կցանկանար տեսնել Հայաստանին թե՛ Մաքսային միությունում, և թե՛ Եվրասիական միությունում, սակայն Հայաստանը այս հարցերում շարունակում է լռել:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ